երկուշաբթի, 19 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոյին:
Տիկին Բուքիքիոն տեղեկացրել է, որ օրվա ընթացքում արդեն իսկ մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների հետ: Նա նշել է, որ իր քննարկումների շրջանակում են եղել ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում ընդունված բանաձևում, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Ագոյի խմբի զեկույցներում արված առաջարկությունների իրականացման ընթացքին առնչվող հարցերը: Ըստ նրա, մինչև հունիսին կայանալիք ԵԽԽՎ նոր նստաշրջանը քիչ ժամանակ է մնացել և Հայաստանի իշխանությունները պետք է ձգտեն արդյունավետորեն օգտագործել այդ ժամանակը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ առկա բոլոր խնդիրները շատ կարճ ժամկետում լուծելու ցանկությունը մեծ է, սակայն դժվար է ակնկալել, որ մեկ ամսվա ընթացքում հնարավոր կլինի հասնել այն բանին, որ հասարակությունը որակապես փոխվի: Ըստ նրա, ամենից կարևորն այն է, որ ժողովրդավարական նորմերն ու սկզբունքները լինեն հասարակության էությունը, մարդիկ զգան դրա անհրաժեշտությունը: Վարչապետը հավաստիացրել է, որ Հայաստանի նորակազմ կառավարությունն ունի այդ նպատակին հասնելու քաղաքական կամք և արդեն իսկ հրապարակել է մի շարք կարևոր ոլորտներում բարեփոխումների իրականացման իր սկզբունքները: Դրանք, ըստ Տիգրան Սարգսյանի, վերաբերում են, մասնավորապես, ուժեղ կառավարություն-ուժեղ ընդդիմություն, պատասխանատու ԶԼՄ-ներ-պատասխանատու կառավարություն հարաբերությունների հստակեցմանը, կառավարության գործունեության հրապարակայնության, թափանցիկության ապահովմանը, ընդդիմության իրավունքների օրենսդրական ամրագրմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հարկային և մաքսային բարեփոխումների իրականացմանը և այլն: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է լուրջ բարեփոխումներ իրականացնել նաև սոցիալական ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման նպատակով, թեև վերջին շրջանում միջազգային մասշտաբով սննդամթերքի ու վառելիքի գների կտրուկ աճը դժվարացնում է այդ խնդիրը: Նա համոզմունք է հայտնել, որ կուտակված սոցիալական խնդիրների լուծումը կարող է նպաստել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացմանը` զգալիորեն թուլացնելով նաև քաղաքական լարված իրավիճակը:
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն է հայտնել, որ ՀՀ կառավարությունը վճռական է քայլ առ քայլ բարեփոխումների ծրագրեր իրականացնելու հարցում: Ըստ նրա, ՀՀ կառավարությունն ի զորու է լուծելու համակարգային խնդիրներն ու շտկելու բացերը: Նա ընդգծել է, թե լիովին համաձայն է, որ ընդդիմությունը ևս պետք է լինի կառուցողական և ոչ թե միայն կտրուկ պահանջներ ներկայացնի: Տիկին Բուքիքիոն հայտնել է կոռուպցիայի դեմ պայքարի, օրենսդրական և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում այսուհետ ևս Հայաստանին աջակցելու և օժանդակություն ցույց տալու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը, նշելով, թե հուսով է, որ ՀՀ-ում ձեռնարկվող քայլերի արդյունքում հունիսին ավելի շատ հիմքեր կունենա գործընթացներին դրական գնահատականներ տալու համար:
«Վստահ եմ` շատ շուտով կհամոզվեք, որ մեր կառավարության խոսքերն ու գործերը համընկնում են», - ի պատասխան նշել է ՀՀ վարչապետը: