Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հունիսի 2008

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետն անդրադարձել է ՀՀ նախագահի կողմից կառավարության առջև դրված մի շարք խնդիրների, որոնք վերաբերել են պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հիշո՞ւմ եք, հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում կա հստակ թեզ այն մասին, որ կառավարության կողմից մատուցվող ծառայությունները պետք է լինեն որակյալ, մրցունակ, հասանելի մեր բոլոր քաղաքացիների համար: Հիմնականում պետությունից դժգոհությունը մեր քաղաքացիների մոտ ձևավորվում է հենց այդ դաշտում, երբ պետությունը քաղաքացիներին մատուցում է անորակ, ոչ ժամանակին ծառայություններ, ստեղծում է մեր քաղաքացիների համար խնդիրներ, և արդյունքում մենք ստանում ենք լուրջ դժգոհություն ու անվստահություն կառավարության նկատմամբ: Հանձնարարականը, որ տրվել էր բոլոր նախարարություններին և գերատեսչություններին, կայանում էր հետևյալում` մենք ձեզ հետ միասին պետք է գույքագրման ենթարկենք այն ծառայությունները, որ մատուցում ենք մեր քաղաքացիներին և դիտարկենք` որքանո՞վ են այդ ծառայությունները որակյալ: Պարբերաբար կառավարության նիստերում մենք պետք է անդրադառնանք այս խնդիրներին: Ամենակարևոր ոլորտը, որտեղ մենք մատուցում ենք ծառայություն` հարկային և մաքսային վարչարարությունն է, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ շփվում են անմիջականորեն պետության հետ, և այս բնագավառում մենք սկսել ենք լայնածավալ բարեփոխումներ: Դեռևս առաջին քայլերն ենք կատարում, և ես ուզում եմ ձեզ հաշվետվություն տալ այդ աշխատանքների մասին: Գիտեք, որ ստեղծվել է Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհուրդ, որը ես անձամբ եմ ղեկավարում: Այս խորհրդի կողմից հաստատված են համալիր ծրագրեր, որոնք տեղակայված են մաքսային և հարկային ծառայությունների կայքերում: Դա հնարավորություն է տալիս, որպեսզի դուք և մեր քաղաքացիները մշտապես հետևեն այդ միջոցառումներին` որքանո՞վ ենք մենք հետևողական, ամբողջ ծավալով այդ միջոցառումներն իրականացնում: Մենք շաբաթական ունենում ենք առնվազն երեք նիստ, որի ընթացքում քննարկվում են բոլոր կուտակված խնդիրները: Ընդ որում, իմ կողմից տրված է հանձնարարություն ե՛ւ մաքսային, ե՛ւ հարկային ծառայությունների ղեկավարներին, որ բոլոր բացահայտված խախտումների դեպքերը պետք է զեկուցվեն հանձնաժողովում: Հանձնաժողովի բոլոր անդամները պետք է տեղյակ լինեն այն պրոբլեմներից, որ այսօր առկա են Հայաստանի Հանրապետությունում: Ցանկացած միջնորդություն` ցանկացած պաշտոնատար անձի կողմից դառնում է մեր հանձնաժողովի քննարկման առարկան: Իհարկե, մենք դեռևս չենք հրապարակում այն մարդկանց անունները և ազգանունները, ովքեր փորձում են ճնշումներ գործադրել հարկային և մաքսային ծառայությունների վրա: Չենք հրապարակում, որովհետև գործում է անմեղության կանխավարկածը: Բայց պատրաստում ենք օրենսդրական փաթեթ, որի նպատակն է լինելու ապահովել հրապարակայնությունը այս ոլորտում, մասնավորապես` պատժամիջոցների մասին մենք հրապարակավ տեղեկատվություն ենք տալու հանրությանը, թե ո՞ր ոլորտում ի՞նչ խախտումներ են եղել: Կոնկրետ խախտումներ թույլ տվողների անուն ազգանունները հրապարակվելու են, նաև` պատժամիջոցները, որ կիրառում ենք այդ մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտություն կա, որպեսզի բոլոր նախարարությունները և գերատեսչություններն աջակցեն հարկային և մաքսային ծառայություններին, թույլ չտան, որպեսզի իրենց ենթակայության տակ աշխատող պաշտոնատար անձինք չարաշահեն պաշտոնական դիրքը: Դուք բոլորդ էլ տեղյակ եք, թե ովքեր են ձեր ոլորտում զբաղվում բիզնեսով, և այդ մարդկանց ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, որ իրավունք չունեն միջամտել հարկային և մաքսային ծառայությունների աշխատանքներին: Ձեզնից` բոլոր նախարարներից շատ բան է կախված, որ մենք այս ոլորտում ունենանք հաջողություն:

Ցավոք, պետք է արձանագրենք, որ մենք այսօր չենք վայելում բիզնես միջավայրի վստահությունը: Բիզնեսի ներկայացուցիչների հետ մեր հանդիպման ժամանակ նրանք հրապարակավ, հեռուստատեսությամբ հայտարարեցին դրա մասին, ասացին, որ` այո՛, դեռևս չկա վստահություն, որ պետությունը լինելու է հետևողական, որ չի նահանջելու, որ այն սկզբունքները, որոնք դրված են այդ ծրագրերում, ի կատար են ածվելու ամբողջությամբ: Իհարկե, դա լավ երևույթ չէ, որ մեզ չեն վստահում, բայց դրական շարժ է, որ նրանք անկաշկանդ, համարձակորեն դրա մասին հայտարարում են: Միայն մեր հետևողական աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք այդտեղ ունենալ լուրջ փոփոխություններ: Դեռևս այդ փոփոխությունները չկան, և այդ անվստահության համար կան օբյեկտիվ պատճառներ. մեկ օրվա ընթացքում այն ավանդույթները, որ ձևավորվել էին հարկային և մաքսային ծառայություններում, մենք չենք կարողանա վերացնել: Մենք ունենք հազարավոր կաշառակերներ, ընդ որում` պրոբլեմը կայանում է նրանում, որ այս հազարավոր կաշառակերներին երբ փոխում ենք, երաշխավորված չենք, որ եկողները նույն ավանդույթները չեն շարունակելու: Եթե մենք հարկային տեսչությունում ունենք երկու հազար հարկ հավաքող, ունենք երկու հարյուր հազար մարդ, որոնք երազում են այդ պաշտոնները զբաղեցնել: Բայց ո՛չ նրա համար, որ նրանք պատրաստ են ազնիվ ծառայել պետությանը, այլ` որովհետև տեսնում են հնարավորություն արագ հարստանալու: Այսինքն, սա նշանակում է, որ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ, որ անկախ նրանից, թե ինչ երիտասարդ աշխատակիցներ ներգրավված կլինեն այդ աշխատանքներում` բացառվի հնարավորությունը չարաշահելու պաշտոնական դիրքը: Իհարկե, չափազանց կարևոր է բարոյահոգեբանական մթնոլորտը, որպեսզի կաշառակերությունը դատապարտվի, որպեսզի երիտասարդները հասկանան, որ իրենք գնում են հարկային ծառայություն` ո՛չ թե օգտվելու ինչ-որ բարիքներից, այլ` ծառայություն մատուցելու և աշխատավարձ ստանալու: Եվ այդ մթնոլորտը մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք ձևավորել ՀՀ-ում, որպեսզի վստահություն լինի մեր նկատմամբ:

Հարկային և մաքսային ոլորտում բարեփոխումներն սկսված են, և մենք լինելու ենք հետևողական: Բայց սա չի նշանակում, որ այլ ոլորտներում, որտեղ մենք նույնպես ծառայություններ ենք մատուցում հանրությանը, չպետք է աչալուրջ լինենք: Նորանշանակ ոստիկանապետն արդեն բավականին խոստումնալից քայլեր է ձեռնարկում Երևան քաղաքում տրանսպորտի, երթևեկության ոլորտում լուրջ փոփոխություններ կատարելու համար: Դա, իհարկե, ոգևորում է մեզ և մեր քաղաքացիներին, որովհետև հույս է ներշնչում, որ այստեղ կունենանք լուրջ հաջողություններ: Մենք պետք է հետևողական լինենք այս ոլորտում: Խնդիրը նրանում է, որ ոչ միայն հարուստները և թանկարժեք մեքենաներ վարողներն են խախտում երթևեկության կանոնները: Այսինքն, հիվանդությունը, ցավոք, շատ ավելի խորն է: Սովորական մեքենա վարող մարդը նույնպես իրեն թույլ է տալիս խախտումներ անել: Իհարկե, մենք թիրախավորել ենք առաջին հերթին մեծահարուստներին, որովհետև նրանք ուշադրության կենտրոնում են: Եվ եթե կարողանանք այդտեղ բեկում մտցնել, մեզ ավելի հեշտ կլինի այս հիվանդությունը հաղթահարել:

Մենք ունենք մի խնդիր ևս, որն առնչվում է ոստիկանության հետ` դա անձնագրերի և հրավերների վարչության աշխատանքն է: Մենք ստանում ենք տասնյակ բողոքներ` ինչպես մեր քաղաքացիներից, այնպես էլ մեր հայրենակիցներից, որոնք գալիս են Հայաստան: Ակնհայտորեն, այս ոլորտում մենք ունենք լուրջ պրոբլեմ, դա` կաշառակերության պրոբլեմն է, երբ ծառայությունը մատուցվում է պետության անունից, բայց սակագներ են սահմանվում և մարդիկ գումար են շորթում: Այստեղ, կարծում եմ, ստեղծված է այնպիսի միջավայր, որը մենք պետք է չհանդուրժենք: Ես խնդրում եմ ոստիկանապետին` ներկայացնել առաջարկություններ, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի կարճ ժամկետում այդտեղ որակապես բարելավենք այն ծառայությունները, որ մատուցում ենք մեր քաղաքացիներին:

Եվ երկրորդ ոլորտը, որն ուզում եմ այսօր մատնանշել, գերեզմանատներում տիրող իրավիճակն է: Դուք բոլորդ երևի առնչվել եք այդ խնդրի հետ, ակնհայտորեն գիտեք, որ կաշառակերությունն այդտեղ ուղղակի ծաղկում է: Եթե ուզում եք լավ տեղ ստանալ, մեծ տեղ ստանալ` փողով հնարավոր է ամեն ինչ լուծել, ընդ որում` ցինիզմը հասել է գագաթնակետին, ոչ մի բան չի կաշկանդում մարդկանց: Անցյալ շաբաթ, մենք մեր գրոսմայստերներից մեկի հոր հուղարկավորության արարողությանն էինք մասնակցում: Հայտնի, տաղանդաշատ շախմատիստ է, շախմատի ֆեդերացիայի նախագահը ՀՀ նախագահն է, ես` փոխնախագահն եմ, այսինքն` բոլորը տեղյակ են, որ այդ տաղանդաշատ շախմատիստի հետ մենք անմիջական շփումների մեջ ենք, բայց դա ոչ մեկին չի կաշկանդում, որովհետև երկու հազար դոլար կաշառք են վերցնում գերեզմանատանը տեղ հատկացնելու համար: Ես կարծում եմ, որ այս հարցով մենք պետք է նույնպես ունենանք քննարկում, ակնկալում եմ տարածքային կառավարման նախարարությունից և քաղաքապետարանից առաջարկություններ` ի՞նչ փոփոխություններ պետք է կատարենք այս ոլորտում, որպեսզի նշված երևույթներից ձերբազատվենք, որովհետև այս երևույթները խայտառակում են մեզ: Համար մեկ պրոբլեմը Հայաստանի Հանրապետությունում` ժողովրդավարության պրոբլեմը չէ, ազատ խոսքի բացակայությունը չէ, դա` կաշառակերությունն է. համար մեկ պրոբլեմը, որը խոչընդոտում է մեր բոլոր բարեփոխումները: Եթե մենք չկարողանանք հավասար մրցակցային դաշտ ստեղծել տնտեսություն վարող սուբյեկտների համար, ոչ մի ժողովրդավարություն չի լինի Հայաստանում: Հիմքը, բազան դա է, իսկ կաշառակերությունը մեր համար մեկ թշնամին է: Ուրեմն, այս երկու ոլորտների վերաբերյալ` անձնագրերի և հրավերների վարչության աշխատանքների բարելավման, ինչպես նաև «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ի գործունեությունը և լիազորությունները դառնալու են մեր քննարկման առարկան, և մենք հանրությանը, ՀՀ նախագահին պետք է պարբերաբար զեկուցենք, թե սպասարկման ոլորտում ինչ կոնկրետ միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի մեր քաղաքացիները գոհ լինեն այն ծառայություններից, որ պետությունը նրանց այսօր մատուցում է»:

Այնուհետև անցնելով օրակարգի հարցերին, կառավարությունը հաստատել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը: «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված ծրագիրը ներառում է հարկերի վճարմանը, արտաքին առևտրին, պայմանագրերի կիրարկմանը, վարկերի ստացմանը, ներդրողների պաշտպանությանը, սեփականության գրանցմանը, աշխատանքային հարաբերությունների կանոնակարգմանը վերաբերող ավելի քան երկու տասնյակ միջոցառումներ: Հանձնարարվել է ՀՀ պետական կառավարման մարմիններին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 5-ը ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն: Հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը կատարված աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ:

«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 76 մլն 959.5 հազար դրամով: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ֆինանսների նախարարությանն է դիմել Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնը` ՀՀ 2008թ. պետական բյուջեով չնախատեսված ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող Աղքատության հաղթահարման չորրորդ վարկի նախապատրաստման դրամաշնորհային ծրագրի գծով հատկացված շուրջ 77 մլն դրամը և դրա հաշվին կատարված ծախսերը ՀՀ 2008թ. պետական բյուջեում արտացոլելու խնդրանքով: Նշվել է, որ հիշյալ վարկային ծրագիրը ՀՀ 2008թ. պետական բյուջեում չի արտացոլվել` դրա ավարտը 2007թ. դեկտեմբերի13-ին նախատեսված լինելու պատճառով: Որոշմամբ նաև համապատասխան վերաբաշխում է կատարվել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև փոփոխություններ` ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 47 մլն դրամ է հատկացրել ՀՀ Լոռու մարզպետարանին, որից Շիրակամուտ համայնքի կենտրոնի շենքի կառուցման նպատակով` 31 մլն դրամ և Լեռնապատ համայնքի կենտրոնի շենքի կառուցման նպատակով` 16 մլն դրամ: Եվս 16 մլն դրամ է հատկացվել ՀՀ Սյունիքի մարզպետարանին` Կոռնիձոր համայնքի կենտրոնի շենքի կառուցման համար: Որոշումն ընդունվել է` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական ներդրումների երրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից համայնքային աշխատանքների շրջանակներում յուրաքանչյուր օբյեկտի գծով ՀԲ-ի տրամադրված միջոցների թույլատրելի սահմանաչափը գերազանցող նախահաշվային արժեքով կառուցվող օբյեկտների ֆինանսավորման ապահովման նպատակով:

Այլ որոշումներով, ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 7 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 4 դպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքների ավարտման նպատակով: Եվս 8 մլն 875 հազար դրամ է հատկացվել` «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերի ֆինանսավորման համար:

ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 4 մլն 502.5 հազար դրամ է հատկացրել` ՀՀ Արագածոտնի մարզի Կանյաշիր համայնքի համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների իրականացման համար: Գումարը հատկացվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացված մրցույթների արդյունքում տնտեսված միջոցներից:

ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի N217-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 9 մլն 567.850 հազար դրամ է հատկացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը` ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի ՀՀ օդանավակայաններում 2008թ. առաջին եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման համար: Այդ թվում`«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին` 483.489 հազար դրամ, «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին` 9 մլն 84.381 հազար դրամ:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին 14 մլն 48.81 հազար դրամ է հատկացվել ՀՀ դատախազությանը` զինվորական դատախազության N 2 կայազորի նոր շենքի շինարարության նպատակով:

Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 28-ի N 1067-Ն որոշման մեջ, գործադիրն այդ որոշմամբ հաստատված հաշմանդամների վերականգնման բազային ծրագրի` պետության կողմից երաշխավորված և ՀՀ պետական բյուջեի ու օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին իրականացվող հաշմանդամներին անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների ցանկում ներառել է նաև աչքի պրոթեզավորման և ձայնաստեղծ սարքերով ապահովման ծառայությունները: Որոշման ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 3-ի N 44 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարության» պահանջներից և նպատակ ունի հաշմանդամների համար պայմաններ ստեղծել հասարակության մեջ լիարժեք ինտեգրվելու համար:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2008թ. գործունեության ծրագրի պահանջներից: Հիշյալ օրենքով նախատեսվում է կարգավորել ՀՀ պաշտպանության հիմքերը, կազմակերպումը, ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, կազմակերպման ու գործունեության սկզբունքները, գործառույթները, դրանց ղեկավարման, կառավարման, տեղակայման և օգտագործման հետ կապված հարաբերությունները, այլ զորքերի խնդիրները, ինչպես նաև պաշպանության բնագավառում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, հիմնարկների, այլ կազմակերպությունների գործառույթները, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների իրավունքները և պարտականությունները:

Գործադիրը հաստատել է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման կարգը և միասնական ռեեստրի ձևը: Որոշումն ընդունվել է «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև 2008թ. ընթացքում` ըստ ջրօգտագործողների ընկերությունների, պետական ֆինանսական աջակցության չափաքանակները: Որոշման համար հիմք են ընդունվել ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 8-ի N 188-Ն որոշմամբ հաստատված գնահատականները, ինչպես նաև հաշվի են առնվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թ. մարտի 1-ի N81-Ա որոշմամբ ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների համար հաստատված սակագները:

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը: Փաստաթուղթը կարգավորում է ՀՀ տարածքում գյուղատնտեսական կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում անասնահամաճարակի վարակի օջախի մեկուսացմանը, վերացմանն ու հիվանդության տարածման կանխմանն ուղղված կարանտինի սահմանման և անասնահամաճարակի վերացումից հետո կարանտինի չեղյալ հայտարարման հարաբերությունները:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» նամակ-համաձայնագրում 7-րդ փոփոխությունը կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկություններին:

Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գևորգյան ճեմարանի համակառույցում պահպանվող աստղադիտարանի շենքի խաթարվածության աստիճանը, պատմամշակութային արժեքի անկումը, ինչպես նաև վթարայնությամբ պայմանավորված հետագա օգտագործման վտանգավորությունը, գործադիրը ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 3-ի «ՀՀ Արմավիրի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1589-Ն որոշմամբ հաստատված ցուցակի համապատասխան կետը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը թույլատրել է «Ռադիո» ՓԲԸ-ին (ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս)` սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողատարածքների վրա տեղակայված «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրված անշարժ գույքով և հիշյալ ընկերությանը վարձակալությամբ տրամադրված այլ հիմնական միջոցներով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշվել է նաև առանձնացված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության: Որոշման համաձայն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված` «Ռադիո» ՓԲԸ-ի կողմից «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված 65 մլն 877.2 հազար դրամ գնահատված արժեքով այլ հիմնական միջոցները (բացառությամբ անշարժ գույքի) ուղղակի վաճառքի ձևով կմասնավորեցվեն «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ՍՊԸ-ին:

Մեկ այլ որոշմամբ, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության «Ռեմդիզել» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող, 191 մլն 707 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ԲԻԶՆԵՍ ԼԱՅՆ» ՍՊԸ-ին:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպության միջև համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագրով, կառավարությունը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված ուսումնական N 17 մասնաշենքի 5-րդ հարկի ձախակողմյան մասից 350 քմ ընդհանուր մակերեսով տարածքը, մինչև Փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետի ավարտը, հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ԱԹՀԳՕ Քորփորեյշն» կազմակերպությանը` այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:

Նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի N 1176-Ն որոշման մեջ, որը նպատակ ունի կարգավորել ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների իրականացման տարեկան ծախսերի նորմատիվները:

Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզերի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու, ինչպես նաև որոշ հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ:

Հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը և Վարդավառի տոնին հաջորդող ննջեցելոց օրվա կապակցությամբ, կառավարությունը որոշել է 2008թ. հունիսի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել հունիսի 28-ը` շաբաթ օր:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ