երկուշաբթի, 2 սեպտեմբերի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության հռչակման օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 11-րդ տարեդարձի առթիվ:
1991 թ. սեպտեմբերի 2-ին, Անկախության հռչակագրի ընդունմամբ, Արցախի ազատաբաղձ հայությունը ոչ միայն հաստատեց պատմական հայրենիքում իր անկախ պետականությունը կերտելու վճռականությունը, այլև ամբողջ աշխարհի առջև հավաստեց իր անխախտ նվիրվածությունը ժողովրդավարության համընդհանուր արժեքներին, իրավունքի միջազգայնորեն ընդունված նորմերին ու չափանիշներին:
Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղի երիտասարդ հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ այսուհետ ևս կկարողանա դիմագրավել բոլոր դժվարությունները, վերականգնել տնտեսությունը, լուրջ քայլեր ձեռնարկել սոցիալական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ և հավատարիմ մնալով հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներին միաժամանակ հզորացնել բանակն ու իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նկատառումով ամրապնդել երկրի պաշտպանունակությունը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս նշանակալից այս տոնի ԼՂՀ անկախության տարեդարձի առթիվ, մաղթում հարատև խաղաղություն ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը նվաճած արցախահայությանը, որ մայր հայրենիքի ու աշխարհասփյուռ հայերի նվիրական ցանկությունն է: