երկուշաբթի, 28 ապրիլի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուղերձ է հղել ՀՀ պատերազմի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորման 8-րդ համագումարի մասնակիցներին, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան վետերաններ,
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ ՀՀ պատերազմի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորման 8-րդ համագումարի մասնակիցներին: Տեղյակ ենք, որ ձեր կազմակերպությունը` արդեն ավելի քան երկու տասնամյակ, ծավալում է իր ակտիվ ու բեղուն գործունեությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ներկայացնում է մեր երախտավորների` վետերանների, շահերն ու մտահոգությունները: Դուք կարևոր ու շնորհակալ աշխատանք եք կատարում երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, ուժերի ներածին չափով սատար եք կանգնում այն վետերաններին, ովքեր օգնության և ուշադրության կարիք ունեն:
Այդ աշխատանքն առանձնակի կարևորվում է պետականության կայացման ու զարգացման այս շրջանում: Վերջին տասնամյակների ընթացքում մենք ունեցանք կորուստներ ու ձեռքբերումներ, որոշակի փոփոխություն կրեցին մեր արժեքները, սակայն ակնածանքն ու հարգանքը ավագ սերնդի` մեր վետերանների նկատմամբ, չի՛ խամրել և չի՛ արժեզրկվել: Ձեզանից շատերը զենքը ձեռքին պաշտպանել են հայրենիքը, իրենց աշխատանքով են հավաստել նվիրումը Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը: Մենք դա չենք կարող մոռանալ:
Ձեր ներկայությամբ դուք հիշեցնում եք մեր փառավոր անցյալը, պարտավորեցնում եք մտածել ոչ միայն ներկայի, այլև ապագայի հաղթանակների մասին: Այսօր, ասելով մեր երախտիքի խոսքը, շեշտում ենք, որ մեր աջակցությունն ու գնահատանքը միայն բառերով չի արտահայտվում: Կառավարությունն իր գործունեության ընթացքում հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու վետերանների հիմնախնդիրները: Դուք այդ խնդիրները գիտեք բոլորից լավ: Կան խնդիրներ, որոնք պետք է լուծենք միասնաբար: Մենք պատրաստ ենք համագործակցության ու համատեղ աշխատանքի:
Սիրելի վետերաններ,
Եվս մեկ անգամ ողջունում եմ համագումարի մասնակիցներին, մաղթում եմ արգասաբեր աշխատանք, իսկ մեր բոլոր վետերաններին` առողջություն, երկարակեցություն ու ամենայն բարիք»: