երեքշաբթի, 29 ապրիլի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Մարինով Ստայկովին:
Նշելով հայ- բուլղարական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ստայկովի աշխատանքային հարուստ փորձը կօգնի ավելի զարգացնելու երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները: Թոդոր Ստայկովը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ՀՀ վարչապետի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իր հերթին հաջողություններ է մաղթել նրան հետագա գործունեության մեջ` ի բարօրություն հայ ժողովրդի:
Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել այն հարցում, որ ԵՄ Եվրոպական հարևանության ծրագրի իրականացման գործում Բուլղարիայի փորձը օգտակար կլինի նաև Հայաստանի համար: Բուլղարացի դիվանագետը նշել է, որ այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի հետ հարաբերություններն իր երկիրը դիտում է որպես առաջնահերթություն: Տիգրան Սարգսյանը և Թոդոր Ստայկովն ընդգծել են հատկապես տնտեսական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը, որոնք, ըստ նրանց, դեռևս հետ են մնում երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունների մակարդակից: Կողմերը հույս են հայտնել, որ այս տարվա աշնանը հնարավոր կլինի անցկացնել Հայ- բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստ, այդ շրջանակներում` նաև երկկողմ տնտեսական համաժողով: ՀՀ վարչապետը նշել է, որ ս.թ. փետրվարին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև առետրատնտեսական և, որ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողով ստեղծելու մասին» համաձայնագիրը և դեսպանի հարցմանն ի պատասխան նշել է, որ արդեն հաջորդ շաբաթ բուլղարական կողմին կներկայացվի հանձնաժողովի հայկական կողմի կազմը: Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, ՀՀ համապատասխան նախարարություններն արդեն իսկ հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնություններով` էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման վերաբերյալ:
Զրուցակիցները կարևորել են նաև 2009թ. Հայաստանում նախատեսված Բուլղարական մշակույթի օրերի անցկացումը: Ըստ ՀՀ վարչապետի, մշակութային այդ միջոցառումը կոգևորի նաև երկու կողմերի գործարարներին` խթան հանդիսանալով տնտեսական փոխգործակցության ակտիավցամնը ևս: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր ունի նաև բուլղարահայ համայնքը: Համաձայնելով ՀՀ վարչապետի հետ, դեսպանը հավաստել է, որ հարյուրամյակներ առաջ Բուլղարիայում ձևավորված հայ համայնքը միշտ էլ կարողացել է պահպանել իր ազգային հատկանիշները` լեզուն, կրոնը, մշակույթը, լիարժեք մասնակցություն ունենալ երկրի կյանքին, իր ներդրումը բերել հայ-բուլղարական համագործակցությանը:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը հաջողություններ է մաղթել Թոդոր Մարինով Ստայկովին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում` ի նպաստ երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և խորացման, հավաստելով նրան հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: