հինգշաբթի, 5 հունիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Հյուգ Մինգարելիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրով ամրագրված բարեփոխումների իրականացման ընթացքին, ՀՀ կառավարության ծրագրի գերակա ուղղություններին, դրանից բխող` երկրորդ սերնդի բարեփոխումների շրջանակում նախատեսվող առաջիկա ծրագրերին, տարածաշրջանային համագործակցության հարցերին, այդ համատեքստում նաև` հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և մի շարք այլ հարցերի:
Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ԵՀՔ գործողությունների ծրագրի մշակման և իրականացման գործում Եվրոպական Միության աջակցության համար, միաժամանակ ընդգծելով, որ այդ ծրագիրն ամբողջովին համահունչ է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններին և ընկած է նախատեսվող բարեփոխումների հիմքում: Տիգրան Սարգսյանը, ընդհանուր խնդիրների շարքում, առանձնացրել և խոսել է կառավարման համակարգի բարեփոխումների, իբրև դրանց բաղկացուցիչ` հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման, շահերի բացահայտման ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին:
ՀՀ կառավարության ղեկավարը նշել է նաև, որ ԵՄ-ի հետ մեր երկրի համագործակցության բոլոր երեք ուղղություններով` ընդհանուր գաղափարախոսության և ծրագրի, տարածաշրջանային ու երկկողմ համագործակցության, լուրջ անելիքներ կան և ԵՄ-ի օժանդակությունն անհրաժեշտ է հնարավորինս արդյունավետ օգտագործել:
Տիգրան Սարգսյանը կարևորել է բարեփոխումների իրականացման տեսանկյունից ինստիտուցիոնալ ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և վստահության ու հավատի ամրապնդումը` ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
ՀՀ կառավարության ղեկավարը և Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալը խոսել են նաև ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգի» (GSP ) առևտրային ռեժիմին Հայաստանի միանալու, ԵՄ-ից շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու կարևորության մասին, որը տնտեսական դաշտում զգալի թափ կհաղորդեր բարեփոխումներին և կնպաստեր մի շարք խնդիրների լուծմանը: