երկուշաբթի, 28 ապրիլի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության պետի նորանշանակ առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանին: Իր խոսքում` անդրադառնալով նաև հարկային համակարգի առջև կանգնած արդիական հիմնախնդիրներին, վարչապետը, մասնավորապես, ասել է.
«Դուք բոլորդ շատ լավ ճանաչում եք Ահարոն Չիլինգարյանին, որովհետև նա մեզ հետ միասին, 90-ական թվականներից սկսած, երբ Հայաստանի Հանրապետությունում նոր-նոր Էր ձևավորվում հարկային օրենսդրությունը, եղել է այդ գործընթացի անմիջական մասնակիցը և համակարգում ունի լավ համբավ` ազնիվ, պարկեշտ մարդ է, ինչը չափազանց կարևոր է հարկայինի համար, և լավագույն մասնագետներից մեկը, ում հետ ես բախտ եմ ունեցել երբևիցե շփվելու, գիտակ է այս գործին: Մասնավոր հատվածում աշխատելիս, նա նաև կարողացել է կողքից ուսումնասիրել հարկային վարչարարության խնդիրները, տարբեր միջազգային կազմակերպությունների պատվերներով բավականին հետաքրքիր ուսումնասիրություններ է իրականացրել` մեր հարկային վարչարարության ներուժի մանրակրկիտ գնահատում, համադրելիությունը միջազգային լավագույն չափանիշների հետ, որոնց մի մասը ներկայացվել է նաև ձեզ: Եվ կարծում եմ, այն արդյունքները, որ նա ունի և այն հետազոտությունները, որ իրականացրել է, հույս են տալիս մեզ, որ այս նոր պաշտոնում պարոն Չիլինգարյանը կարող է նաև էականորեն նպաստել բարեփոխումներ իրականացնելու գործում: Նա համակարգելու է հարկային վարչարարության ոլորտում բարեփոխումները և, կարծում եմ, դա ձեզ համար բավականին լուրջ օժանդակություն կլինի:
Երկրորդ` Հայաստանի Հանրապետությունում կան սպասումներ, մեզանից սպասում են փոփոխություններ և, առաջին հերթին` այդ փոփոխությունները մարդիկ զգալու, տեսնելու են հենց հարկային վարչարարության ոլորտում, որովհետև դուք ամենօրյա շփումների մեջ եք հազարավոր մարդկանց հետ, բիզնեսների հետ, ու նաև ձեր պահվածքով, կեցվածքով է պայմանավորվում հասարակության վերաբերմունքն իշխանությունների նկատմամբ: Չափազանց պատասխանատու ոլորտ է սա, և սպասումներն էլ չափազանց բարձր են: Աստված մի արասցե, եթե մենք մի փոքրիկ վրիպում ունենանք այս բնագավառում` բացթողում, թերություն: Ստեղծված իրավիճակում, երբ այդպիսի սպասումներ կան, դա կարող է տապալել կառավարության ամբողջ ծրագիրը: Մյուս կողմից` ես վստահ եմ, որ այն ինտելեկտուալ ներուժը, որ ունենք այս ոլորտում, մեզ հնարավորություն է տալու, որ բեկումնային զարգացումներ ապահովենք: Մենք իրավունք չունենք տարածաշրջանում զիջել մեր հարկային վարչարարության արդյունավետությամբ. ցավոք, միջազգային փորձագետների գնահատմամբ մեր վարչարարությունը դեռևս, մեղմ ասած, լավագույնը չէ: Դա ձեր ամենօրյա աշխատանքի արդյունքը պետք է լինի, որպեսզի մենք ունենանք լուրջ նվաճումներ: Ձեր նվաճումներն օգնելու են մեզ հաղթահարելու բոլոր տեսակի` սոցիալական, քաղաքական դժգոհությունները: Առանցքային դեր ունի հարկային ծառայությունը: Եվ ես ուզում եմ, որ մենք այս գիտակցությամբ միասին առաջ շարժվենք: Պարոն Չիլինգարյանի նշանակումը վկայում է այն մասին, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ոլորտում որակական փոփոխությունները զգալի լինեն մեր քաղաքացիների համար: Մենք շատ քաջ գիտակցում ենք, որ եթե ձեզանից պահանջում ենք որակյալ ծառայությունների մատուցում, և դուք պետք է այդ առումով համապատասխանեք լավագույն ստանդարտներին, մրցունակ լինեք ձեր ծառայությունների որակի առումով, ապա նաև ձեր աշխատավարձերը պետք է մրցունակ լինեն մասնավոր հատվածի հետ: Եվ եթե մենք չբաձրացնենք աշխատավարձերը ոլորտում, բնականաբար, կունենանք պրոբլեմ, և մենք ձեր ղեկավարի հետ քննարկելու ենք այդ հարցը. ինչպիսի՞ քաղաքականություն պետք է իրականացնենք աշխատավարձերի հարցում, որպեսզի արժանավայել, արժանապատիվ աշխատողներ, մասնագետներ ունենանք հարկային ծառայությունում:
Ես ուզում եմ շնորհավորել պարոն Չիլինգարյանին ու նաև շնորհակալություն հայտնել նրան, որ համաձայնեց մասնավոր հատվածից հետ վերադառնալ, որովհետև այսօր մասնավոր հատվածում շատ ավելի հեշտ է բարձր եկամուտներ ունենալ. մանավանդ, եթե դու արհեստավարժ ես, և արհեստավարժների պահանջարկը մեր աշխատուժի շուկայում շատ բարձր է: Մասնավոր հատվածում աշխատավարձերը բարձր են, անհամադրելի` պետական հատվածի հետ: Սա նաև ազգային մտածողության դրսևորում էր պարոն Չիլինգարյանի կողմից, որ մենք կարողացանք նրան համոզել և բերել ծառայելու ժողովրդին: Ըստ էության, սա այդպիսի քայլ է նրա կողմից, խիզախ քայլ, նաև ուզում եմ ցանկանալ նրան բեղմնավոր աշխատանք: Ես համոզված եմ, որ թիմային աշխատանքը ձեզ մոտ կստացվի, և ուզում եմ, որ դուք նույնպես ոգևորված լինեք, խանդավառություն լինի, որ դուք գտնվելու եք մեր ուշադրության կենտրոնում, որ մենք օժանդակելու ենք ձեր սոցիալական խնդիրները լուծելու առումով` ակնկալելով լուրջ արդյունքներ:
1990 թվականին, երբ ես Գերագույն խորհրդում ֆինանսավարկային-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահն էի, պարոն Չիլինգարյանը, Ալավերդյանը և ես բավականին մեծ ոգևորվածությամբ սկսել ենք հարկային օրենսդրության ձևավորումը: Այն ժամանակ մենք շուկայական տնտեսությունում հարկային նոր դաշտի ձևավորման փորձ չունեինք, բայց ունեինք ոգևորություն, որովհետև գիտակցում էինք, որ կառուցում ենք անկախ հայկական պետություն, ինչի մասին դարեր շարունակ երազել ենք: Եվ ես ուզում եմ, որ այդ ոգևորությունն այսօր լինի, որովհետև այդ ոգևորությունը, հավատը խիստ անհրաժեշտ են մեզ, ձեզ: Եթե դա չլինի, մենք հաջողություն չենք ունենա: Այդ հավատը, այդ ոգևորությունը շատ ավելի կարևոր են, քան աշխատավարձը այս պահին: Եվ ուզում եմ, որ դա մեզ առաջնորդի: Այսօր մենք, ի տարբերություն 1990 թվականի, ունենք փորձ, գիտելիքներ, սովորել ենք մեր սեփական սխալների վրա, և համոզված եմ, որ այս անգամ ունենալու ենք այնպիսի հաջողություններ, որ մեր ժողովուրդը գնահատի»: