ուրբաթ, 13 հունիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:
Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին` այդ թվում, տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Առևտրատնտեսական հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստմանը և հնարավորին շուտ անցկացմանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի նիստն անցկացնել ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին: Երկուստեք նշվել է, որ այդ ոլորտում առկա է փոխգործակցության դրական դինամիկա, ապրանքաշրջանառության ծավալները որոշակիորեն ավելացել են, ինչը, ըստ զրուցակիցների, պայմանավորված է նաև լաստանավային փոխադրումների գործարկմամբ: Աշխուժացել է նաև Հայաստանից և Ուկրաինայից դեպի միմյանց շուկաներ ապրանքների արտահանումը:
Կողմերն անդրադարձել են էներգետիկայի, մասնավորապես, ատոմային էներգետիկայի բնագավառում փոխգործակցությանը ևս, որտեղ Ուկրաինան զգալի փորձ ունի, և դեսպանի վստահեցմամբ, պատրաստ է փոխանցել Հայաստանին:
Ալեքսանդր Բոժկոն ՀՀ վարչապետից հետաքրքրվել է 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-ամյա տարելիցի միջոցառումներին այլ երկրներից, այդ թվում` Ուկրաինայից, երկրաշարժի հետևանքների վերացմանն աջակցություն ցուցաբերած շինարարական կամ այլ կազմակերպությունների ու անհատների հրավիրելու մտադրությունների մասին, ինչին Տիգրան Սարգսյանը դրական է պատասխանել, նշելով, որ ծրագրի շրջանակներում այդպիսի հրավերներ կլինեն:
Հանդիպման ժամանակ Ուկրաինայի դեսպանը ՀՀ վարչապետին համառոտակի ներկայացրել է նաև իր երկրի տնտեսական ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: