երկուշաբթի, 9 սեպտեմբերի 2002
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆրանչեսկո Ֆրանջիալիին: Նշելով, որ 1997 թվականից այդ կազմակերպությանը լիիրավ անդամի կարգավիճակով անդամակցող մեր երկիրը անցած տարիներին ոլորտի զարգացմանն ուղղված բավականին աջակցություն է ստացել, Անդրանիկ Մարգարյանը դրանց թվում կարևորել է կազմակերպության օգնությամբ մշակված զբոսաշրջության մասին օրենքը, որը նախատեսվում է մինչև տարեվերջ ընդունել: Մեր տնտեսության մեջ զբոսաշրջության ոլորտը բիզնեսի կարևորագույն բաղկացուցիչ համարելով՝ վարչապետը հույս է հայտնել, որ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ այսուհետ ևս համագործակցելով, այն հնարավոր կլինի պատշաճ մակարդակի հասցնել՝ ապահովելով դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Պարոն Ֆրանջիալին զրույցի ընթացքում գոհունակությամբ է խոսել անցած 5 տարիներին Հայաստանի հետ համագործակցության մասին, նշելով, որ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է երկրում զբոսաշրջության զարգացումը խթանելու համար և որ տպավորված է ինչպես զբոսաշրջության զարգացման գործակալության ստեղծմամբ, այնպես էլ վերոհիշյալ օրենքի նախագծի առկայությամբ:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը խոսել է այս փուլում փոխգործակցությունը շատ ավելի գործնական, արդեն իսկ որոշակի ծրագրերի հարթություն տեղափոխելու անհրաժեշտության մասին: Նշելով, որ տպավորված է մեր երկրով ու ժողովրդով, պրն Ֆրանջիալին դրական է գնահատել նաև զբոսաշրջության բնագավառի զարգացման գործում պետության կողմից մասնավոր հատվածի գործոնի կարևորումը, ակտիվ ներգրավումն ու աջակցությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հույս են հայտնել, որ ոլորտի զարգացումը հնարավորություն կտա նաև աշխարհին լավագույնս ներկայացնել հայկական ազգային ավանդույթները, առանձնահատկությունները: