հինգշաբթի, 3 հուլիսի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը խորհրդի անդամներին ներկայացրել է 2007թ. «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի 2007թ. գործունեության և ֆինանսական ծախսերի հաշվետվությունը, ինչպես նաև 2008թ. գործունեության ծրագիրն ու ֆինանսական ծախսերի նախահաշիվը:
Վարչապետը, անդրադառնալով օրեր առաջ կառավարության նիստերի դահլիճում կազմակերպված «Երիտասարդություն, իրականություն, հեռանկարներ» խորագրով համահայկական երիտասարդական համաժողովին, որը համախմբել էր Հայաստանի, Ջավախքի և Արցախի ակտիվ գործունեություն ծավալող բազմաթիվ երիտասարդական կազմակերպությունների, կարևորել է տարբեր ոլորտներում երիտասարդների ինքնադրսևորման, ակտիվ գործունեության համար նպաստավոր պայմանների ու համապատասխան միջավայրի ստեղծման խնդիրը: Խորհրդի անդամները, այդ նպատակին հասնելու համար ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկությունները, որոնք վարչապետի հանձնարարականի համաձայն, հիմնադրամի գործադիր տնօրենը կամփոփի և կներկայացնի երիտասարդության հետաքրքրությունները ներառող, նրանց ակտիվ գործունեությունը խթանող առաջարկությունների հիման վրա մշակված նախագիծ: