հինգշաբթի, 19 հունիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը լրագրողների հետ իր հերթական ճեպազրույցում
«Ձեզ հետ հերթական այս հանդիպմանը ես պետք է անեմ չորս հայտարարություն: Քսան օր առաջ հանրապետության նախագահը հրավիրել էր մեծ խորհրդակցություն` խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ մենք քննարկեցինք հարկային և մաքսային վարչարարության հիմնախնդիրները, և հանրապետության նախագահի հիմնական ուղերձը, որ ցանկանում էր հնչեցնել, այն էր, որ պետության և մասնավոր հատվածի շահերը բիզնեսի ոլորտում համընկնում են. այսինքն` մենք պետք է արագ զարգացման հնարավորություն ապահովենք բիզնեսի համար: Հանրապետության նախագահի հանձնարարականով մշակված է հարկային և մաքսային վարչարարության բարելավման համալիր ծրագիր, որն իր հիմնական դրույթներով մենք արդեն իսկ ներկայացրել ենք հանրության դատին: Այդ ծրագիրն անցել է միջազգային փորձաքննություն և արժանացել մասնագետների բարձր գնահատականին:
Առաջին հայտարարությունը, որ ուզում եմ անել, հետևյալն է. ծրագրով նախատեսված էր, որ հանրապետության վարչապետի գլխավորությամբ ստեղծվելու է եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ, որն ամբողջ կազմով այսօր այստեղ է, և մենք հանրությանը ներկայացնում ենք, որ այդ խորհուրդը ստեղծված է: Խորհրդի խնդիրն է` համակարգել հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումները, վերահսկել այդ գործընթացը և մշտական կապի մեջ լինել հանրության ու բիզնեսի ոլորտի տարբեր կազմակերպությունների հետ:
Երկրորդ հայտարարությունը, որ ուզում եմ անել, այն է, որ բարձրագույն խորհրդին կից ստեղծվում է մոնիտորինգի խումբ, որը ղեկավարելու է Արամ Ղարիբյանը: Մեր քաղաքացիները կարող են այն հեռախոսահամարով, որն իրենց ներկայացվելու է և այն էլեկտրոնային հասցեով, որը ներկայացվելու է հանրությանը, իրենց բոլոր դիտողությունները, առաջարկությունները ներկայացնել, որոնք դառնալու են բարձրագույն խորհրդի քննարկման առարկա: Դրանով մենք ապահովելու ենք փոխադարձ կապ հանրության հետ` թե ինչպե՞ս է իրականացվում մեր համալիր ծրագիրը, ինչպիսի՞ դրական կամ բացասական հետևանքներ են դիտարկվում բարեփոխումների ընթացքում, և այդ օպերատիվ կապի շնորհիվ` ապահովելու ենք բարեփոխումների սահուն ընթացքը:
Երրորդ հայտարարությունը վերաբերում է մեր կարևորագույն առաջնահերթություններից մեկին: Այն է` առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Փոքր և միջին բիզնեսը պետության համար լինելու է գործընկեր և զգալու է, որ պետության կողմից կա լիակատար աջակցություն, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Այդ նպատակով մենք հայտարարում ենք, որ փոքր և միջին բիզնեսի զարգացման տարածքային կենտրոնները, որոնք բոլոր մարզերում գործում են, աջակցելու են փոքր ու միջին բիզնեսին` նաև հարկային և մաքսային վարչարարության ծրագրերը ներդնելու գործում: Սա նշանակում է, որ էլեկտրոնային կամ հեռախոսային այն հասցեներով, որ մենք տրամադրելու ենք փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, նրանք կարող են օգտվել այդ կենտրոնների ծառայություններից և այսուհետ այդ կենտրոնները նաև խորհրդատվություն ու տեղեկատվություն են տրամադրելու նրանց` մեր բարեփոխումների տրամաբանության մասին, ինչպես նաև օժանդակելու են փոքր և միջին բիզնեսին: Մասնավորապես, հիմնական սկզբունքները հետևյալն են` վարչարարությունը փոքր և միջին բիզնեսի ոլորտում մենք հասցնելու ենք նվազագույնի: Օժանդակությունը, այդ թվում` նաև հասանելի վարկերի ձևով, հասցնելու ենք առավելագույնի: Եվ երրորդը` ստեղծելու ենք այնպիսի միջավայր, որ հարկային մարմինների հետ փոքր և միջին բիզնեսի շփումներն իրականացվեն մասնագիտացված կառույցների կողմից, որոնց ծառայությունների գների նվազման ուղղությամբ կառավարությունը ձեռնարկելու է լրացուցիչ լուրջ միջոցառումներ:
Եվ չորրորդ հայտարարությունը, որը միգուցե ամենակարևորն է, այն է, որ ես անկեղծորեն խնդրում եմ զանգվածային լրատվական միջոցներից և հանրությունից աջակցություն: Աջակցություն, որպեսզի մեր բարեփոխումներն իրականություն դառնան: Հասկանալի է, որ այդ բարեփոխումներն իրականություն կդառնան, եթե լինի վստահություն, վստահություն` ձեր կողմից»:
Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է արծարծված խնդիրների վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող հարցերին:
* * *
Ուշադրություն
Փոքր և միջին ձեռնարկատիրության հարցերով խորհրդատվություն և աջակցություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի էլեկտրոնային հասցեով` info@smednc.am : Կենտրոնի գործունեության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.smednc.am կայքէջ:
Հարկային և մաքսային վարչարարության հետ կապված ընդհանուր բարեփոխումների վերաբերյալ դիմումներ, առաջարկություններ կարող եք ներկայացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի թեժ գծի` 527-000 հեռախոսահամարով և գրել hotline@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով: