չորեքշաբթի, 2 հուլիսի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհուրդը քննարկել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի 2008թ. առաջին կիսամյակի աշխատանքների կատարման հաշվետվությունը, ԶՀԳ-ի ստորաբաժանումների աշխատանքների գնահատման հայեցակարգային մոտեցումները, կազմակերպական և այլ հարցեր:
2008թ. առաջին կիսամյակի աշխատանքների կատարման հաշվետվության վերաբերյալ, ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը զեկուցել է, որ ընկերության գործունեությունն ընթացել է մի քանի ուղղություններով` օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի, ինչպես նաև տեղական շուկայում ներդրումների հետևողական խթանման և օտարերկրյա ներդրողներին աջակցումը, Հայաստանի` որպես բարենպաստ գործարար միջավայր ունեցող երկրի վարկանիշի բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ արդյունավետ ինտեգրման նպաստումը:
ԶՀԳ գլխավոր տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները` ի թիվս անցկացված գործարար համաժողովների, արտերկրում կազմակերպվող տոնավաճառ-ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցության ապահովման, ներառել են նաև աջակցություն օտարերկրյա ներդրողներին, արտահանման և գործարարության զարգացմանը, տեղեկատվական հասարակության կայացմանը, հասարակության հետ կապերի ամրապնդմանը: Այդ նպատակով կատարվել են նաև որոշակի հետազոտական աշխատանքներ` հնարավոր ներդրումների ներգրավման, արտերկրյա գնորդների և առևտրային կազմակերպությունների բացահայտման ու հետաքրքրությունների հստակեցման, գործարար համայնքի ներկայացուցիչներին արտաքին շուկաների հետ կապելու հնարավորությունների, ԶՀԳ ինտերնետային կայքի հայերեն տարբերակի աշխատանքների համակարգման և գործակալության այլ գործառույթների շրջանակներում: Ռոբերտ Հարությունյանն ընդգծել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում` ԶՀԳ-ի 2008-2010թթ. գործունեության աշխատանքային ծրագրի համալրման արդյունքում, վերանայվել է գործակալության 2008թ., աշխատանքային ծրագիրը` այն համապատասխանեցնելով օտարերկրյա ուղղակի ներդրումների շուկայի նոր պահանջներին, գործակալության հետ համատեղ Համաշխարհային բանկի նոր ծրագրի դրույթներին և առկա ֆինանսական հնարավորություններին:
ԶՀԳ խորհուրդը ի գիտություն է ընդունել գործակալության 2008թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունը: Վարչապետը կարևորել է, որ պետության կողմից գործակալության առջև յուրաքանչյուր տարվա համար հստակ նպատակներ և չափելի արդյունքներ դրվեն, ինչը աշխատանքի արդյունավետության և հաշվետվության գնահատման չափանիշ կդառնա: Նա հանձնարարել է գործակալության հաշվետվություններն այսուհետ ներկայացնել սխեմատիկ` ըստ ցուցանիշների տարիների կտրվածքով ցույց տալով դինամիկան:
Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ԶՀԳ-ի ստորաբաժանումների աշխատանքների գնահատման հայեցակարգային մոտեցումներին: Նշվել է, որ փաստաթուղթը, որը մշակվել է ի կատարումն ԶՀԳ խորհրդի նախորդ նիստի հանձնարարականի, ներառում է աշխատանքների պլանավորման համակարգի նկարագիրը, աշխատանքների կատարողականի գնահատումը, ըստ աշխատանքի կատարողականի` աշխատակիցների վարձատրության և խրախուսման համակարգի նկարագիրը:
Նիստում քննարկվել և հավանություն է տրվել նաև ԶՀԳ խորհրդի նախորդ նիստի մի շարք այլ հանձնարարականների կատարման արդյունքներին: