հինգշաբթի, 8 օգոստոսի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Ելնելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը որոշեց ստեղծել «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ», հաստատվեցին նաև նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կազմում ստեղծվեց «Կենսառեսուրսների կառավարման գործակալություն»՝ պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, հաստատվեցին գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը:
Հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացուն անձնագիր տալու համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքի 10 տոկոսի չափով /100 դրամ/, սահմանվել է նախկին ԽՍՀՄ անձնագրերը ՀՀ քաղաքացու անձնագրերով փոխանակելու գործընթացին նպաստելու համար և համարժեք չէ մատուցվող ծառայություններին: Ինչպես նաև նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիների անձնագրերի պարտադիր փոխանակման գործընթացը՝ կառավարության որոշմամբ ավարտվել է դեռևս 2000թ. հուլիսի 1-ին, իսկ այժմ անձնագրերի փոխանակման և ստացման գործընթացն իրականացվում է ընդհանուր հիմունքներով, գործադիրը որոշեց հավանություն տալ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին: Դրանով նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար գանձվող պետական տուրքի դրույքաչափը սահմանել 1000 դրամ, իսկ 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող ՀՀ քաղաքացիներին ազատել պետական տուրքի վճարումից:
Կառավարությունը հավանություն տվեց նաև «Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային Ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, Սահմանադրական դատարանի անդամների, Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանց կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Օրինագծով նախատեսվում է նշված օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակել նաև 1990-1995թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի պաշտոնեական պարտականությունները կատարելու կամ դրանք կատարելու առնչությամբ զոհված պատգամավորների խնամքի տակ գտնվող ընտանիքի աշխատունակ անդամներին:
1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ դատավարության անցկացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով, կառավարությունը որոշեց 2002 թ. պետբյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը հատկացնել 1 մլն 830 հազար դրամ պայմանագրային աշխատողների աշխատավարձի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռք բերման համար:
«Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան կառավարությունը հաստատեց «Էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող կարևոր նշանակության սպառողներին էլեկտրաէներգիա մատակարարող ընկերություններին բյուջետային երաշխիքների տրամադրման և տրամադրված երաշխիքների դիմաց վճարումների իրականացման» կարգը: Վարչապետը երկու օր ժամկետ տվեց ֆինանսների և էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարություններին՝ մյուս շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ միասին, խնդրի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնելու համար: Հանձնարարվեց նաև մեկշաբաթյա ժամկետում մշակել նախարարությունների ու գերատեսչությունների կողմից էլեկտրաէներգիայի օպտիմալ օգտագործման մեխանիզմները:
Օտարերկյա պետությունների — միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների (ԾԻԳ-երի) գործունեության հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով, գործադիրը որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 1999 թ. դեկտեմբերի 22-ի որոշման մեջ: Հաշվի առնելով, որ ԾԻԳ պետական հիմնարկների գործառույթներն առավել համապատասխանում են ոչ թե «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի, այլ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին, վերոհիշյալ որոշման մեջ կատարվեցին փոփոխություններ ու լրացումներ ԾԻԳ պետական հիմնարկները ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու նպատակով:
Կառավարությունը որոշում ընդունեց նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերակազմավորման ձւեով պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին և հաստատեց այդ կազմակերպության կանոնադրությունը:
Մեկ այլ որոշմամբ պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպվեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի կենդանաբանական այգի» պետական հիմնարկը:
Հայաստանի Հանրապետությունում պայթեցման աշխատանքների, ինչպես նաև պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի գործընթացները միջազգային պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, առանձին որոշումներով կառավարությունը հաստատեց պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման կարգը, դրա համար տրվող լիցենզիայի ձևը, ինչպես նաև պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը և դրա համար տրվող լիցենզիայի ձևը:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատեց ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի և ռազմամթերքի տեսակների ցանկը:
Գործադիրը համաձայնություն տվեց նաև ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Երևան քաղաքի ճանապարհների վերանորոգման համար սարքավորումների մասին» ճապոնական դրամաշնորհի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու առաջարկությանը:
Առանձին որոշումներով կառավարությունը հաստատեց Տավուշի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները: