երեքշաբթի, 3 սեպտեմբերի 2002
Սեպտեմբերի 3-ին, Յոհանեսբուրգի Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովի բարձր մակարդակով լիագումար նիստին զուգահեռ, Սանդտոն կոնվենցիոն կենտրոնի տարբեր դահլիճներում շարունակվում են առանձին թեմաներով կլոր սեղաններն ու քննարկումները, որոնց ակտիվորեն մասնակցում է նաև Հայաստանի կառավարական պատվիրակությունը:
Օրվա առաջին կեսին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ելույթ է ունեցել կլոր սեղաններից մեկում, որտեղ հիմնականում անդրադարձ է եղել էներգետիկ ոլորտի խնդիրներին: Նա իր համաձայնությունն արտահայտելով Ճապոնիայի գործընկերոջ ելույթում արտահայտված այն մտքին, որը վերաբերել է կրթության ապահովմանն ու մարդու զարգացմանը, նշել է, որ չնայած սուղ միջոցներին, ՀՀ կառավարությունը կրթության խնդիրը դրել է իր գործունեության ծրագրի հիմքում: Վարչապետն ավելացրել է, որ ցավոք լինում են այնպիսի խնդիրներ, առանց որոնց լուծման հնարավոր չէ խոսել կայուն զարգացման մասին: Հայաստանի համար դա էներգետիկան է, որի զարգացման հեռանկարները մեր երկրի ապագայի համար հիմնարար են համարվում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ երկրի առջև երկընտրանք կա. էկոլոգիական անվտանգության ապահովում զուգակցված էներգետիկ անվտանգության ապահովման հետ:
Այս ամենից ելնելով, ըստ վարչապետի, ՀՀ կառավարությունը առաջնահերթ է համարում հայկական ատոմակայանի շահագործման անվտանգության ժամանակակից ստանդարտների ապահովումը, նկատի առնելով, որ ատոմակայանը գտնվում է երկրաշարժային ակտիվ գոտում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ շահագործման դադարեցումից և հինգ տարի անց 1995 թ-ին, վերագործարկումից հետո ատոմակայանը հանրապետության էներգիայի հիմնական աղբյուրն է, որին բաժին է ընկնում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը: Միաժամանակ օրակարգում է ատոմակայանի գործող բլոկի շահագործման դադարեցման խնդիրը: Ներկայումս ստեղծված աշխատանքային խումբը եվրոպական հանձնաժողովի մասնակցությամբ, քննում է ատոմակայանի փակման փոխադարձաբար ընդունելի, իրատեսական ժամկետի հարցը կայանի կոնսերվացման անվտանգության ապահովմամբ, և շարքից դուրս եկած էներգետիկ հզորությունները ժամանակին փոխարինելու ուղիները: «Վերջին հանգամանքը, մեր խորին համոզմամբ, ատոմակայանի շահագործման դադարեցման համալիր ծրագրի կարևորագույն տարրերից մեկն է», ասել է նա: Վարչապետն ընդգծել է նաև, որ մինչև այժմ եղած բանակցությունները ատոմակայանի անվտանգության ապահովման և համարժեք այլընտրանքային էներգահզորությունների ստեղծման համար ֆինանսական միջոցների ներգրավման շուրջ առանձնապես լավատեսութուն չեն ներշնչում: Առաջադրված խնդիրների լուծման համար Եվրոմիության կողմից խոստացված 100 մլն եվրո գումարը բացահայտորեն բավարար չէ: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, Հայաստանի կառավարությունը մոտ հեռանկարում ի վիճակի չէ իր միջոցներով ապահովելու ատոմակայանի փակման համար պահանջվող գումարը, որը նախնական գնահատմամբ կազմում է մոտ 1,5 մլրդ ԱՄՆ դոլար: Միաժամանակ, շահագործման տարիֆների բարձրացման, լրացուցիչ հարկեր մտցնելու և ֆիսկալ բնույթի առաջարկվող այլ միջոցները կարող են ավելի խորացնել առանց այդ էլ ծանր իրավիճակը և բացասաբար անդրադառնալ կայուն զարգացման և աղքատության դեմ պայքարի ծրագրերի իրականացմանն ուղղված բոլոր համալիր միջոցառումների արդյունքների վրա:
Վարչապետը քննարկման մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը եվրոպական հանձնաժողովի փորձագիտական քննությանն է ներկայացրել ատոմակայանի ներկայումս գործող հզորությունների ժամանակին փոխարինման համապատասխան ներդրումային նախագիծը: Այս տարվա վերջին Երևանում ծրագրվում է կազմակերպել նաև համաժողով դոնոր երկրների, միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների և մասնավոր ներդրողների ներկայացուցիչների մասնակցությամբ, վերոհիշյալ չափազանց բարդ ու պատասխանատու խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների որոնման և ապահովման նպատակով: Օգտվելով ընձեռված հնարավորությունից, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գործընկերներին և ազգային պատվիրակությունների ղեկավարներին հորդորել է աջակցել առաջիկա միջոցառմանը իրենց ներկայացուցիչների մասնակցության ապահովման գործում: Նա ներկաներին հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը շատ մեծ նշանակություն է տալիս այդ համաժողովին և պատրաստ է կառուցողական ու փոխշահավետ համագործակցության:
ՀՀ պատվիրակության անդամներից պատգամավոր Գագիկ Թադևոսյանը երեկ օրվա երկրորդ կեսին մասնակցել է «Գլոբալիզացիան և սոցիալական խնդիրները» թեմայով կլոր սեղանին, որտեղ քննարկվել են գլոբալիզացիայի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը: Իբրև դրական կողմ նշվել է տեխնոլոգիաների փոփոխությունը, ինտեգրացիան և շուկաների բացումը, նպաստավոր պայմանների ստեղծումը բոլոր այդ թվում զարգացող երկրների համար, որոնք այդ խնդրում մեծ խոչընդոտների են հանդիպում: Դրականների թվում ընդգծվել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դերը: Բացասական երևույթներից նշվել և քննադատության է արժանացել այն հանգամանքը, որ գլոբալիզացիայի արդյունքում ներդրողները հզոր պետությունները, իրենց կամքն են թելադրում զարգացող երկրներին, դրանով հաճախ ավելի խորացնելով սոցիալական խնդիրներն այդ երկրներում:
Քննարկման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ոչ պակաս կարևոր խմելու և ոռոգման ջրի, առողջապահական, գյուղատնտեսական հիմնահարցերի շուրջ: Խնդիր է դրվել մինչև 2015 թ. կրկնակի նվազեցնել խմելու ջրին ոչ հասու աշխարհի բնակչության թիվը:
Այսօր երեկոյան պատգամավոր Գագիկ Թադևոսյանը և բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը կմասնակցեն «Ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը» թեմայով քննարկմանը, որտեղ նախատեսվում է նաև հռչակագրի ընդունում:
Պատվիրակության մի քանի անդամներ մասնակցում են լիագումար նիստի աշխատանքին, որտեղ այսօր ելույթ են ունեցել Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Մեքսիկայի և մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարներ: Օրվա վերջում նախատեսված է նաև Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը:
Ուշ երեկոյան կքննարկվի և կընդունվի գագաթաժողովի Ամփոփիչ փաստաթուղթը Քաղաքական հռչակագիրը, որտեղ մասնակից երկրները, ամրագրելով մարդկությանն սպառնացող վտանգները, իրենց պատրաստակամությունն են հայտնում և պարտավորություն ստանձնում դրանց լուծման համար: