երկուշաբթի, 26 մայիսի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարման խորհուրդն ի գիտություն է ընդունել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի 2006թ. սեպտեմբերի 1-ից 2007թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ֆինանսական աուդիտի արդյունքները: Նշվել է, որ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից 2007թ. մարտի 16-ի նիստում հաստատված աուդիտի պլանի համաձայն, կազմակերպության ֆինանսական և ծրագրային գործունեությունը ենթակա է աուդիտի անկախ աուդիտորական ընկերության կողմից` տարեկան երկու անգամ` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո: Աուդիտորական ընկերության ընտրության մրցույթի արդյունքում, «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերությունն ընտրվել է որպես «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ֆինանսական գործունեության աուդիտն իրականացնող կազմակերպություն: Ընկերության հետ կնքվել է համապատասխան պայմանագիր` մինչև 2008թ. դեկտեմբերի 31-ը արդեն իսկ անկախ աուդիտ իրականացնելու համար: Նշվել է նաև, որ 2006թ. սեպտեմբերի 1-ից 2007թ. դեկտեմբերի 31-ն ընկած երկու ժամանակահատվածների համար աուդիտն իրականացվել է, համապատասխան հաշվետվությունները ներկայացվել և հաստատվել են «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր տեսուչի գրասենյակի կողմից: Միաժամանակ, ընդգծվել է, որ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի և ֆինանսական գործակալի ղեկավարությունը` հաշվի առնելով աուդիտորական կազմակերպության դիտողությունները, համապատասխան միջոցներ է ձեռնարկել ներքին վերահսկողության համակարգում առկա բացթողումների վերացման ուղղությամբ, որոնք, ըստ նրանց, չէին կարող հանգեցնել էական թերությունների:
Նիստում կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Մոնիթորինգի և գնահատման պլանի (ՄԳՊ) վերանայված տարբերակը: Նշվել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրի մոնիթորինգը և գնահատումը ծրագրի բոլոր բաղադրիչների կարևորագույն մասն են և իրականացվելու են ծրագրի բոլոր փուլերում: ՄԳՊ-ի առաջին տարբերակը հաստատվել է կառավարման խորհրդի 2006թ. սեպտեմբերի 26-ի նիստում, իսկ ՀՄԿ-ի կողմից` 2006թ. դեկտեմբերի 26-ին: Այդուհանդերձ, անհրաժեշտություն է առաջացել առաջիկա ամիսների ընթացքում իրականացնել ՄԳՊ-ի երկու վերանայում, որոնք պայմանավորված են ծրագրային որոշ նկատառումներով: Ընդգծվել է, որ մասնավորապես, ՀՄԿ-ի հետ տարբեր երկրների համաձայնագրերի իրականացման փորձը ցույց է տվել, որ ծրագրերի իրականացման առաջին տարիներին չեն կատարվում ծրագրային տարբեր մակարդակի արդյունքների ձեռքբերմանն ուղղված որոշակի աշխատանքներ, հետևաբար` ձեռք բերված արդյունքները սահմանափակ են և տպավորություն է ստեղծվում, թե ծավալուն գործունեություն չի իրականացվում: Այդ նկատառումով` ՀՄԿ-ի առաջարկով, ծրագրային արդյունքների մասին ցուցանիշները լրացվել են ընթացիկ աշխատանքային առաջընթացն արձանագրող ցուցանիշներով, որոնք հնարավորություն կտան ծրագրային և քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև հանրությանը տեղեկացնել ծրագրերի առաջընթացի մասին: Պլանի վերանայված տարբերակում արտացոլվել են նաև նախորդ 16 ամիսների գործունեության արդյունքում տվյալների որակի գնահատման և ազդեցության գնահատման աշխատանքների առավել հստակ դարձած մոտեցումները, հստակեցվել են նաև մոնիթորինգի և գնահատման գծով ակնկալվող գնումները և համապատասխան բյուջեն: Նշվել է, որ ՄԳՊ-ն նախատեսվում է ևս մեկ անգամ վերանայել օգոստոս-սեպտեմբերին, երբ վերջնականորեն պարզ կլինեն ոռոգման ենթակառուցվածքների ենթածրագրի ծավալները, ինչպես նաև ծրագրի ողջ ծավալի փոփոխման արդյունքում սահմանված կլինեն գյուղատնտեսական եկամտի աճի և գյուղատնտեսական աղքատության կրճատման վրա ամբողջ երկրի մասշտաբով ծրագրի ազդեցության իրատեսական թիրախները: Մոնիթորինգի և գնահատման պլանի փոփոխված տարբերակը կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:
Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում տեխնիկական խորհրդականի ընտրության արդյունքներն ու տեխնիկական առաջադրանքը, «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի մոնիթորինգի և գնահատման բաղադրիչի շրջանակներում գյուղատնտեսական գործունեության հետազոտության հաջորդ փուլերի համար խորհրդատվական ծառայությունների համար դիմած ընկերությունների կարճ ցուցակը և առաջարկների ներկայացման հրավերը, ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի «Երրորդ կարգի ջրանցքների վերականգնման նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները:
Նիստում խորհուրդը հաստատել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի և «Գյուղական ֆինանսավորման կառույց» ԾԻԳ պետական հիմնարկի միջև կնքված Իրականացման պայմանագրի 5-րդ հավելվածի փոփոխությունը ևս: