հինգշաբթի, 3 հուլիսի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետն անդրադարձել է կարևորագույն մի քանի խնդիրների:
Նիստի քննարկմանը ներկայացված հարցերից, կառավարությունը հաստատել է ՀՀ 2009-2011թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
Մեկ այլ որոշմամբ, գործադիրը փոփոխություն է կատարել «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հավելվածում և պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման մեջ, որի համաձայն սահմանվել է, որ Երևան քաղաքում երաժշտական և արվեստի դպրոցների ազգային նվագարանների բաժիններում մեկ սովորողի ուսման վարձավճարի փոխհատուցման չափը 8097 դրամ է, իսկ ՀՀ մարզերում` 6289 դրամ: Հաստատվել է նաև Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին հատկացված միջոցների բաշխումը` երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների ուսուցման գծով, ինչպես նաև` և դասավանդվող ազգային նվագարանների ցանկը: Նույն որոշմամբ, ՀՀ 2008թ. պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետարաններին հատկացվել է 6 մլն 112.9 հազար դրամ, որով լուծվում է ծրագրից դուրս մնացած համայնքային դպրոցների 81 սովորողների ուսուցման խնդիրը:
Վարչապետը նշել է, որ կառավարության որոշման արդյունքում ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում բազմաթիվ երեխաներ սկսել են ազգային նվագարանների նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերել և նվագել սովորել, ինչը վկայում է, որ կառավարության որոշումը դրական արդյունքներ է տվել ու մինչ այժմ հաստատված միջոցները նպատակային են ծախսվել:
Մեկ այլ որոշմամբ «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հավելվածում վերաբաշխում և կառավարության N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը որոշել է ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների մեթոդական աշխատանքների իրականացման ծախսերն ապահովելու նպատակով «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամին» որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 38663,0 հազար դրամ: Նույն որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է` հատկացված գումարը տրամադրել հիշյալ հիմնադրամին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Այսօրվա նիստում որոշվել է նաև հիմնադրման ձևով ստեղծել «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ» ՊՈԱԿ, սահմանելով, որ այդ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են` իր իրավասության շրջանակներում ՀՀ տարածքում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող տուբերկուլյոզի դեմ պայքարին ուղղված միջոցառումների իրականացման համակարգումը, կազմակերպումն ու դիտարկումը, տուբերկուլյոզի կանխարգելման աշխատանքների իրականացումը և համակարգումը, մեթոդոլոգիական օժանդակության ցուցաբերումը ՀՀ տարածքում գործող տուբերկուլյոզային և հակատուբերկուլյոզային ծառայություններին, ինչպես նաև տուբերկուլյոզի կանխարգելման նպատակով առողջ վարքագծի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Դատական դպրոց» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի միջոցով իրականացնելու մասին որոշմամբ, կառավարությունը «Դատական դպրոց» ՊՈԱԿ-ի ծրագիրն իրականացնող մարմնի լիազորությունները վերապահել է ՀՀ դատական դեպարտամենտին: Ըստ այդմ, ծախսային ծրագրով բացված ֆինանսավորման և փաստացի կատարված ծախսերի համապատասխան վերակազմակերպումներում և հաշվետվություններում, ինչպես նաև ընթացիկ տարվա պետական բյուջեով հաստատված համապատասխան հավելվածում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ, ինչը կապահովի պետբյուջեով ՊՈԱԿ-ին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը:
Գործադիրը որոշել է համաձայնություն տալ ՀՀ կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ու Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարությունների միջև գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 5-ի «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնարությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ըստ որի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչությունը վերակազմակերպվել է բաժանման ձևով` ջրատնտեսական ենթակառուցվածքների վարչության և արտաքին կապերի բաժնի, ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և իրացման համակարգման վարչությունը վերանվանվել է ֆինանսատնտեսական վարչության, իսկ կառուցվածքային ստորաբաժանումների ցանկից հանվել են «տեսչական վերահսկողության վարչություն» բառերը: Նշվել է, որ որոշման նախագիծը մշակվել է` ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2008թ. հունիսի 9-ի N 328-Ն որոշման պահանջը: Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին ՀՀ օրենսդրությամբ ջրային համակարգերի կառավարման ոլորտում վերապահված լիազորությունների առավելագույնս իրականացմամբ: Միաժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում նախատեսվող փոփոխությունները բխում են կոմիտեի աշխատակազմում նախատեսվող համապատասխան կրճատումներից, ինչպես նաև կոմիտեի առջև դրված խնդիրների իրականացումից:
Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքին գույք նվիրաբերելու մասին: Նախագիծը մշակվել է հաշվի առնելով «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի խնդրանքը Աբովյան քաղաքի երկաթգծի թիվ 49 և 52 մեկ հարկանի բնակելի շենքերը ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի թիվ 51 որոշման համաձայն, Աբովյան քաղաքի համայնքին հանձնելու վերաբերյալ: Քանի որ ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ սահմանված` համայնքին հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ժամկետը ավարտվել է 30.07.1997թ., ուստի մշակվել է ՀՀ կառավարության «ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքին գույք նվիրաբերելու մասին» որոշման նախագիծ, համաձայն որի «Հայկական երկաթուղի» ՓԲԸ Աբովյան քաղաքի երկաթգծի թիվ 49 և 52 մեկ հարկանի բնակելի շենքերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այնտեղ բնակվողներին անհատույց օտարելու պայմանով նվիրաբերվում է Աբովյան քաղաքի համայնքին:
Կառավարությունը, մեկ այլ որոշմամբ, թույլատրել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի «Ատոմսերվիս» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողատարածքի վրա տեղակայված 5170 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 41 577 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով անշարժ գույքով (վարչական շենք և արտադրական շինություններ) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց, ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերը մարելուց հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Նույն որոշմամբ թույլատրվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան 91 հասցեում գտնվող 5872,9 քառ. մետր մակերեսով շենքն («Գավառի մանկական պոլիկլինիկա»-ի հին մասնաշենք) օտարել դասական աճուրդով:
Կառավարության որոշմամբ «Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի կազմից հետ են վերցվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մայմեխի խճուղի 2 հասցեում գտնվող նախկին հոգեբանական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տարածքում գտնվող 674.6 քառ. մետր տնակները և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը, որին թույլատրվել է գույքը և գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,078 հա հողատարածքը՝ իր կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի ձևով օտարել «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Գործադիրը որոշում է ընդունել «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված հողամասի մի մասը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը հանձնելու մասին: Նշվել է, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը հանձն է առել «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինություն» ծրագրի շրջանակներում կառուցել բազմաբնակարան շենք, որի բնակարանները պետք է արտոնյալ պայմաններով օտարվեն Երևանի պետական համալսարանի դասախոսաուսանողական անձնակազմին: «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության համաձայնութամբ վերջինիցս պետք է հետ վերցվի ք.Երևան, Ծարավ Աղբյուր 55ա հասցեում ամրացված հողամասի մի մասը և հանձնվի «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին` վերը նշված բազմաբնակարան շենքի կառուցման համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի տրամադրումը և բազմաբնակարան շենքի կառուցումը ուղղված է լուծելու Երևանի պետական համալսարանի դասախոսական կազմի բնակարանային ապահովության խնդիրները, հողամասը հանձնվում է ՀԿ-ին անհատույց` պայմանով, որ մինչև կառուցվող կամ կառուցված բնակարանները և (կամ) ոչ բնակելի տարածքները օտարվելը, կազմակերպությունը պետք է վճարի օտարվող շինությանը հասանելիք հողամասի բաժնեմասի կադաստրային արժեքը:
Կառավարությունը որոշել է նաև 2003թ. դեկտեմբերի 4-ի N 1575-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Արմավիրի մարզի Նոր Ամասիայի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում քաղաքացիների սեփականություն հանդիսացող և որոշման մեջ նշված գյուղատնտեսական նշանակության 0.2 հեկտար հողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար: Առաջարկվել է ՀՀ Արմավիրի մարզի Նոր Ամասիայի համայնքի ղեկավարին` ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձնաց հետընդունման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան, կառավարություն որոշել է վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Առատաշենի գյուղական համայնքի ղեկավար Հովհաննես Անդրեասյանի լիազորությունները և որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել ու ՀՀ Արմավիրի մարզի Առատաշենի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Վաղաժամկետ դադարեցվել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Այրքի գյուղական համայնքի ղեկավար Սևակ Շաբոյանի լիազորությունները և որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակվել է ու ՀՀ Գեղարքունիքի մարզի Այրքի գյուղական համայնքի ընտրատարածքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է նաև ՀՀ Տավուշի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահման
ներում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, պետական սեփականություն համարվող անտառային հողերից 3 հեկտարը փոխադրելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ընդերքօգտագործման համար:Կառավարությունը որոշում է ընդունել նաև 2008թ. հուլիսի 6-ին կայանալիք Արմավիրի մարզի Այգեկ, Աղավնատուն, Նորավան, Այգևան, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղական համայնքների ղեկավարների, 2008թ. հուլիսի 20-ին կայանալիք Արմավիրի մարզի Փշատավան, Մրգաշատ գյուղական համայնքների ղեկավարների, Լոռու մարզի Ահնիձոր գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, 2008թ. հուլիսի 27-ին կայանալիք Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին: Ըստ այդմ, ՀՀ ԿԸՀ-ին 2008թ. երրորդ եռամսյակում կհատկացվի 4.443.055 դրամ` ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, իսկ ՀՀ ԿԱ ոստիկանությանը` 1.675.351 դրամ:
Գումար հատկացնելու մասին որոշմամբ, ՀՀ 2008թ. պետբյուջեի կառավարության պահուստային ֆոնդից 2008թ. ինն ամսում ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին որոշվել է հատկացնել 287,013.4 հազար դրամ: Որոշման նախագծի ընդունման նպատակն է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի թիվ 2 լճակի հատակի կառուցման, նավակների կայանատեղի կառուցման և թիվ 3 լճակի պատվարի հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնելը, Ջերմուկ քաղաքի աջափնյա թաղամասի 15 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգումը, Ջերմուկ քաղաքի կեչուտ թաղամասը քաղաքի ձախափնյա թաղամասի հետ կապող Կեչուտ-Ջերմուկ 3.7 կմ երկարությամբ ճանապարհի, 0.6 կմ երկարությամբ երկու ուղիների կառուցումը:
Նիստում որոշվել է ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի` «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1926-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն: Նշվել է, որ նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետը և նպատակ ունի կանոնակարգել «ՀՀ հարկային վարչարարության քաղաքականությունները` ըստ յոթ հիմնական նպատակների» շրջանակներում իրականացվող հարկային մարմնի կառուցվածքային բարեփոխումները : Նշված բարեփոխումների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել փոփոխությունների ենթարկել ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության վերադաս հարկային մարմնի կառուցվածքը : Նախագծով նախատեսվում է հարկային մարմնի կառավարման համակարգում անցում կատարել գործառույթների վրա հիմնված կառավարման սխեմային, ինչը հնարավարություն կտա հստակություն ունենալ կառավարման համակարգում և խուսափել կրկնություններից:
Մեկ այլ որոշմամբ, նշված բարեփոխումների շրջանակներում փոփոխության է ենթարկվել ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության վերադաս հարկային մարմնի հաստիքների թվաքանակը: Գործադիրը որոշել է կառավարության 2008թ. մայիսի 22-ի «ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 567-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ, ըստ որի ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչությունը վերակազմակերպվել է ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի տարածաշրջանային ծրագրերի իրականացման վարչության:
Մեկ այլ որոշմամբ, սահմանվել է ՀՀ ԱԳՆ աշխատողների թվաքանակը` նախարարության աշխատակազմում 273 (կառուցվածքային ստորաբաժանումներ` 210, «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն` 28) և Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեում 35 աշխատողներով:
Նիստում գործադիրը որոշել է հաստատել ավտոմոբիլային տրանսպորտով ՀՀ մաքսային սահմանով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը: Հիշյալ որոշման ընդունումը նպատակ ունի պարզեցնելու ավտոմոբիլային տրամսպորտով մեկնող և ժամանող քաղաքացիների կողմից որպես ուղեկցող բեռ տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների ընթացակարգերը, մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառելով երկուղային համակարգը, որը 2003թ.-ից գործում է օդային տրանսպորտո մեկնող և ժամանող ուղևորների համար: Արդյունքում` կարագացվի և կպարզեցվի մաքսային սահմանով ավտոմոբիլային տրանսպորտով մեկնող և ժամանող ուղևորների մաքսային ձևակերպումների գործընթացը, ինչպես նաև` կներդրվի Մաքսային օրենսգրքով սահմանված բանավոր հայտարարագրման դրույթը, այն դեպքում, երբ քաղաքացին մաքսային սահմանը հատում է «կանաչ ուղի» ընթացակարգով:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել 2003թ. նոյեմբերի 21-ի` «ՀՀ միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգի մասին» N 1927-Ն որոշման մեջ: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ԿԲ-ի խորհրդի 29.07.2005թ. «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման կարգը հաստատելու և ՀՀ ԿԲ-ի խորհրդի 1998թ. օգոստոսի 26-ի թիվ 173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 386-Ն որոշման պահանջներով:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին ավելացել է ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով արտերկիր (հանգստի կամ հարազատների այցելության) մեկնումը և ժամանումը: Ուսումնասիրելով տարածաշրջանի` մասնավորապես Վրաստանի մաքսային ծառայության փորձը և նպատակ ունենալով համահունչ դարձնել Հայաստանի և Վրաստանի օրենսդրությունները նշված հարցի կապակցությամբ, նախագծով առաջարկվում է ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված մաքսավճարի արտոնությունների ցանկում ներառել նաև ֆիզիկական անձանց կողմից ՀՀ մաքսային սահմանով ՀՀ-ում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները :