ուրբաթ, 16 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին:
Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-բրիտանական հարաբերություններում նոր առաջընթացի ձեռքբերմանը: Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական հարաբերությունների հետագա զարգացմանը զուգընթաց, Տիգրան Սարգսյանը կարևորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը, որի` մասնավորապես, ապրանքաշրջանառության ծավալների ներկայիս մակարդակը, ըստ նրա, դեռևս կողմերին գոհացնել չի կարող: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունն այսօր ունի երկրի տնտեսական զարգացման բավականին հավակնոտ ծրագրեր և պատահական չէ, որ առաջնահերթությունը տալիս է սոցիալական, տնտեսական առկա հիմնախնդիրների լուծմանը: Շնորհակալություն հայտնելով Միացյալ Թագավորության միջազգային զարգացման նախարարության կողմից մեր երկրի հանրային ոլորտի բարեփոխումներին և գյուղական շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է համագործակցությունը շարունակելու և դրանում նոր ծրագրեր ընդգրկելու հարցում: Տեղեկացնելով, որ ներկայումս, մասնավորապես, մշակվում է ՀՀ քաղաքացիական ծառայության հայեցակարգը, վարչապետն ակնկալել է բրիտանական կողմի աջակցությունը հայեցակարգի ներդրմանն ուղղված լրացուցիչ տեխնիկական օժանդակության ցուցաբերման գործում: Նա հավաստիացրել է նաև, որ Հայաստանի կառավարությունը հնարավորինս կնպաստի Միացյալ Թագավորության և ՀՀ-ի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի ստորագրմանը, ինչը, ըստ նրա, լուրջ խթան կհանդիսանա մեր երկրի տնտեսվարող սուբյեկտների համար:
Դեսպան Լոնսդեյլը ևս հավաստել է տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակականությունն ապահովելու բրիտանական կողմի ցանկությունը, որի շուրջ ներկայումս համագործակցում է նաև Եվրոպայի խորհրդի և Համաշխարհային բանկի հետ: Տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորությունը չի պատրաստվում կրճատել իր գործունեության շրջանակները Հայաստանում, դիվանագետը նշել է, որ դրանում շատ բան կախված է նաև Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներից, տնտեսական հաջողություններից: Նա ընդգծել է հատկապես Հայաստանի կողմից իրականացվող տարածքային համաչափ զարգացման ծրագրին օժանդակելու կարևորությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ կարևորելով երկրի ժողովրդավարացման գործընթացների խթանումը, ՀՀ կառավարությունը լուրջ ծրագրեր և որոշակի միջոցառումներ է նախատեսում, որոնք ուղղված են առկա հիմնախնդիրների լուծմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին: Հավաստելով առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման Հայաստանի հայտնի դիրքորոշումը, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Միացյալ Թագավորությունը կարող է կարևոր դեր խաղալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: