չորեքշաբթի, 9 հուլիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լեոպոլդո Ալֆրեդո Բրավոյին:
Հանդիպման սկզբում վարչապետը նախ ՀՀ կառավարության անունից շնորհավորել է դեսպանին` դիվանագիտական առաքելությունն սկսելու և Արգենտինայի անկախության օրվա առթիվ, որը նշվում է հուլիսի 9-ին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է Արգենտինայի հետ հարաբերություններն ամրապնդելու և համագործակցությունն ընդլայնելու հարցում: Երկու երկրների միջև տնտեսական գործակցությունն ակտիվացնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար, ՀՀ կառավարությունը, վարչապետի հավաստմամբ, պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու դեսպանին` նրա դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում:
Տիգրան Սարգսյանը և Արգենտինայի դեսպանը գոհունակությամբ են խոսել միջազգային ասպարեզում հայ-արգենտինյան համագործակցության և կարևորագույն հարցերում փոխադարձ աջակցության մասին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել հատկապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Արգենտինայի Հանրապետության և ժողովրդի մշտական աջակցության ու հայ համայնքի նկատմամբ այդ երկրի ջերմ վերաբերմունքի համար:
Դեսպան Լեոպոլդո Ալֆրեդո Բրավոն ասել է, որ մի շարք ոլորտներում հայ-արգենտինյան փոխգործակցության լայն հնարավորություններ է տեսնում, և այդ մասին առիթ ունեցել է հանգամանորեն խոսելու ՀՀ նախագահի, մի շարք նախարարների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ իր հանդիպումների ժամանակ ու վստահ է, որ այդ հնարավորությունները երկկողմ ջանքերի արդյունքում առավելագույնս կօգտագործվեն` ի շահ երկու ժողովուրդների և պետությունների: