ուրբաթ, 30 մայիսի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների — միաբանների համար կապաների, փարաջաների և աշխատակիցների արտահագուստի ձևավորման և կարման աշխատանքների իրականացում», «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող` «Պուրակների ստեղծում Սյունիքի մարզի Դարբաս, Գորհայք և Քարահունջ համայնքներում» ծրագրերը:
«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրի նպատակն է Վանաձորի տարեցների տան խնամքի տակ գտնվող միայնակ, սոցիալապես անապահով տարեցների շուրջօրյա խնամքի կազմակերպումը, բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը, իսկ «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրն ուղղված է Հայաստանի մանկատների շրջանավարտներին ապաստան, կրթություն, մասնագիտություն, ինքնուրույն կյանքի հմտություններ և սոցիալական ադապտացիայի հնարավորություն տալու նպատակին:
Հաստատվել է նաև Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից «Հույսի շող» ծրագիրը, որի նպատակն է հագուստի, սննդի, տարբեր կենցաղային և հիգիենիկ պարագաների, գրենական պիտույքների անհատույց տրամադրումն անապահով ընտանիքներին, մանկապարտեզներին, դպրոցներին, ճամբարներին և կրթամշակութային կենտրոններին:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: