չորեքշաբթի, 25 սեպտեմբերի 2002
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ծրագրի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հանձնաժողովի անդամներն իրենց կարծիքն են արտահայտել ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի զեկույցի վերաբերյալ, որը մշակվել է միջազգային ու տեղական փորձագետներ ներառած խորհրդատվական խմբի կողմից: Այդ փաստաթղթի մշակման ընթացքում ակտիվ քննարկումներ են անցկացվել զանգվածային լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հետ:
Հանձնաժողովի անդամները, ներկայացված զեկույցում առանձին դրույթների, սահմանումների, մոտեցումների վերաբերյալ որոշակի դիտողություններ ու առաջարկություններ ունեին, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար առանձին մարմին ստեղծելու վերաբերյալ, որը հանձնաժողովի անդամների կողմից հիմնավորապես մերժվել է:
Հանձնաժողովը որոշեց 15 օր ժամկետ տալ փաստաթղթի խմբագրման, ամբողջական տեսքի բերելու համար, որն այնուհետև կուղարկվի նախարարություններին՝ ստանալու նրանց կարծիքն ու առաջարկները: Հոկտեմբերի վերջին այն արդեն վերջնական տեսքով կներկայացվի կառավարության անդամների դատին:
Ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որոշակի միջոցառումներ կառավարության կողմից ընթացքում էլ իրականացվում են՝ չսպասելով ծրագրի մշակմանը (օրինակ, պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակում տարվող աշխատանքները, «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական գնումների», «Լիցենզավորման մասին» և մի շարք այլ օրենքների ընդունումը և կիրառումը); նշվեց, որ հակակոռուպցիոն ծրագրից ևս պետք է բխեցվեն շատ որոշակի միջոցառումներ՝ դրանցից յուրաքանչյուրի համար հստակ պատասխանատուով և կատարման ժամկետով, որոնք տեղ կգտնեն կառավարության գործունեության միջոցառումների ցանկում: