երկուշաբթի, 2 սեպտեմբերի 2002
Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքի Սանդտոն կոնվենցիոն կենտրոնում շարունակվում է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովը, որին ի թիվս աշխարհի բազմաթիվ երկրների, մասնակցում է նաև Հայաստանի կառավարական պատվիրակությունը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:
Ավելի վաղ օգոստոսի 26-ին, Յոհանեսբուրգ մեկնած պատվիրակության մի քանի անդամներն ակտիվորեն մասնակցել են տարբեր թեմաներով հրավիրված նիստերին, հանդես եկել զեկույցներով նվիրված կենսաբազմազանության պաշարների և ռեսուրսների կայուն օտագործմանը, գլոբալ բնապահպանական կոնվենցիաներին ինտեգրման խնդիրներին, Կայուն զարգացման գիտական ապահովմանն ու կրթությանը հանուն Կայուն զարգացման և այլն:
Սեպտեմբերի 1-ին գագաթաժողովի բարձր մակարդակով լիագումար առաջին նիստից մեկ օր առաջ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, տեղի հայ համայնքի խնդրանքով, հանդիպում ունեցավ նրանց հետ:
Կիրակի, Անգլիական եկեղեցում, որտեղ հայկական եկեղեցու բացակայության պատճառով հավաքվում է փոքրաթիվ հայ համայնքը, ի պատիվ Հայաստանի պատվիրակության, մատուցվեց պատարագ: Այնտեղ, համայնքի կողմից կազմակերպված ընդունելությանը, անկեղծ զրույց ընթացավ ՀՀ վարչապետի, պատվիրակության անդամների և սփյուռքահայ մեր հայրենակիցների միջև, քննարկվեցին մոտ 300 անդամ ունեցող հայ համայնքի խնդիրները, հայրենիքի հնարավոր աջակցությունը այդ խնդիրների լուծմանը, ինչպես նաև սփյուռքի մասնակցությունը Հայաստանի զորացման գործին:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ արձանագրեց, որ հայրենիքից բավականին հեռու փոքրաթիվ հայ համայնքը համախումբ է և կարևորում է հայրենապահպանումը, ծրագրում է հայկական եկեղեցի կառուցել, սերտացնել կապը Հայաստանի հետ, ակտիվ ներգրավվել Հայաստան-Սփյուռք երկխոսությանն ու համագործակցությանը: Նա ներկայացրեց այդ կապի ամրացման հնարավորությունները, պատասխանեց մեր հայրենակիցներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:
Այսօր, սեպտեմբերի 2-ին, Սանդտոն կոնվենցիոն կենտրոնում բացվեց Կայուն զարգացման գագաթաժողովի բարձր մակարդակով հանդիպումը, որին մասնակցում են թվով 109 երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:
Այն բացեց գագաթաժողովի նախագահ, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Թհաբո Մբեկին: Իր խոսքում նա ողջունեց այս անչափ կարևոր նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց գագաթաժողովն իր երկրում անցկացնելու պատիվն անելու համար: Ընդգծելով, որ մեր հասարակություններում ամեն բան հարթ չէ, կան բազմաթիվ խնդիրներ, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը միաժամանակ հռետորական հարցադրում արեց. «Ո՞վ է օգուտ քաղում ստեղծված վիճակից, ո՞վ է զոհ դառնում, ո՞ւմ մեղադրել, ի՞նչ անել և ինչպես»: Իր իսկ հարցին պատասխանելով, նա նշեց, որ որքան էլ ծանր են խնդիրները, այնուհանդերձ, դրանց լուծումը Աստծուց չի կախված, այլ մարդուց, որն էլ հարուցել է այդ խնդիրները և այժմ շատ կարևոր է որոշակիացնել գործողությունները ժամանակ չկորցնելով անցնել գործի, համատեղել ջանքերը մինչ այսօր ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ: Օրինակ բերելով Հարավային Աֆրիկան, որը նրա բնորոշմամբ հակահումանիզմի կենտրոն է եղել, նախագահ Թհաբո Մբեկին նշեց, որ այդ ամենի հետևանքները դեռևս մեծ չափով զգացնել են տալիս և խորհրդանշական է գագաթաժողովը Աֆրիկայում անցկացնելը, նաև մարդկությանը հուզող կարևորագույն խնդիրների լուծման սկիզբն այնտեղ դնելը:
Նախագահից հետո ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Նա ասաց, որ անցած տասը տարիներին աշխարհը մշակել է հեռահար ծրագրեր և այժմ ժամանակն է քաղաքական կամք դրսևորել դրանց իրականացման համար: Եթե հիմա դա չարվի, վաղն այլևս ուշ կլինի: Կլիմայի փոփոխությունը, մարդու և բնության միջև խզումը կործանարար հետևանքներ կունենան: Քոֆի Անանը շեշտադրեց այն հինգ կարևոր ոլորտները, որոնց վրա Յոհանեսբուրգի գագաթաժողովը մեծ ազդեցություն կարող է ունենալ: Դրանք են ջուր և սանիտարացում, էներգիա, առողջապահություն, գյուղատնտեսական արտադրություն և կենսաբազմազանության ու էկոհամակարգերի կառավարում: Այս ոլոտների խնդիրների լուծման որոշիչները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր խոսքում վերապահեց առաջին հերթին իշխանություններին, հարուստ երկրներին, այնուհետև կարևորեց քաղաքացիական հասարակության խմբերի ակտիվ մասնակցությունը, մասնավոր հատվածի, գործարարների, երիտասարդության ընդգծված դերակատարությունը. «Ասում են, ամեն ինչ ունի իր ժամանակը: Այսօրվա աշխարհը հատում է արդյունավետ կառավարման սահմանը: Համագործակցված գործողությունները կարող են ապահովել ցանկալի առաջընթացը ավելի արագ, քան ենթադրվում է: Հուսով եմ, որ այս գագաթաժողովը գործակցության և պրակտիկ աշխատանքի նոր ժամանակշրջան, նոր էջ կբացի», եզրափակեց իր ելույթը Քոֆի Անանը և հաջողություններ մաղթեց գագաթաժողովի աշխատանքին:
Լիագումար առաջին նիստի հաջորդ ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 56-րդ նստաշրջանի նախագահ Հան Սենգ Սուինն էր: Նա ևս նշեց, որ հետաճի պատճառները շատ են և միայն ջանքերի համադրմամբ հնարավոր կլինի դրանք հաղթահարել: Հան Սենգ Սուն այս ամենում կարևորեց ՄԱԿ-ի համակարգի դերը և հույս հայտնեց, որ որոշակի լուծումները, հստակ ժամկետների մատնանշմամբ, և համագործակցությունը մարդկությանը կհասցնեն ակնկալվող արդյունքին:
Այս ելույթից հետո նախագահ Թհաբո Մբեկին ձայնը տվեց եկող սերնդի ներկայացուցիչներին երեխաներին, որոնք երեխաների 4-րդ միջազգային կոնֆերանսի մասնակիցներ էին: Երեխաները գագաթաժողովի մասնակիցներին, երկրների ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին ուղղված իրենց կոչում նշեցին, որ այն, ինչ ուզում են ասել, մեկ անգամ չէ, որ ներկաները լսել են, որ երեխաները չափազանց մտահոգված ու տրտմած են այն ամենով, ինչ տեղի է ունենում Երկիր մոլորակի վրա և ինչը սպառնում է ապագային. «Մտածեք ձեր երեխաների մասին, չէ՞ որ նրանց հնարավորությունները պիտի ավելին լինեն, քան ձերն է: Մենք պետք է մոռանանք մեր տարաձայնությունները և ամեն ինչ անենք երջանիկ ապրելու համար: Նոր մոլորակ մենք չենք կարող գնել, այն ամենին, ինչ ունենք պետք է սրտացավորեն վերաբերվենք: Մենք շատ բան չենք խնդրում պետք է ավելին, քան ձեր ծափահարություններն են և գնահատականը, թե կեցցեք, ինչ լավ ելույթ էր: Պետք է գործել և գործել արագ, հստակ, որոշակի գործողություններով», իրենց խոսքում նշեցին երեխաները:
Այնուհետև, ըստ ծրագրված հաջորդականության, սկսվեցին երկրների և կառավարությունների ղեկավարների ելույթները: Առաջին նիստում ելույթ ունեցած երկրների շարքում էին Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Կանադան, Ֆրանսիան
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը ևս օրվա առաջին կեսում էր թվով 18-րդը:
Երեկոյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմասնակցի ի պատիվ երկրների ղեկավարների Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի բարձր ընդունելությանը:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը Յոհանեսբուրգի Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովում
Իր ելույթում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստել է Հայաստանի կառավարության հավատարմությունը Ռիոյի և «Հազարամյակի հռչակագրի» սկզբունքներին, որն իր արտացոլումն է գտել համապատասխան ազգային ծրագրերի մշակման և իրականացման մեջ: Նշելով, որ արդեն այս տարվա հոկտեմբերին կառավարությունը պատրաստվում է հաստատել աղքատության դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը, վարչապետն ասել է, թե նախատեսված միջոցառումների իրականացման համար գործի կդրվեն ներքին բոլոր հնարավորությունները: Անդրադառնալով մինչև Յոհանեսբուրգի գագաթաժողովը քննարկվող խնդիրների ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած և ձեռնարկելիք քայլերին ու միջոցառումներին, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ աղքատության դեմ պայքարի ռազմավարության մշակման ընթացքում ստեղծվել է համագործակցության նոր ձև. կառուցողական երկխոսություն է ընթանում կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների միջև, ինչը հնարավորություն է տալիս ռազմավարական փաստաթղթում արտացոլելու շահագրգիռ բոլոր կողմերի համաձայնեցված մոտեցումները: Միաժամանակ վարչապետն ընդգծել է միջազգային հանրության օժանդակության կարևորությունը Ռազմավարության մեջ ամրագրված միջոցառումների իրականացման գործում:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գագաթաժողովի մասնակիցներին տեղեկացրել է, որ դեռևս 2001թ. օգոստոսին կառավարության որոշմամբ ստեղծվել է Յոհանեսբուրգում կայանալիք համաշխարհային գագաթաժողովի նախապատրաստման հանձնաժողով՝ նախարարությունների, գերատեսչությունների և ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությամբ: Հանձնաժողովը համագործակցելով գիտական շրջանակների և հասարակական կազմակերպությունների հետ, պատրաստել է Ռիո+10 ազգային գնահատման զեկույցը և համապատասխան հայեցակարգը: Այս տարվա հուլիսին կառավարության որոշմամբ ստեղծվել է կայուն զարգացման Ազգային խորհուրդ՝ երկրի վարչապետի գլխավորությամբ: Օգտվելով առիթից, վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել Համաշխարհային բանկին, որի համագործակցությամբ մշակվել են շրջակա միջավայրի պահպանման, բարձրլեռնային Սևանա լճի բնապահպանական հավասարակշռության վերականգնման և ջրային ռեսուրսների կառավարման ծրագրի նախագծերը:
Բնապահպանական խնդիրների թվում Անդրանիկ Մարգարյանն ամենահրատապներից է համարել ջրային պաշարների կայուն օգտագործումը, նշելով, որ եզակի բնական գոյացությունը՝ բարձրլեռնային Սևանա լիճը, ճգնաժամային վիճակում է: Նույն վիճակում են նաև Հայաստանի կենսաբազմազանության, մասնավորապես, անտառների պահպանության հարցերը:
«Այսօր ակնհայտ է, որ բնապահպանական խնդիրներն այնպիսի մեծ ծավալներ են ձեռք բերում, որ դրանց լուծումները զգալիորեն գերազանցում են առանձին պետությունների հնարավորությունները: Հետևաբար մենք շահագրգռված ենք համընդգրկուն և տարածաշրջանային խնդիրների արդյունավետ լուծումների որոնումներով՝ միջազգային հանրության ակտիվ ներգրավմամբ», - ընդգծել է վարչապետը:
Նա կարևորել է հատկապես տարածաշրջանային նախաձեռնությունների նշանակությունը: Հիշեցնելով, մասնավորապես, «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» գործընթացի շրջանակներում Արևելյան Եվրոպայի 12 երկրների շրջակա միջավայրի պահպանության նախարարների կայացրած համաձայնությունը տարածաշրջանի երկրների բնապահպանական քաղաքականության ինտեգրացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված բնապահպանական ռազմավարության մշակման հարցում, Անդրանիկ Մարգարյանն հավաստել է, որ այս առումով Հայաստանը պաշտպանում է «Արևելք-Արևմուտք՝ հանուն կայուն զարգացման» գործակցային նախաձեռնությունը և ողջունում ջրային ռեսուրսների վերաբերյալ Եվրոմիության նոր նախաձեռնությունը:
Նշելով, որ Հայաստանը գտնվում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելու ավարտական փուլում և այդ կազմակերպությանը անդամակցելուց հետո մեր երկրի համար նոր հնարավորություններ կստեղծվեն Համաշխարհային տնտեսական համակարգին ինտեգրվելու համար, վարչապետը վստահություն է հայտնել, որ ԱՀԿ-ին մեր անդամակցությունը կնպաստի երկրի կայուն զարգացմանը: Մինչդեռ, ներկայումս, ըստ նրա, կան տնտեսության լիարժեք կայուն զարգացմանը խոչընդոտող բացասական գործոններ. մասնավորապես, 1989թ.-ից շարունակվող Հայաստանի տրանսպորտային ուղիների շրջափակումը, բազմաթիվ՝ այդ թվում նաև փախստականների հիմնախնդիրները մինչև օրս լուծում չեն ստացել: Ադրբեջանից էթնիկական զտումների արդյունքում բռնագաղթված փախստականների ավելի քան 60 տոկոսը՝ մոտ 200 հազար մարդ, այնտեղ է թողել իր գույքն ու խնայողությունները, և ի տարբերություն Հայաստանը լքած ադրբեջանցի փախստականների, մինչև օրս համապատասխան փոխհատուցում չի ստացել:
«Հայաստանի կառավարությունը գիտակցելով, որ բնական վտանգների և դրանց հետ կապված տեխնածին ու բնական աղետների նվազեցմանն ուղղված ջանքերի համատեղումը կայուն զարգացման ապահովման առավել գործուն մեխանիզմներից մեկն է, բացառիկ նշանակություն է տալիս սահմանային բնույթի աղետների ու վտանգների նվազեցմանն ուղղված տարածաշրջանային ծրագրերի համատեղ մշակմանն ու իրականացմանը: Այսօրվա փոխկապակցված աշխարհում անհրաժեշտ է կայուն զարգացման տնտեսական, սոցիալական և բնապահպանական հայեցակետերի հավասարակշռված ինտեգրացումը», նշել է Անդրանիկ Մարգարյանը:
Ելույթի վերջում Հայաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ Յոհանեսբուրգի գագաթաժողովում ընդունվելիք փաստաթղթերը հիմք կհանդիսանան կայուն զարգացման ոլորտում երկրների բեղմնավոր ու բազմակողմանի համագործակցության համար: