երեքշաբթի, 8 հուլիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալիռեզա Շեյխաթթարին:
Վարչապետը կարևորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, նշելով, որ այդ ուղղությամբ դեռևս անելիքներ շատ կան, և ՀՀ կառավարությունը գործակցության լրացուցիչ ասպարեզների բացահայտման ուղղությամբ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով: Խոսելով էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցության մասին, ՀՀ վարչապետը և ԻԻՀ արտգործնախարարի առաջին տեղակալն այդ ամենը պայմանավորել են Հայաստանի և Իրանի միջև կայուն և հուսալի գործընկերությամբ, որը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային ընդհանրությունների վրա:
Ալիռեզա Շեյխաթթարը հանդիպման սկզբում ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ գործընկերոջ` նախագահի առաջին տեղակալ պարոն Դավուդիի ջերմ ողջույնները և ՀՀ վարչապետի հետ հանդիպման ու երկկողմ տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված հարցերի քննարկման ցանկությունը. «Հայաստանի անկախացումից հետո մեր երկու երկրների միջև հարաբերությունները բավականին հաջողությամբ են զարգացել: ԻԻՀ-ն մշտապես եղել է Հայաստանի դժվարին ժամանակների բարեկամը, և դա պատահական չէ: Այն պայմանավորված է Իրանում քաղաքական որոշում կայացնողների սկզբունքային մոտեցմամբ: Կայուն, հարուստ, զարգացած Հայաստանի Հանրապետությունը, մեր համոզմամբ, մեծ նպաստ կարող է ունենալ տարածաշրջանի խաղաղության և հետագա զարգացման գործում», - ընդգծել է ԻԻՀ արտգործնախարարի առաջին տեղակալը:
Նշելով, որ այսօր մեր տարածաշրջանն աշխարհի ամենալարված, բայց միաժամանակ, աշխարհաքաղաքական, պատմամշակութային և Կովկասից մինչև Պարսից ծոց ու Միջին Արևելք հարուստ բնական պաշարներով տարածաշրջան է, պարոն Շեյխաթթարը համոզվածություն է հայտնել, որ այն կարևորագույն և առաջնահերթ տեղ է զբաղեցնում աշխարհի բոլոր երկրների արտաքին քաղաքականության մեջ:
Ալիռեզա Շեյխաթթարը տնտեսական գործակցության ակտիվացման համար կարևորել է համապատասխան օրենսդրության մշակումը, որը կնպաստի ամենատարբեր ոլորտներում ներդրումների ներգրավմանն ու ՀՀ և ԻԻՀ տնտեսական շուկաներում գործարար շրջանակների ակտիվ գործունեությանը: Նա ՀՀ վարչապետին տեղեկացրել է իր երկրի բանկային օրենսդրության բնագավառում կատարված զգալի ազատականացման մասին, առաջարկելով քննարկել այդ ոլորտում Հայաստանի բանկային համակարգի հետ համագործակցության հնարավորությունները: Փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ԻԻՀ արտգործնախարարի առաջին տեղակալն առաջարկել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կբացահայտեն ընթացիկ խնդիրներն ու խանգարող հանգամանքները և լուծումներ կառաջարկեն համատեղ ծրագրերն ավելի արագ կյանքի կոչելու համար: Այդ առաջարկը ՀՀ վարչապետն ընդունելի և օգտակար է համարել` նշելով, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջոցով աշխատանքային խմբերում ընդգրկվելիք թեկնածուներին ճշտելուց հետո, խմբերը կարող են սկսել իրենց աշխատանքը: