ուրբաթ, 20 սեպտեմբերի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայաստանի անկախության 11-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ: Անցած տարիները ցույց տվեցին, որ անկախությունը մեր երկրի ու ժողովրդի համար այլընտրանք չունի: Միայն ժողովրդավարության, իրավական պետության, քաղաքացիական հասարակության կառուցման՝ 11 տարի առաջ ընտրված ուղիով կարելի է հասնել դարեր շարունակ մեր ժողովրդի երազած ազատ, անկախ ապրելու, աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների և պետությունների հետ համաքայլ ընթանալու, ժողովրդի արժանապատիվ գոյության համար լավագույն պայմաններ ստեղծելու նպատակին: Այսօր մեր պետությունը, մենք բոլորս արժանին ենք հատուցում նաև անկախության սուրբ պայքարին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների անմոռաց հիշատակին: Նաև նրանց անձնազոհության շնորհիվ է, որ չնայած բոլոր փորձություններին ու դժվարություններին, որոնք այսօր էլ դեռ լիովին հաղթահարված չեն, անսասան մնաց մեր հավատը անկախության և ազատության գաղափարների նկատմամբ: Համոզված եմ, որ ամուր այդ հավատը, վստահությունը մեր անկախ պետականության ապագայի նկատմամբ, մեզ չի լքի այսուհետ ևս: Դրա համար պահանջվում է միայն մեր բոլորի՝ իշխանությունների, քաղաքական ուժերի, ամբողջ հասարակության համախմբվածությունը անկախ պետականության գաղափարի շուրջը, եղած հիմնախնդիրների հաղթահարմանն ու ժողովրդի բարօրությանն ուղղված մեր ջանքերի միասնականությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս անկախության տարեդարձի առթիվ և ցանկանում հատարև խաղաղություն, երջանկություն, տոկունություն՝ հանուն մեր անկախ պետականության հզորացման: