չորեքշաբթի, 11 հունիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ծավալած արդյունավետ գործունեության համար, որն ընդգրկում է տարբեր ոլորտներ և խնդիրների լայն շրջանակ` միաժամանակ ՀՀ կառավարության անունից հայտնելով համագործակցության պատրաստակամություն:
Հանդիպման ժամանակ Սերգեյ Կապինոսը խոսել է ռազմաքաղաքական, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների ու ժողովրդավարության ուղղություններով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ընթացիկ գործունեության և ծրագրերի մասին: Ըստ նրա, գրասենյակն ուշադրությամբ հետևում է ՀՀ-ում ընթացող զարգացումներին, ՀՀ կառավարության գործունեությանը և շահագրգիռ է, ի թիվս վերոնշյալ երեք հիմնական ուղղություններով տարվող աշխատանքի, օժանդակություն ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարության մշակման, փոքր ու միջին ձեռնարկատիրության խրախուսման գործում: Սերգեյ Կապինոսը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին նախատեսվում է անցկացնել համահայկական օրհուսյան համաժողով` բնապահպանական խնդիրների լուծմանը հասարակությանն ավելի լայնորեն ներգրավելու նպատակով:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև քաղաքացիներին` իրենց իրավունքներին լավագույնս իրազեկելու, տարբեր ծրագրերի միջոցով այս հարցում տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու խնդիրը: