երեքշաբթի, 6 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին:
Քննարկվել են ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությունն ավելի ընդլայնելու, ընթացիկ ծրագրերին զուգահեռ նոր ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր.
«ԻԻՀ-ն լիովին աջակցում է ՀՀ նորընտիր նախագահին ու Ձեր գլխավորած կառավարությանը` այն բոլոր ուղղություններով, որ իբրև գերակայություն հայտարարվել է ՀՀ կառավարության նոր ծրագրով»,-վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն ընդգծել է Սեյեդ Ալի Սաղայիանը:
Տնտեսական հարաբերությունների մակարդակը և, մասնավորապես, երկու երկրների միջև տարեկան շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի ապրանքաշրջանառության ծավալները անբավարար և քաղաքական բարձր մակարդակին ոչ համարժեք համարելով, երկուստեք կարևորվել է ներդրումների խթանման, գործարանների միջև շփումների ակտիվացման ու նրանց համար գործունեության բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ ջանքերի գործադրումը, նաև` մարզերի միջև արդեն գոյություն ունեցող ուղղակի շփումների ընդլայնումը:
ԻԻՀ դեսպանը ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ առաջիկայում Թեհրանում անցկացվելու է երկու խոշոր միջազգային գիտաժողով` նվիրված տարանցիկ փոխադրումներին ու քաղաքաշինական խնդիրներին և խնդրել է ՀՀ վարչապետի աջակցությունը` ՀՀ համապատասխան նախարարների մասնակցությունը ևս կարևորագույն միջոցառումներն ապահովելու նպատակով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի, քաղաքաշինության նախարարներին կհանձնարարի մասնակցել հիշյալ գիտաժողովներին` մեր երկրի համար ևս դրանց կարևորությունից ելնելով:
ՀՀ վարչապետը և ԻԻՀ դեսպանը կարևորել են նաև Թավրիզում և Կապանում գլխավոր հյուպատոսությունների հիմնումը, որի վերաբերյալ բարձր մակարդակով երկկողմ նախնական պայմանավորվածություն արդեն ձեռք է բերված:
Զրուցակիցները անդրադարձել են ընթացիկ տարվա ամռանը կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին նախապատրաստվելու խնդրին ևս, որտեղ, ըստ դեսպանի, հաջողությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերին զուգահեռ, անհրաժեշտ է արդեն քննարկել գործակցության երկրորդ փուլի ծրագրերը:
ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը կարևորել է նաև համաշխարհային շուկայում գների բարձրացման պատճառով հատկապես զարգացող և անցումային փուլում գտնվող երկրների վրա անդրադարձող գնաճի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ համագործակցությունը, ընդծելով, որ օրինակ, գյուղատնտեսության ոլորտում Իրանը և Հայաստանը կարող են ավելի ընդլայնել փոխգործակցությունը, երկու ժողովուրդների ներուժն ու երկրների ներքին կարողությունները զարգացնելով, հնարավորինս մեղմել գների բարձրացման հետևանքները:
Վարչապետը, գյուղատնտեսության ոլորտում գործակցությունն առավել զարգացնելու հարցում համակարծիք է եղել դեսպանի հետ, հավաստելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը` առաջիկայում համապատասխան գերատեսչությունների միջև քննարկումներ սկսելու գործում.
«Մենք շահագրգիռ ենք և ամեն ինչ անելու ենք տնտեսական համագործակցությունը հարևան Իրանի հետ խորացնելու, որակապես նոր աստիճանի բարձրացնելու համար, ինչը բխում է մեր ժողովուրդների կենսական շահերից: Մի կողմից` դա ավելացնելու է մեր երկրների և ժողովուրդների անվտանգությունը, մյուս կողմից` նպաստելու է տնտեսական վերելքին», -ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: