երկուշաբթի, 12 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էդվարդ Միրզոյանի ծննդյան 87-ամյակի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Մաեստրո Էդվարդ Միրզոյան
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 87-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայ կոմպոզիտորական դպրոցի ականավոր ներկայացուցիչներից մեկը լինելով, Դուք հեղինակել եք, հիրավի, դասական շնչի երաժշտական այնպիսի արժեքներ, որոնք համընդհանուր ճանաչում ու պատիվ են բերել Ձեզ և մեր հայրենիքին, իրենց արժանի տեղն են գրավել ոչ միայն հայ, այլև համաշխարհային երաժշտության գանձարանում:
Ձեր ստեղծագործական վիթխարի վաստակը մշտապես գնահատվել, պետական բարձր պարգևների ու կոչումների է արժանացել խորհրդային և հայրենի իշխանությունների կողմից:
Անջնջելի հետք թողնելով ազգային երաժշտարվեստի պատմության մեջ, Դուք առավելագույնս նպաստել եք մեր հասարակության բարոյագիտական ու գեղագիտական դաստիարակությանը:
Մեծարգո Մաեստրո
Մեկ անգամ ևս շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական արգասաբեր գործունեություն` ի փառս հայրենի մշակույթի զարգացման ու հետագա բարգավաճման»: