հինգշաբթի, 5 սեպտեմբերի 2002
Յոհանեսբուրգի (Հարավային Աֆրիկա) Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարները հանդիպման ավարտին ընդունել են քաղաքական փաստաթուղթ, որտեղ իրենց հավատարմությունն են հայտնել մարդասիրական և հոգատար գլոբալ հասարակության կառուցման, ամենքի համար մարդկային արժանապատվության ապահովման նպատակին հասնելու գործին: Նրանք վերստին հաստատել են կայուն զարգացման հասնելու իրենց ձգտումը:
Գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարները հայտարարել են, որ համատեղ պատասխանատվություն են վերցնում տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում երեք անբաժանելի տարրերի շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական ու տնտեսական զարգացման համար: Աֆրիկյան մայրցամաքից մարդկության այդ օրրանից, նրանք հավաստել են իրենց պատասխանատվությունը միմյանց, կենդանի էակների առավել լայն հանրության և ապագա սերունդների առջև: Վկայակոչելով Յոհանեսբուրգ քաղաքը, որը հենց վկայությունն է այն բանի, թե արդյունաբերական գործունեությունն ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում ինչպես կարող է փոխել շրջակա միջավայրը, փաստաթղթի հեղինակներն հիշեցրել են իրենց տեսած սոցիալական ու տնտեսական վիթխարի տարբերությունների մասին: Ըստ նրանց, դա երկրագնդի վրա մարդու գոյության հայելային արտացոլումն է: Երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել, որ եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն աշխարհի բնակչության աղքատ խավերի կյանքի արմատական վերափոխման ուղղությամբ, վերջիններս կկորցնեն վստահությունը ժողովրդավարության համակարգերի նկատմամբ: Նրանք հանդիսավոր խոստում են տվել իրականացնելու կայուն զարգացման գլոբալ ծրագիրը, որտեղ բացարձակ առաջնահերթություն է տրվում այն խոր անդունդի վերացմանը, որը մարդկային հասարակությունը բաժանում է հարուստների և աղքատների:
Գագաթաժողովի մասնակիցները հայտարարել են, որ հավատարիմ են մնում 10 տարի առաջ Ռիո դե Ժանեյրոյում շրջակա միջավայրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի համաժողովի, մասնավորապես «Հազարամյակի հռչակագրի», սկզբունքներին, որոնց հիման վրա ընդունվել է 21-րդ դարի Օրակարգի գլոբալ ծրագիրը: Նշվել է, որ Ռիոյի և Յոհանեսբուրգի հանդիպումների միջև ընկած տարիներին ՄԱԿ-ի հովանու ներքո աշխատանքը ակտիվորեն շարունակվել է: Նրանք հավաստել են, որ հավաքական պատասխանատվություն են վերցնում նաև Յոհանեսբուրգում համաձայնեցված կայուն զարգացման անհետաձգելի խնդիրների լուծման համար:
Մեր ժամանակի առջև ծառացած ամենաանհետաձգելի խնդիրների թվում երկրների ղեկավարները նշել են աղքատությունը, զարգացման անբավարար մակարդակը, շրջակա միջավայրի հետընթացն ու սոցիալական և տնտեսական անհավասարությունը ինչպես երկրների ներսում, այնպես էլ դրանց միջև: Նրանք ընդգծել են, որ զարգացած և զարգացող երկրների միջև մշտապես մեծացող խզումը էական վտանգ է ստեղծում Երկրագնդի կայունության, անվտանգության և բարօրության համար: Ընդունելով, որ Ռիո դե Ժանեյրոյի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ առաջադրված նպատակները չեն իրականացել, փաստաթղթի հեղինակները նշել են մեր մոլորակի վրա կյանքի ղեկավարման մեթոդների փոփոխության անհրաժեշտությունը: Եվ քանի որ նոր հազարամյակի հիմնախնդիրները ծառացած են բոլորի առջև, փաստաթղթում ամրագրվել է, որ Յոհանսբուրգի Կայուն զարգացման գագաթաժողովը յուրօրինակ հիմք է ապահովել ինչպես զարգացման վերլուծության, այնպես էլ գործողությունների շեշտը դրանց իրականացման վրա տեղափոխելու համար:
Փաստաթղթում ընդգծվել է, որ կայուն զարգացման վերաբերյալ յոհանեսբուրգյան հետևողական և համալիր պարտավորության ընդունումը արդյունք է առանձին ու բազմակողմանի գործընթացների: Գագաթաժողովի մասնակիցները հավաստել են, որ կայուն զարգացման հասնելու համար անհրաժեշտ են ժողովրդավարություն, օրինականություն, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն, խաղաղության և անվտանգության նվաճում: Նրանք հաստատել են, որ չնայած եղած տարբերություններին, ի շահ փոփոխությունների, կառուցողական գործակցությունն, այնուամենայնիվ, հնարավոր է: Նշվել է մշակութային բազմազանության և արժեքների տարբեր համակարգերի, ինչպես նաև բնիկ ժողովուրդների շահերի պաշտպանության գաղափարի հարգման անհրաժեշտությունը:
Գագաթաժողովի մասնակիցները շեշտել են մարդկային արժանապատվության ապահովման, մաքուր ջրին, էներգիային, բժշկա-սանիտարական օգնությանը, պարենային անվտանգությանն ու կենսաբազմազանությանը հասու լինելու հիմնական պայմանների բավարարման կարևորությունը: Միաժամանակ ընդգծվել է տեխնոլոգիայի, կրթության և պատրաստության, ինչպես նաև աշխատանքով ապահովման հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը:
Երկրների ղեկավարները հայտարարել են, որ գլոբալ հասարակությունը համապատասխան ռեսուրսներ ունի ամբողջ մարդկության առջև ծառացած կայուն զարգացման խնդիրները լուծելու համար: Նրանք ընդունել են այդ ճանապարհին եղած հնարավորությունների ավելացման, համաձայնեցված պարտավորությունները նախանշված ժամկետներում իրագործելու, զարգացող երկրների տնտեսական աճի ու զարգացման համար ուղղակի օտարերկրյա ներդրումների ապահովման անհրաժեշտությունը:
Գագաթաժողովի մասնակիցները պաշտպանել և ողջունել են առավել ուժեղ տարածաշրջանային խմբավորումների և միությունների ստեղծումը տարածաշրջանային համագործակցությունն ու կայուն զարգացումը խթանելու համար, ընդգծել են արդար, կանխատեսելի ու բազմակողմանի առևտրային համակարգի ստեղծման կարևորությունը յոհանեսբուրգյան պարտավորության իրականացման համար: Նշելով առողջ ու բեղմնավոր, բնության հետ ներդաշնակ կյանքով ապրելու մարդու իրավունքը, փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնել, որ աղքատության, բնակարանային պայմանների անբավարարության, էկոլոգիական աննպաստ պայմանների, մատչելի դեղորայքի բացակայության և թույլ զարգացած առողջապահական ենթակառուցվածքների հետևանքով միլիարդավոր մարդիկ առաջվա նման ենթակա են այնպիսի հիվանդությունների (ՁԻԱՀ, տուբերկուլյոզ, մալարիա և մի շարք մանկական հիվանդություններ), որոնցից կարելի է խուսափել և մահանում են վաղ հասակում: Նրանք պարտավորվել են իրականացնել գոյություն ունեցող բոլոր միջազգային համաձայնագրերը էներգիայի օգտագործման տարբեր ձևերի հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասների կանխարգելման ու վերացման համար, առաջիկայում ևս ձգտել ընդունելու կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծման գլոբալ և հեռանկարային պարտավորություն: Այս կապակցությամբ նշվել է հատկապես կղզյակային փոքր պետությունների մտահոգությունը:
Գագաթաժողովի մասնակիցները պարտավորվել են լուծել զարգացող երկրներին առնչվող էներգիայի անբավարարության խնդիրը:
Բոլոր մարդկանց գոյության համար կայուն միջոցների ապահովման առաջնահերթ խնդիրների թվում երկրների ղեկավարները նշել են ներկայումս ազգային և գլոբալ մակարդակներում կենսաբանական բազմազանության կորստի գործընթացի դանդաղումը: Նրանք պարտավորվել են միջոցներ ձեռնարկել տարերային աղետների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական հետևանքների նվազեցման ուղղությամբ միջազգային համագործակցության, անվտանգ տեխնոլոգիաների գործադրման և վաղ կանխարգելման համակարգերի հետագա զարգացման ճանապարհով:
Փաստաթղթի հեղինակները նշել են, որ կայուն զարգացումը ենթադրում է նաև բնակչության լայն մասնակցությունը քաղաքականության մշակմանը, լուծումների ընդունմանն ու դրանց իրագործմանը տարբեր մակարդակներում: Նրանք պարտավորվել են կայուն գործընկերային հարաբերություններ պահպանել մասնավոր սեկտորի, աշխատավորության, քաղաքացիական հասարակության հետ:
Յոհանեսբուրգյան պարտավորության շրջանակներում երկրների ղեկավարները պարտավորվել են կատարելագործել տեղական կառավարման համակարգը, ընդունել են հասարակության կյանքում կանանց կենտրոնական տեղն ու նրանց դերը կայուն զարգացմանը նպաստելու գործում նշելով, որ կանանց էմանսիպացիայի և սեռերի միջև հավասարության ապահովման հայեցակետերը անհրաժեշտ է ներառել 21-րդ դարի Օրակարգի շրջանակներում իրականացվող բոլոր միջոցառումներում:
Ընդունելով բոլոր մարդանց համերաշխության ամրապնդման կարևորությունը, երկրների ղեկավարները կոչ են արել զարգացնելու երկխոսությունն ու համագործակցությունը աշխարհի բոլոր ժողովուրդների և մշակույթների միջև անկախ ազգությունից, հաշմանդամությունից, կրոնից, լեզվից, մշակույթից և ավանդույթներից:
Նրանք վերստին հաստատել են ռասիզմի, սեռական և այլ տիպի խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարի իրենց պարտավորությունը:
Երկրների ղեկավարները հայտարարել են յուրաքանչյուրն առանձին և միասին, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարելու իրենց պատրաստակամությունը, նշելով նաև, որ զինված բախումներն ու պատերազմները ըստ էության չեն նպաստում կայուն զարգացմանը: Գագաթաժողովի մասնակիցները վերստին իրենց անհամաձայնությունն են հայտնել օտարերկրյա օկուպացման վերաբերյալ և հաստատել բոլոր ժողովուրդների ինքնորոշման ու սեփական բնական ռեսուրսների վերահսկման իրավունքը: Նրանք առարկել են այն բանի դեմ, որ հանուն քաղաքական նպատակների, ցանկացած կարիքավոր ժողովրդի մերժվի պարենի հատկացումը վերստին հաստատելով ՄԱԿ-ի տնտեսական պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Հազարամյակի հռչակագրում շարադրված իրենց դիրքորոշումը:
Ըստ փաստաթղթի հեղինակների, կայուն զարգացման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գլոբալ կառավարման ժողովրդավարական համակարգ, որը ենթադրում է միջազգային ու բազմակողմանի հասարակությունների ամրապնդում և դրանց հաշվետու լինելու ապահովում: Նրանք հաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին ու նպատակներին, ինչպես նաև բազմակողմանի մոտեցման ամրապնդմանը, ընդունել են ՄԱԿ-ի առաջատար դերը որպես աշխարհի ամենաունիվերսալ և ներկայացուցչական կազմակերպության, որն առավել ընդունակ է նպաստելու կայուն զարգացմանը:
Գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարները կոչ են արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային սահմանելու հետագա միջոցառունմերի իրագործման մեխանիզմ, կայուն զարգացման Գագաթաժողովի արդյունքների իրագործման վերահսկման ու գնահատման պարզեցման համար:
Երկրների ղեկավարներն իրենց կատարյալ հավանությունն են տվել Յոհանեսբուրգի կայուն զարգացման պարտավորությանն ու հավաստել են նրա բոլոր դրույթներն իրագործելու իրենց վճռականությունը: