հինգշաբթի, 29 մայիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին:
Վարչապետն ընդգծել է, որ մեր երկիրը կարևորում է Իտալիայի հետ ձևավորված դարավոր բարեկամական հարաբերությունները, որոնք այսօր հատկապես տնտեսական և մշակութային ոլորտներում առավել զարգացման և ամրապնդման լավ հեռանկարներ ունեն: Այդ տեսանկյունից, երկուստեք կարևորվել է դեռևս 2005թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իտալիա կատարած պաշտոնական այցը, որը ՀՀ վարչապետի և Իտալիայի դեսպանի համոզմամբ, երկկողմ հարաբերությունները խթանելու և դրանց նոր թափ հաղորդելու առիթ դարձավ. «Ոչինչ այնքան մտերիմ չի դարձնում ազգերին, որքան մշակույթը», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում երկու երկրների նախագահների հովանու ներքո ու կառավարությունների որոշմամբ անցկացված «Հայ-իտալական բարեկամության օրեր» փառատոնը, որի շրջանակներում տեղի են ունեցել 70-ից ավելի մշակութային միջոցառումներ, համարել է հարաբերություններն ամրապնդելու լավ օրինակ: Այս համատեքստում կարևորվել է նաև ՀՀ-ի և Իտալիայի կառավարությունների միջև 2003թ. ստորագրված մշակութային, կրթական, գիտական և տեխնիկական բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիրը:
Հայաստանի կառավարության ղեկավարը, տնտեսական փոխգործակցության ակտիվացման առումով, ցանկալի է համարել նաև ֆինանսական հատվածում սերտ գործակցությունը, մասնավորապես` իտալական բանկերի մուտքը հայկական շուկա: Մասիմո Լավեցո Կասինելին ևս այս ոլորտում համագործակցության մեծ ներուժ տեսնելով, բավարար չի համարել առկա մակարդակը և նշել է, որ իտալական կողմը ցանկություն ունի Հայաստանում ավելացնել ուղղակի ներդրումները. «Կարծում եմ, Ձեր կառավարության ծրագրում նախատեսվում է տնտեսական այնպիսի բարենպաստ միջավայրի ձևավորում, որը կխթանի գործարարների ներգրավմանը հայկական շուկա»,-ասել է դիվանագետը` ՀՀ վարչապետի հետ քննարկելով փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում ստորագրված համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հնարավոր միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր: Իտալիայի դեսպանը նշել է նաև, որ տեղյակ է ՀՀ կառավարության ծրագրով Հայաստանի մրցունակության բարձրացման վերաբերյալ նախանշումներին և կարծում է, որ գլոբալիզացիայի այս ընդհանուր գործընթացում, աշխարհով մեկ սփռված հայությունն ավելի հետաքրքիր է դարձնում Հայաստանի ներգրավվածությունը այդ գործընթացին:
Վստահեցնելով, որ տնտեսական և մշակութային ոլորտներում մինչ այժմ իրականացված աշխատանքը իտալական կողմը շահագրգիռ և պատրաստակամ է շարունակել ու զարգացնել, դեսպան Մասիմո Լավեցո Կասինելին տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է նաև Հայաստանին հնագիտության բնագավառում աջակցություն` մասնավորապես, ռեստավրացիայի դպրոցի բացում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել` նշելով, որ երկկողմ ամուր հարաբերությունների հիմքի վրա, հնարավոր է նոր զարգացումներ ապահովել ամենատարբեր բնագավառներում: