ուրբաթ, 20 սեպտեմբերի 2002
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կայացել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի (ԱԳՄԿ) խորհրդի ընդլայնված նիստը, որին հրավիրված էր մասնակցելու ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից վարչապետը ողջունել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի և Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախաձեռնությունը՝ Հայաստանում կոնգրեսի ընդլանված նիստի անցկացման վերաբերյալ: Նա բարձր է գնահատել 22 երկրների Արդյունաբերողների և գործարարների ազգային միություններ միավորող միջազգային կոնգրեսի գործունեությունը, որն արդեն մեկ տասնամյակ նպաստում է գործարար շրջանակների միջև բազմակողմ տնտեսական կապերի զարգացմանը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Չինաստանի, Լիտվայի և այլ երկրների գործարար շրջանակների ավելի քան 60 պատվիրակների ներկայությունը լուրջ հիմքեր է ստեղծում՝ իրական արդյունքներ ակնկալելու ներկա համաժողովից:
Վարչապետն ընդգծել է հատկապես Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև գործարար կապերի նշանակությունը: Հիշեցնելով, որ Ռուսաստանն առաջին տեղն է գրավում ՀՀ-ի առևտրային գործընկերների շարքում, նա նշել է, որ երկու երկրների գործարար կապերի զարգացմանը նպաստում են վերջին տարիներին ստորագրված կարևոր մի շարք փաստաթղթեր՝ մասնավորապես, մինչև 2010թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության պայմանագիրը, Հայաստանի մարզային վարչական մարմինների և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների վարչական մարմինների (կառավարությունների) միջև համագործակցության սկզբունքների մասին համաձայնագիրը, որոնք իրավական հիմք են ապահովում երկու երկրների առևտրատնտեսական կապերի հետագա խորացման և ընդլայնման համար: Նշելով, որ նման պայմանագրեր ու համաձայնագրեր կնքված են նաև Միջազգային կոնգրեսի մասնակից այլ պետությունների հետ, Անդրանիկ Մարգարյանը հավաստել է, որ խոսքն այժմ արդեն գործարար շրջանակներինն ու դրանք միավորող հասարակական կազմակերպություններինն է:
Վարչապետը հույս է հայտնել, որ ընդլայնված նիստի աշխատանքին ԱՊՀ-ի, Բալթյան երկրների, Արևելյան Եվրոպայի և Չինաստանի արդյունաբերողների և գործարարների ազգային միությունների ներկայացուցիչների մասնակցությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարության հետ նրանց գործնական շփումները կխթանեն այդ երկրների և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացումը: Այդ խնդրին նպաստող գործոնների թվում վարչապետը նշել է նաև Հայաստանում ներդրումային բարենպաստ մթնոլորտի, քաղաքական կայունության, աշխարհագրական նպաստավոր դիրքի, հստակ և կայուն հարկային ռեժիմի առկայությունը՝ նկատելով, որ ով բացում է Հայաստանի շուկան, այդպիսով բացում է նաև մերձավորարևելյան և ասիական շուկաները: Գործարարներին ու ազգային միությունների ղեկավարներին ուղղված խոսքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է. «Կարծում եմ, որ ավելի մոտիկից ծանոթանալով և ընդհանուր շահերը որոշակիացնելով, կարելի է լավ աշխատել հանդիպումների շրջանակներում, որտեղ կներկայացվեն բազմաթիվ ներդրումային նախագծեր և ծրագրեր»:
Վարչապետը նիստի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արգասաբեր աշխատանք: