երկուշաբթի, 23 հունիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի վիճակագրական ծառայության նախագահ Լուիջի Բիգգերիին և Իտալիայի վիճակագրական ծառայության միջազգային համագործակցության գրասենյակի տնօրեն Կլաուդիա Չինգոլանիին:
Մեր երկիր այցի նպատակը, ըստ հյուրերի, տվյալների պահպանման և վիճակագրության գաղտնիության մասով Հայաստանի օրենդրությունը ԵՄ օրենդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ տեխնիկական օժանդակություն ցուցաբերելն է:
Վարչապետը կարևորել է ՀՀ վիճակագրական ծառայության հետ Իտալիայի վիճակագրական ծառայության համագործակցությունը, որը երկուստեք գնահատվել է բավականին արդյունավետ: Այս կապակցությամբ, պարոն Լուիջի Բիգգերին նշել է, որ Հայաստանի իրենց գործընկերները որոշ չափով հետևել են իտալական փորձին և այս ընթացքում հասել են զգալի հաջողությունների:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, Հայաստանն այս ոլորտում ունի տարածաշրջանում առաջատարը լինելու հավակնություններ, և ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում լավագույններից ու բավականին ազդեցիկ համարվող Իտալիայի վիճակագրական ծառայության հետ փոխգործակցությունն այս հարցում չափազանց օգտակար կլինի Հայաստանի համար:
ՀՀ կառավարության ղեկավարը հյուրերի հետ քննարկել է վիճակագրության, այդ թվում` ֆինանսական վիճակագրության հավաքագրման, մշակման հետ կապված որոշակի խնդիրներ, այս հարցում ևս ակնկալելով Իտալիայի վիճծառայության աջակցությունը. «Մեզ համար շատ հաճելի և հեշտ է աշխատել հայ գործընկերների հետ, և մենք պատրաստ ենք այսպիսի հյուրընկալ երկրում առավելագույնս օգատակար լինել մեր փորձով ու կարողություններով»,- վարչապետի հետ հանդիպմանն ասել է Իտալիայի վիճծառայության նախագահ Լուիջի Բիգգերին: