ուրբաթ, 16 մայիսի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 11 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3, 4, 5, 6 և 7 միջնակարգ դպրոցների կահավորում» և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղի «Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի բակի բարեկարգում», Ամերիկահայ բժշկական խնամքի բարեսիրական ընկերակցության կողմից իրականացվող «Առողջ ապագա բժշկական կենտրոնի» - «Դիլիջանի հակատուբերկուլյոզային մանկական առողջարանի» երկու մասնաշենքերի ջեռուցման համակարգի մոնտաժային, թողարկման-կարգաբերման աշխատանքների իրականացում» ծրագրերը:
Հաստատվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արաբկիր թաղամասի եկեղեցու կառուցման շինարարական աշխատանքների իրականացում», «Միաբանական շենքի հեռուստատեսության, ինտերնետի և հեռախոսակապի ցանցի մոնտաժման աշխատանքների իրականացում», «Մայրավանքի LG-STAREX-CS-1000 ավտոմատ հեռախոսակայանի տեղադրման և ծրագրավորման աշխատանքների իրականացում» և «Երևան քաղաքի Կաթողիկե եկեղեցու տարածքում նոր մասնաշենքերի ինժեներա-երկրաբանական հետազոտությունների և տեղագրա-գեոդեզիական հանույթային աշխատանքների իրականացում» ծրագրերը.
«Բարձունք 5165» ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող` «Էջմիածին-13» ատամնաբուժական դիսպանսեր ծառայություն», «Վարդենիս-13» ատամնաբուժական դիսպանսեր ծառայություն», «Գյումրի-13» ատամնաբուժական դիսպանսեր ծառայություն» և «Գյումրի-13» ռադիոլոգիայի դիագնոստիկ կենտրոն ծառայություն» ծրագրերի նպատակն է անապահով ընտանիքների անվճար ատամնաբուժական և լոգոպեդական օգնությունը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: