հինգշաբթի, 26 սեպտեմբերի 2002
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Ելնելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը հաստատեց ՀՀ բնապահպանության նախարարության Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի, ինչպես նաև օգտակար հանածոների պաշարների ու երկրաբանական գործակալությունների կանոնադրություններն ու կառուցվածքները:
Մեկ այլ որոշմամբ բնապահպանության նախարարության «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» և «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
Գործադիրը հաստատեց «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգը»։
Հայաստանի Հանրապետությունում հանգրվանած փախստական ընտանիքների բնակարանային հիմնախնդիրների լուծման նպատակով, կառավարությունը որոշեց Երևանի քաղաքապետարանի տնօրինության N14 հանրակրթական գիշերօթիկ դպրոցի հանրակացարանային մասնաշենքը` 10783 հազար դրամ հաշվեկշռային արժեքով, հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը` այն սահմանված կարգով միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցներով վերակառուցելու և որպես բնակարաններ` հանրակացարանում և ժամանակավոր այլ կացարաններում բնակվող փախստական ընտանիքներին հատկացնելու համար։ Շենքի վերակառուցման արդյունքում բնակարաններով կապահովվի շուրջ 35 ընտանիք։
Հայաստանի հետ Նիդեռլանդների համագործակցության ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի կողմից 2000-2001թթ. հանրապետություն ներմուծված ապրանքների համար «Ագրո Վիժիոն Հոլանդ» հոլանդական ընկերության կողմից վճարված գումարները փոխհատուցելու նպատակով, կառավարությունը որոշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնին հատկացնել 1385788 դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
«Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատեց նաև միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների նոր ցանկը, նաև` միջին մասնագիտական կրթության այն մասնագիտությունների, որոնց գծով թույլատրվում է հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթության կազմակերպումը։
Գործադիրը հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին։
Նիստում որոշում ընդունվեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության միջև եզրակացությունների (սերտիֆիկատների) փոխադարձաբար ճանաչման մասին միջգերատեսչական համաձայնագիրը հաստատելու վերաբերյալ:
Առանձին որոշումներով կառավարության անդամները համաձայնություն տվեցին նաև «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի գործադիր իշխանության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին», «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև պետական սահմանում անձանց փոխանցման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Նիստում որոշումներ ընդունվեցին բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ:
Կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի նախարարությանը հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ապահովել ՀՀ էներգետիկայի ընկերություններում (դրանց ցանկը նշված է որոշման հավելվածում) առկա սև և գունավոր մետաղների 6588.1 տոննա քանակությամբ ջարդոնների անհատույց` հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնումը ՀՀ պաշտպանության նախարարությանը։
Գործադիրը որոշում ընդունեց նաև «Սևան-Հրազդան կասկադ» ՓԲԸ-ի անշարժ գույքի գրավադրման թույլտվություն տալու մասին, որը նպատակ ունի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի` 1995-2001 թթ.-ի ընթացքում ներկրված միջուկային վառելիքի գծով ՌԴ ընկերությունների նկատմամբ ունեցած 32.0 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով պարտքերի մարման, ինչպես նաև 2002 թ.-ի համար անհրաժեշտ միջուկային վառելիքի` 6.7 մլն ԱՄՆ դոլար արժեքով նոր խմբաքանակի ներկրումը մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ապահովելու։ Գրավադրման երաշխավորությամբ պարտավորությունը կմարվի «Հայէերգո» ՓԲԸ-ի կողմից հետագա տարիների ընթացքում 77.4 մլն ԱՄՆ դոլար գումարի էլէներգիայի արատահանումից գոյացող հասույթի 50 տոկոսով։