չորեքշաբթի, 7 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաև ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության քաղաքական գծով պատասխանատու Սիլվի Բավելարը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականներ:
Վարչապետը հյուրերին ներկայացրել է Հայաստանի և նրա նորակազմ կառավարության առջև կանգնած հիմնախնդիրներն ու առաջիկա մարտահրավերները, դրանց դիմակայման և լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների թվում նա նշել է հատկապես սոցիալական լուրջ խնդիր դարձած գների աճի հետևանքների մեղմման, հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման ու այդ համակարգերի բարեփոխման, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, կառավարության ծրագրի իրականացման գործընթացում ընդդիմությանը ևս մասնակից դարձնելու, ձեռնարկվող միջոցառումների հնարավորինս լայն հրապարակայնության ապահովման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներին: Կարևորվել է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում Եվրամիության հետ մեր երկրի համագործակցության զարգացումը և ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի շարունակումը:
Վարչապետը նշել է, որ գնաճի խնդիրը կառավարությունը այս օրերին քննարկում է նաև Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որպեսզի հնարավորինս արագ որոշակի ծրագրեր իրականացվեն:
Խոսելով իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին` Տիգրան Սարգսյանը վերահաստատել է նախկինում ասված իր տեսակետը, որ եթե ցանկանում ենք պատասխանատու և կառուցողական ընդդիմություն ունենալ, առաջին հերթին պետք է ունենանք պատասխանատու կառավարություն. «Մենք մեզնից պետք է սկսենք և առաջընթացի ապահովման ակտիվ քայլեր իրականացնենք, որպեսզի ժողովուրդը մեզ հավատա: Համոզված եմ, որ առկա խնդիրների այն լուծումները, որ մենք առաջարկում ենք, ավելի լավ լուծումներ են, քան որևէ մեկը Հայաստանում կարող է առաջարկել: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մարդիկ պատրաստ են մեզ հետ համագործակցել դրանց իրականացման հարցում, ապա մենք մեկնել ենք համագործակցության մեր ձեռքը: Երկար չենք կարող սպասել, որ այդ ձեռքը սեղմեն: Խնդիրները շատ են, իսկ ժամանակը` քիչ, և մենք արդեն սկսել ենք քայլեր իրականացնել»,-ասել է վարչապետը:
Անդրադառնալով մարտի 1-ի և դրան հաջորդած դեպքերին ու վկայակոչելով նաև ՀՀ նախագահի հստակ դիրքորոշումը, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ իշխանությունները շահագրգռված են տեղի ունեցածի անաչառ, համակողմանի քննությամբ: