երեքշաբթի, 1 հուլիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դատախազության հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ մեր երկիր ժամանած մի շարք պետությունների` ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի, Հունգարիայի, Վրաստանի և Լիտվայի դատախազությունների ներկայացուցիչների պատվիրակությանը և ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղարին:
Հանրապետության դատախազության անցած 90-ամյա ուղին, վարչապետը համարել է իրականացված աշխատանքի ամփոփման և հետագա անելիքները նախանշելու լավ առիթ` նկատի առնելով այն նոր խնդիրներն ու պահանջները, որոնք դրված են դատախազության բարեփոխումների և այդ մարմնից մեր հասարակության ակնկալիքների հիմքում: Ողջունելով տարբեր երկրներից ժամանած գործընկերների` նման առիթով հանդիպումը, Տիգրան Սարգսյանը կարևորել է ոչ միայն հոբելյանը միասին նշելու, այլ նաև` միմյանց հետ փորձի փոխանակման, առկա խնդիրները համատեղ քննարկելու և դրանց լուծման արդյունավետ ուղիներ գտնելու, բարեփոխումները ճիշտ ուղով առաջ տանելու խնդիրները:
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծելով, որ տարիներ շարունակ հանցավորության դեմ պայքարում հաջողությամբ համագործակցում են միմյանց հետ, ստորագրել են նաև երկկողմ գործակցության մասին փաստաթղթեր, որոնց շրջանակներում հնարավորինս աջակցում են միմյանց, խորացնում հարաբերությունները: Վարչապետի խնդրանքով, նրանք ներկայացրել են նաև իրենց երկրներում դատախազության բարեփոխումների անցած ուղին կան ընթացքը, խոսել հաջողությունների, դեռևս առկա խնդիրների և մարտահրավերների մասին, որոնք միասնական ուժերով առավել հեշտ է հաղթահարելը: