չորեքշաբթի, 21 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովում
Հարգելի բարեկամներ
Կառավարության և իմ անունից ողջունում եմ Հայ հեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովը, մաղթում եմ արգասաբեր ու հաջող աշխատանք, ի փառս Մայր Հայրենիքի և ի բարօրություն համայն հայության:
Այսօր Հայ հեղափոխական դաշնակցությունը իշխող քաղաքական կոալիցիայի կողմերից մեկն է ու ստանձնել է երկրի առաջընթացի համար պատասխանատվության իր բաժինը:
Մեր քաղաքական լիդերները կառավարության առջև դրել են Հայաստանում կուտակված հիմնախնդիրների լուծման հարցը:
Որո՞նք են այդ խնդիրները. աղքատությունը, մրցակցության անհավասար պայմանները, կոռուպցիան, պաշտոնյաների կամայականությունները, ստվերային տնտեսության մեծ տեսակարար կշիռը, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը, հասարակության երկփեղկվածությունը և այլն:
Քաղաքական լիդերները բարձրացրել են հիմնախնդիրներ. նորակազմ կառավարության խնդիրն է`
իր ծրագրով առաջարկել ընդունելի լուծումներ:Թույլ տվեք ներկայացնել այն գոյաբանական շրջանակները, որոնց ներքո կառուցված է մեր համատեղ ծրագիրը.
Առաջին
Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում:
Շատերը աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները բնորոշում են որպես ճգնաժամ. իմ կարծիքով, մենք ականատեսն ենք որակապես նոր աշխարհի ձևավորման:
Մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե ու՞ր է շարժվում աշխարհը, ինչպիսի՞ն է այն լինելու` հինգ, տասը, քսան տարի հետո:
Մենք պետք է ոչ թե կրկնօրինակենք զարգացած երկրների փորձը, այլ ուսումնասիրենք այն և նայենք դեպի ապագան:
Երկրորդ
Մենք ապրում ենք արագ փոքրացող աշխարհում, ինչը նշանակում է, որ ժամանակակից աշխարհի ազդեցությունները մեր կյանքի վրա օրեցօր ուժգնանում են:
Պետք է կարողանանք պաշտպանվել բացասական ազդեցություններից և լայն դաշտ ստեղծել մեզ անհրաժեշտ և ցանկալի համագործակցությունների համար:
Երրորդ
Մտագործունեությունը ժամանակակից աշխարհի հենքային գործընթացն է: Դա նշանակում է, որ հասարակության և տնտեսության հենքը մեզ համար պետք է լինի գիտելիքը: Եթե մենք չսովորենք մտածել նորովի, չկարողանանք ստեղծել նոր գիտելիքներ, չենք կարող արժանի տեղ զբաղեցնել ժամանակակից աշխարհում: Այսօր ոչ թե ապրանքներ, այլ գիտելիք արտադրելու դար է: Մեր հիմնական նպատակն է` ստեղծել այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի է ընկալել ժամանակակից գիտելիքները — արտադրել նոր գիտելիքներ:
Չորրորդ
Հոգևոր և մշակութային արժեքների պահպանումը դառնում է ազգի զարգացման միակ հուսալի երաշխիքը: Պետությունների համակեցության խնդիրը 21-րդ դարում թևակոխում է քաղաքակրթությունների երկխոսության և մրցակցության դաշտ: Այդ դաշտում մենք գործ ունենք ոչ թե պետությունների, այլ` աշխարհընկալումների մրցակցության հետ: Մեր աշխարհընկալումը, այսինքն՝ մեր քաղաքակրթությունն այլ է. դա «Հայկական աշխարհն» է:
Հինգերորդ
Ժամանակակից մարդու գիտակցված պահանջը ինքնարտահայտումն ու ինքնաիրացումն է: Մենք պետք է ապահովենք դրա համար ազատությունների իրացման անհրաժեշտ դաշտ: «Հայկական աշխարհը» պետք է ունենա մրցակցային առավելություն հայ մարդու լիակատար, արժանապատիվ, ազգային ինքնադրսևորման համար` անկախ նրանից, թե աշխարհի ո՞ր անկյունում է նա ապրում:
Եվ այսպես, ժամանակակից աշխարհաքաղաքական դաշտում Հայաստանը կարող է հաջող մրցակցել միայն «Հայկական աշխարհի» միջոցով, որն ունի ցանցային կառուցվածք: Մենք կարող ենք ուժեղացնել պետությունը, եթե ուժեղացնենք «Հայկական աշխարհը» և ուժեղացնելով «Հայկական աշխարհը», կուժեղացնենք մեր պետությունը:
Մեր կարգախոսներն են. «գլոբալ մտածողությունից` կոնկրետ գործողությունների», «ապագայի տեսլականից` արդիական նախագծերի իրականացում»:
Իսկ ինչպիսի՞ն է լինելու կառավարության վարքագիծը:
Մենք արդարամիտ ժողովուրդ ենք: Դա մեր ազգի ամենակարևոր և առանցքային հատկանիշն է: Եթե նույնիսկ վերջին սրիկայի հետ վարվենք անարդարացի, մեր ժողովուրդը կըմբոստանա անարդարության դեմ:
Ուրեմն, մենք չենք որոնելու անցյալում մեզ բաժանող հանգամանքներ, այլ փորձելու ենք ապագայի տեսլականում բացահայտել մեզ միավորող գաղափարներ:
Ինքներս ենք բացահայտելու մեր թերություններն ու բացթողումները և խոսելու ենք դրանց մասին հրապարակավ:
Մենք պետք է լինենք կոշտ, համարձակ և արդար, քարոզենք համերաշխություն և համագործակցություն:
Մեր կառավարությունը հռչակել է համազգային հինգ նախագծերի սկիզբը. այն է`
դառնալ
-բիզնես միջավայրի «գերազանցության կենտրոն»,
-կրթական կենտրոն,
-առողջապահական կենտրոն,
-կազմակերպված հանգստի կենտրոն,
-ֆինանսական կենտրոն:
Սա նշանակում է, որ այդ կենտրոնների բարձրակարգ ծառայություններից օգտվելը լինելու է տնտեսապես շահավետ և հասանելի ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև օտարերկրացիների համար:
Աշխարհով մեկ սփռված հայերը լիակատար հնարավորություն կունենան մասնակցելու վերոնշյալ նախագծերի իրագործմանը: Նրանց ներգրավվածությունը լրացուցիչ հնարավորություն է ազգային, հոգևոր, մշակութային միասնության դրսևորման և ամրապնդման համար:
Ակնհայտ է, որ հին գործիքներով և մեթոդներով հնարավոր չէ կառուցել նոր աշխարհ:
Մեր նախագծերը դուրս են գալիս Հայաստանի Հանրապետության սահմաններից: Դրանք իրականացվելու են պետություն-մասնավոր համագործակցություն սկզբունքի հիման վրա, որը ենթադրում է որոշումների համատեղ մշակում, ընդունում և իրագործում: Այսպիսի մոտեցումը փոխադարձ վստահության ամրապնդման և սիներգիզմի առաջացման իրական մեխանիզմ է:
Համայն հայության միացյալ ներուժը դառնալու է մեր մրցակցային առավելությունը: Հենց սա է «Հայկական աշխարհի» բովանդակությունը:
Առաջին քայլը «Հայկական աշխարհի» գաղափարախոսության ներդրման ուղղությամբ արդեն իսկ կատարված է: Մենք ստեղծել ենք Ազգային մրցունակության խորհուրդ` պետական և հասարակական ճանաչված գործիչների մասնակցությամբ:
Հայ հեղափոխական դաշնակցությունը «Հայկական աշխարհի»` որպես համաշխարհային գլոբալ ցանցի, բաղկացուցիչ մասն է: Ավելին, ազգերի քաղաքական մրցակցության ասպարեզում, Հայ հեղափոխական դաշնակցությունը հայ ժողովրդի մրցակցային առավելություններից մեկն է:
Հարգելի գործընկերներ, այսօր Հայաստանում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ:
Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքական ղեկավարությամբ՝ կոալիցիոն կառավարությունը եկել է իրականացնելու փոփոխություններ:
Ժողովրդի սպասումները մեզ պատմական շանս են տալիս միասին իրականացնել ու բեկումնային նախագծեր:
Այս դահլիճում այսօր հավաքված են աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայեր:
Մենք ձեզ հրավիրում ենք` օգտվելով պատմական շանսից, դառնալ այս ծրագրերի իրագործման ակտիվ մասնակիցը: Իսկ մենք կապահովենք դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Յուրաքանչյուրիս համար այս տարին ուրույն խորհուրդ ունի: Օրեր անց մենք բոլորս նշելու ենք մայիսյան հերոսամարտերի ու Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորման 90-րդ տարեդարձը:
Ինչպես 1918 թվականին Հայ հեղափոխական դաշնակցությանը հաջողվեց դրսևորել քաղաքական կամք` առաջին Հանրապետության ձևավորման գործում, այնպես էլ այսօր, արդար հասարակության, հասարակական համերաշխության և փոխադարձ վստահության բացակայության պայմաններում, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք` միասին «Հայկական աշխարհ» կառուցելու գործում:
Շնորհակալություն ուշադրության համար: