երկուշաբթի, 26 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ և նրա աշխատակազմին ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանին: Ներկայացնելով ԶՀԳ-ի նոր ղեկավարին, վարչապետը, մասնավորապես, ասել է.
«Ձեզանից շատերը, թերևս, ծանոթ են պարոն Հարությունյանին` որպես մասնագետի, նաև ծրագրերի իրականացման գործակալության տնօրենի, մի մարդու, ով փորձ ունի այդ բնագավառում: Ես համոզված եմ, որ պարոն Հարությունյանի նշանակումը ձեր կողմից կընդունվի` այն առումով, որ նա կկարողանա համախմբել ձեզ և նոր շունչ հաղորդել Զարգացման գործակալությանը: Գաղտնիք չէ, որ գործակալության գործունեությունը խիստ կարևոր է, մանավանդ, այս փուլում, երբ մեր տնտեսության զարգացումը պետք է նոր որակ ստանա, ու նաև ձեր աշխատանքով է էապես պայմանավորված լինելու, թե ինչպիսի՞ ներդրումներ են գալու Հայաստան և դրանից ելնելով, մեր տնտեսությունը ի՞նչ նոր կառուցվածք է ունենալու, միևնույն ժամանակ, ի՞նչ գործառույթներ ենք իրականացնելու, որպեսզի խթանենք արտահանումը: Մենք համոզված ենք, որ առաջին հերթին նոր շեշտադրումները պետք է լինեն գիտատար ճյուղերի վրա և ակնկալում ենք, որ դուք ինքներդ` լինելով ինտելեկտուալ միջավայր և ինտելեկտուալ ներուժի վրա հիմնված ինստիտուտ, շատ լավ գիտակցում եք, որ դա է լինելու մեր երկրի մրցակցային առավելությունը: Մոտակա տարիների գործունեության առանձնահատկությունը կայանալու է նրանում, որ կառավարությունը մատնանշել է մեր երկրի զարգացման նոր ռազմավարություն, նոր առաջնահերթություններ: Դրանցից կարևորն այն է, որ իրականացնելու ենք նաև համահայկական ծրագրեր, և այդ ծրագրերն իրականացնելու համար ստեղծել ենք մի նոր գործիք` Ազգային մրցունակության խորհուրդ: Սա նշանակում է, որ նաև Զարգացման գործակալության հարաբերությունները Ազգային մրցունակության խորհրդի հետ լինելու են աշխատանքների մի նոր ուղղություն, քանի որ այդ փոխադարձ կապը մի կողմից` հնարավորություն է տալու ավելի մեծ թափ հաղորդել գործակալության աշխատանքներին, մյուս կողմից` ձեր գործունեությունը էապես կխթանի ազգային մրցունակության խորհրդի աշխատանքները: Այդ խորհուրդն արդեն մի քանի հետաքրքիր քննարկումներ ունեցել է, մատնանշել է այն առաջնահերթությունները, որոնցով զբաղվելու է, և դրանք նույնպես բխում են մեր կառավարության ծրագրի գերակայություններից: Ըստ էության, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը լինելու է այն կապող օղակը, որը միավորելու է տարբեր ծրագրեր. դրանք ե՛ւ Համաշխարհային բանկի, ե՛ւ Զարգացման հայկական գործակալության, ե՛ւ Ազգային մրցունակության խորհրդի ծրագրերն են, փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրերը, որոնք ամբողջացվում են հենց կառավարության համալիր ծրագրում: Մեզ համար չափազանց կարևոր է լինելու, որպեսզի ձեր գործունեության արդյունքները լինեն չափելի: Դա նշանակում է` երբ դուք մշակում եք ձեր ծրագրերը, պետք է կարողանաք նկարագրել, թե ի՞նչ արդյունքներ եք ակնկալում, որոնք պետք է ստանաք 2008, 2009 թվականներին և մինչև 2012 թվականը: Եթե ինքներդ ձեր առջև հստակ դնում եք այդ ծրագրերը, կարողանում եք նկարագրել, թե ի՞նչ արդյունքներ եք ուզում ստանալ, դա, բնականաբար, հնարավորություն է տալու նաև գնահատել ձեր աշխատանքի արդյունավետությունը: Դա մենք իրականացնում ենք նախարարություններում, կառավարությունում, ընդհանրապես, և պետք է խնդրենք, որպեսզի դուք ևս իրականացնեք ձեր գործակալությունում: Բնականաբար, դա ավելի կկազմակերպի ձեզ` այն առումով, որ ձեր աշխատանքների նպատակաուղղվածությունը էականորեն կբարձրանա, և մեր երկխոսությունը ձեզ հետ կլինի առարկայական: Մյուս կողմից` մասնավոր հատվածի ակնկալիքները ձեզանից ավելի հստակ կլինեն:
Ցանկանում եմ շնորհավորել պարոն Հարությունյանին: Համոզված եմ, որ ինչպես իր նախկին աշխատանքում նա ամբողջությամբ իրեն արդարացրել է և նրա աշխատանքից մշտապես գոհ են եղել ոչ միայն իր ղեկավարները, այլև իր աշխատակիցները, Զարգացման հայկական գործակալության կոլեկտիվը ևս գոհ կլինի նրա աշխատաոճից»: