երեքշաբթի, 13 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շոհրատ Ջումաևին:
Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա առաջիկա գործունեության շրջանում ևս, օգտագործելով անկանխացումից հետո երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես, էներգետիկայի բնագավառում առկա համագործակցության դրական փորձը, կհաջողվի նոր դինամիկա հաղորդել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացմանը: Նշելով հայ-թուրքմենական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերն ընդգծել են տնտեսական հարաբերությունները ևս խթանելու և այդ մակարդակին հասցնելու անհրաժեշտությունը, մանավանդ որ, նրանց համոզմամբ, երկու երկրներում էլ դրա համար լավ հնարավորություններ կան: Փոխշահավետ համագործակցության կարևոր ոլորտների թվում զրուցակիցները նշել են, մասնավորապես, էներգետիկայի, առողջապահության, շինարարության, զբոսաշրջության բնագավառները: Տնտեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով, կարևորվել է համապատասխան Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման գործընթացի արագացումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը կնշանակվի մոտ օրերս: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը նոր խթան կհանդիսանա հայ-թուրքմենական տնտեսական կապերի և հարաբերությունների հետագա զարգացման համար, կնպաստի տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը: