երեքշաբթի, 24 հունիսի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) նախագահության անդամ` հանրապետության մի շարք խոշոր գործարարների և ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) անդամների մասնակցությամբ` հարկային բարեփոխումների ընթացքը, վարչարարության հետ կապված խնդիրները, այդ առումով, գործարար համայնքի մտահոգություններն ու առաջարկությունները քննարկելու նպատակով:
Խորհրդակցության սկզբում, վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել գործարարներին` հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ այսպիսի քննարկումները հնարավորություն կտան ավելի լավ պատկերացնելու հարկային բարեփոխումների ընթացքը, առաջացող խնդիրները և կնպաստեն հնարավորին կարճ ժամանակահատվածում համատեղ ուժերով բոլոր խոչընդոտները հաղթահարելուն, որպեսզի բիզնեսի համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ և Հայաստանում բիզնեսն արագ զարգանա: Տիգրան Սարգսյանը չափազանց կարևորել է հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումների, վարչարարության կատարելագործման ընթացքի հրապարակայնությունը` այն դիտելով հիշյալ գործընթացների նկատմամբ գործարար համայնքի կողմից վերահսկողության լրջագույն գործիք: Նա նշել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային ծառայության և մաքսային պետական կոմիտեի կայքէջերում արդեն իսկ տեսանելի են գործարարներին և հանրությանը հետաքրքրող մի շարք տեղեկություններ, այդ թվում` բոլոր ներմուծված ապրանքների, մաքսազերծման գների վերաբերյալ և այլն, որոնք բացառում են օրենքից դուրս գործողությունները և հավասար պայմաններ ստեղծում բոլոր տնտեսվարողների համար: Ըստ կառավարության ղեկավարի, սա նաև զգալիորեն կնպաստի իրականացվող քաղաքականության նկատմամբ վստահության մեծացմանը:
ՀԱԳ(Գ)Մ նախագահ, «Ապավեն» ՍՊԸ-ի ղեկավար Արսեն Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին` հանդիպման նախաձեռնությանը արագ արձագանքելու և առկա խնդիրները համատեղ քննարկելու պատրաստակամության համար. «Հատկապես հարկային վարչարարության կատարելագործման իմաստով ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո, հստակ խնդիրներ ձևավորվեցին, և այդ վարչարարությանը գնահատականներ տրվեցին: Մենք այն կառույցն ենք, որ արդեն շուրջ մեկ տարի է իրականացվող բարեփոխումներն առաջիններից մեկն ենք ողջունել` բազմիցս նշելով, որ օրինականության դաշտում աշխատելը տնտեսության զարգացման միակ ելքն է: Փաստաթղթային շրջանառության համատարած իրականացումը` ստվերի դեմ պայքարի գործուն մեթոդներից մեկը կարող է լինել: Ուրիշ ելք չունենք, քան ամբողջ տնտեսությունը` իրական իր ծավալներով, ցույց տալուց և իրական հարկային պարտականություններ իրականացնելուց: Այդ քաղաքական մոտեցումը համարձակ, մեր գնահատմամբ, նույնիսկ իր խիզախությամբ` հեղափոխական մոտեցումը, ողջունում ենք և կանգնած ենք կառավարության կողքին մեր խորհրդատվությամբ, փորձով, մեր դիտարկումներով, գնահատականներով, հաճախ նաև` քննադատական գնահատականներով, որպեսզի կարողանանք այդ բարդ խնդրին արագ լուծումներ գտնել, արագ արդյունավետության հասնել», - ընդգծել է ՀԱԳ(Գ)Մ նախագահը, նշելով, որ հանդիպմանը քննարկվելիք հիմնական խնդիրները ձևավորվել են միության նախագահության նիստերում: Խնդիրների շարքում, Արսեն Ղազարյանը նշել է խոշոր բիզնեսի լայնածավալ ստուգումները, որը, նրա կարծիքով, օբյեկտիվ անհրաժեշտություն է, սակայն ներկրումների ոլորտն ամբողջությամբ չկարգավորված լինելու պատճառով, ամբողջ իրացման շղթան հնարավոր չի լինում բացահայտել և արդյունքում` ներկայումս նկատվում է իրացման ծավալների անկում: Պատճառը, ըստ ՀԱԳ(Գ)Մ նախագահի, այն է, որ շուկան չի արձագանքում իրականացվող այս քաղաքականությանը. իրացման շուկա, խանութների շղթա, տոնավաճառներ դեռևս սպասման վիճակում են, չեն հավատում, որ այս լուրջ քաղաքականությունը հետևողական և շարունակական է լինելու: Մյուս խնդիրը, գործարարի հավաստմամբ, այն է, որ հոգեբանորեն մարդիկ պատրաստ չեն ընկալելու, որ հավասար մոտեցում է ցուցաբերվում բոլորի նկատմամբ: Արսեն Ղազարյանը մարզերում վիճակը առավել մտահոգիչ է համարել, նշելով, որ մայրաքաղաքից դուրս խանութների ընդամենը 20-30 տոկոսն է, որ գրանցված է որպես առևտուր կազմակերպող ընկերություն, ինչը թույլ չի տալիս իրական պատկերը բացահայտել, ու դրա դեմ պետք է պայքարել: Այս և մի շարք այլ խնդիրների մասին խոսելով, նա եզրակացրել է, որ` այժմ մենք ունենք այնպիսի վիճակ, երբ տարիներ շարունակ աշխատելով մի համակարգով, որոշակի տնտեսական ցուցանիշներ ներկայացնելով, մեկ ամսվա ընթացքում արմատապես իրականացվող լայնածավալ փոփոխությունները, որոշ դեպքերում այլընտրանքի լուծումներ չառաջարկելով, որոշակի վտանգներ են պարունակում տնտեսության բնականոն զարգացման համար: Այս առումով, նա կարևորել է ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչությանը կից ստեղծված հասարակական խորհրդի դերը ևս, որտեղ պատրաստակամություն կա հարկային վարչարարության սխալների, սուբյեկտիվ մոտեցումների դեպքում, ծառայողական քննություն իրականացնելու, գործարարների հետ բաց և ուղիղ քննարկումներ անցկացնելու հարցում:
ՀՀ վարչապետի մոտ գործարարների և Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի անդամների մասնակցությամբ խորհրդակցությանը ՀԱԳ(Գ)Մ նախագահից բացի, իրենց մտահոգություններն ու առաջարկություններն են ներկայացրել հանդիպմանը ներկա մյուս գործարարները ևս:
Խորհրդակցության ավարտին, վարչապետը շնորհակալություն է հայտնել անկեղծ և շահագրգիռ քննարկումների համար: Պատասխանելով գործարարների հարցադրումներին և մի շարք խնդիրների հետ կապված ներկայացնելով կառավարության մոտեցումները, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման, այդ ոլորտներում իրականացվող բարեփոխումների ճանապարհից կառավարությունը չի նահանջելու և հետևողական է լինելու, որպեսզի բոլորն աշխատեն փաստաթղթերով, ցույց տալով իրական ապրանքաշրջանառության ծավալները, որպեսզի որևէ գործարար ի վիճակի չլինի օրինական դաշտից դուրս գործունեություն իրականացնել և բոլոր իր գործընկերների հետ միասին մրցակցային հավասար պայմաններում աշխատի.
«Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր կողմից ներկրվող ապրանքների կողքին չեն լինելու ապօրինի ներկրվածներ, որ հենց սահմանին դա կանխվելու է, և ներկրումներն ամբողջությամբ լինելու են թափանցիկ: Շուկաներում իրացվող և մեծ մասամբ հաշվառումից դուրս մնացող ապրանքներն այլևս պետք է վաճառվեն նորմալ խանութներում, ամբողջությամբ փաստաթղթերով:
ԵՎԲԱԽ-ի գործունեության վերաբերյալ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ շաբաթական երեք նիստ է անցկացնում` քննարկելով հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման այն բոլոր խնդիրները, որոնք մտահոգում են ե՛ւ կառավարությանը, ե՛ւ գործարարներին: Վարչապետն ընդունել է խորհրդում նաև գործարարներից ներկայացուցիչ ընդգրկելու` գործարար համայնքի առաջարկությունը: