ուրբաթ, 16 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պարոն Հակոբյան
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: Շարունակելով և զարգացնելով հայ գեղանկարչության լավագույն ավանդույթները, Դուք Ձեր անցած ստեղծագործական բեղմնավոր ճանապարհը նշանավորել եք բազմաթիվ ձեռքբերումներով, որոնցից շատերն ընդմիշտ ամրագրվել են մեր ժողովրդի հոգևոր գանձարանում:
Դուք այն արվեստագետներից եք, ում հարուստ վաստակը բարձր գնահատության է արժանացել ժողովրդի և պետության կողմից, ում հիրավի, ինքնատիպ գործերը վաղուց արդեն լայն ճանաչում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Անհնար է թվարկել Ձեր այն բոլոր մեծարժեք ստեղծագործությունները, որոնք տեղ են գտել թե՛ Հայաստանի և թե՛ աշխարհի շատ երկրների թանգարաններում:
Սիրելի վարպետ, մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ հոբելյանի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական նոր նվաճումներ` ի փառս հայոց պետականության հոգևոր հիմքերի ամրապնդման, հայրենի մշակույթի հետագա զարգացման»: