հինգշաբթի, 15 մայիսի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը ներկայիս 10 հազար դրամի փոխարեն սահմանել 20.000 դրամ: Սահմանված չափով պատվովճարի վճարումն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը հատկացվել է 279 մլն 265 հազար դրամ: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի «Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը սահմանելու մասին» N 2189-Ն որոշումը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. հուլիսի 1-ից: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն իրականացվող` պատերազմի վետերանների պատվովճարի չափի կրկնապատկումը նաև սոցիալական բովանդակություն ունի. դա ոչ միայն պարտքի կատարում է վետերանների նկատմամբ, այլև կարող է որոշակիորեն թեթևացնել նրանց սոցիալական հոգսերը:
Սարդարապատի 90-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների իրականացման նպատակով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 230 մլն 830 հազար դրամ է հատկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը` վերջինիս կողմից 2008թ.-ին Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի նորոգման, տարածքի բարեկարգման և շինարարության գծով կատարվելիք աշխատանքների ֆինանսավորման նպատակով 2008թ.-ին ՀՀ ՊՆ-ի արտաբյուջետային հաշվից ուղղվող միջոցները նշված հաշվում վերականգնելու համար: Նույն որոշմամբ ևս 94 մլն 509.6 հազար դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի նախարարությանը և հանձնարարվել է նախարարին` հատկացված գումարները որոշման հավելվածում նշված ՊՈԱԿ-ներին և ՍՊԸ-ներին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: Կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդից 14 մլն 500 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` Սարդարապատի հուշահամալիրին կից, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող շարային հրապարակի բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որոնք բխում են ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2007թ. հոկտեմբերի 24-ին ընդունված «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքներից, ինչպես նաև ՀՀ նախագահի 2007թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի վերակազմակերպելու մասին» ՆՀ-305-Ն հրամանագրից և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշումից: Նշվել է, որ հիշյալ օրենսդրական փոփոխություններով 2008թ. հունվարի 1-ից «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» դարձել են «պարտադիր սոցիալական ապահովության վճարներ», բյուջետային համակարգի մաս կազմող պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն այլևս գոյություն չունի, և բոլոր կենսաթոշակներն ու ապահովագրական նպաստները վճարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներից, իսկ ՀՀ սոցիալական հիմնադրամը վերակազմակերպվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության: Ընդունված որոշումներում օգտագործվող հասկացությունները ևս համապատասխանեցվել են իրականացված փոփոխություններին: Մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի «Ապահովագրական ստաժում հաշվառվող այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու մասին» N41-Ն և 2004թ. մարտի 18-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վարչական վիճակագրական տվյալները կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին տրամադրելու մասին» N350-Ն որոշումները:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է Մեղրու շրջանի Լիճք գյուղի որբ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների նախկին միջնակարգ հանրակրթական գիշերօթիկ դպրոցի և Գավառի մանկատան մի խումբ նախկին սաների ընդգրկել «Պետական աջակցություն ՀՀ-ում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում: Որոշման համաձայն, նշված անձանց աջակցություն կտրամադրվի «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ-ում մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով նախատեսված միջոցներից:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշումն ընդունվել է հիշյալ օրենքը Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության միջազգային համաձայնագրի դրույթներին, ԵՄ օրենսդրությանը, բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև օրենքի որոշակի հասկացություններն ու դրույթները հստակեցնելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածին համապատասխան, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ հուլիսի 6-ի N1008-Ն որոշման մեջ, որի համաձայն, ելնելով ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 21-ի ՆՀ-85-Ն հրամանագրով կատարված փոփոխություններից, «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրվել է նոր խմբագրությամբ:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը հաստատելու մասին» N1885-Ն որոշումը:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի համար ARM-P2 վարկային համաձայնագրում փոփոխություն» վարկային համաձայնագիր կնքելու առաջարկությանը:
ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն վերանվանվելու կապակցությամբ, գործադիրը որոշում է ընդունել «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» կառավարչական հիմնարկ վերանվանելու վերաբերյալ: Այդ կապակցությամբ փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, ուժը կորցրած է ճանաչվել 2007թ. մայիսի 3-ի N 582 որոշումը:
Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է ՀՀ ֆինանսների նախարարության, գործադիրը հաստատել է ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N1460-Ն որոշումը: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 2-ի N737-Ն և 2006թ. դեկտեմբերի 14-ի N1860-Ն որոշումներում:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան և հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2008 թ. ապրիլի 18-ի հրամանագիրը, կառավարությունը որոշել է ստեղծել «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ: Հաստատվել են նաև նախարարության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, աշխատակազմի գույքի կազմը և չափը: Սահմանվել է նախարարության աշխատակազմի առանձին վարչությունների և բաժինների հաստիքային միավորների քանակը: Հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել նախարարությանը լրացուցիչ հանձնվող գույքի կազմը և չափը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի N2072-Ն որոշումը:
Ղեկավարվելով ՀՀ նախագահի 2008 թ. ապրիլի 18-ի հրամանագրով և բնական պաշարների կառավարման և այդ ոլորտում բնապահպանական պետական վերահսկողության իրականացման իրավասությունների հստակեցման ու տարանջատման նպատակով, կառավարությունը որոշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը վերապահել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով», «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքով լիազոր մարմնի իրավասությունները` բացառությամբ օրենքի «Շրջակա միջավայրի պահպանությունը» բաժնի 60, 61, 62 և 65 հոդվածներով սահմանված իրավասությունների, ինչպես նաև «ՀՀ ջրային օրենսգրքով», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքներով լիազոր մարմնի իրավասությունը` նախարարության կանոնադրությամբ ամրագրված գործառույթների սահմաններում: Որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարությանը վերապահվել է բնական պաշարների հետազոտման, արդյունահանման և օգտագործման գործընթացների նկատմամբ բնապահպանական պետական վերահսկողության իրականացման իրավասությունը: Որոշվել է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կազմում ստեղծել պետական երկրաբանամարկշեյդերական վերահսկողության տեսչություն` իր տարածքային ստորաբաժանումներով, որպես կառուցվածքային առանձնացված ստորաբաժանում: Հանձնարարվել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը անվարձահատույց օգտագործման տրամադրել Երևան քաղաքի Չարենցի 46 հասցեում տեղակայված վարչական շենքը: Որոշմամբ նաև «Ընդերքաբան», «Գեոէկոնոմիկա», «Ջրհան» և «Գեոկոմպլեքս» պետական ՓԲԸ-ների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Որոշման կատարմանն ուղղված համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, էկոնոմիկայի, բնապահպանության, ֆինանսների նախարարներին:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն, «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի և նոր առանձին ինքնուրույն աշխատակազմի ստեղծմամբ, որի հիմնադիրը ՀՀ նախագահն է:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882 որոշումը, գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջև 2008թ. փետրվարի 29-ին կնքված համաձայնագրով ամրագրված դրույթներին համապատասխան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին ամրագրված Երևան քաղաքի Արգիշտի փողոցի 7/5 հասցեում գտնվող 6655.9 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 22608.5 քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին:
Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Անվավեր հիմնադիր փաստաթղթեր ունեցող բնակարանային կոոպերատիվների անդամների սեփականության մասին» և «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, որոշում է ընդունվել նաև ՀՀ Լոռու մարզի ֆիոլետովոյի գյուղական համայնքի որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ: