չորեքշաբթի, 11 հունիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:
Վարչապետը ողջունել է երիտասարդական հասարակական այդ կազմակերպության կողմից Հայաստանում ԱՄՆ դեպանատան աջակցությամբ իրականացվող «Սովորենք ժողովրդավարություն» կրթադաստիարակչական ծրագիրը: Տիգրան Սարգսյանը կարևորել է երիտասարդության ակտիվությունը, ցանկությունը` ներգրավված լինելու տարբեր ծրագրերում: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է համագործակցելու երիտասարդության հետ, ինչը ըստ նրա, կօգնի ավելի լավ պատկերացնելու աճող սերնդի հիմնախնդիրները և արդյունավետորեն լուծելու դրանք:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին` կազմակերպության անդամներին ընդունելու և աջակցության պատրաստակամության համար, կազմակերպության ղեկավար Նարինե Սարգսյանն ընդգծել է, որ այսօրվա պատանիներն ու երիտասարդները վաղվա մեր ընտրողներն են և կարևոր է, որ նրանք ճիշտ պատկերացում ունենան ժողովրդավարական արժեքների մասին, ու այդ գիտելիքները փոխանցեն նաև ուրիշներին:
Հանդիպման ժամանակ ծավալված բաց ու անկեղծ զրույցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի և հաջողություն մաղթել նրանց իրենց նպատակների իրագործման մեջ: