հինգշաբթի, 10 հուլիսի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը կառավարության անդամներին է փոխանցել պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված` ՀՀ նախագահի հանձնարարականը և դրա կատարման նպատակով, համապատասխան մարմիններին հստակ հանձնարարականներ տվել: Իր խոսքում Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է.
«Մեր թիմի ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հանձնարարական է մեզ տվել այն մասին, որ մենք պետք է բարելավենք մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Սա հստակ դիրքորոշում է, այս թեզը արտահայտված է նաև Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում, և մենք ձեզ հետ պետք է համալիր միջոցառումներ իրականացնենք, որպեսզի այդ ծրագրային դրույթը իրականացնենք: Քաղաքացիների կողմից գործադիր իշխանության մարմիններին հասցեագրված դիմում-բողոքների ծավալը, կրկնվող դիմումների քանակը վկայում են, որ պետական պաշտոնյաների կողմից դրանք ոչ միշտ են արժանանում անհրաժեշտ ուշադրության: Անհրաժեշտ է, որպեսզի պետական մարմինների ղեկավարներն անձամբ իրազեկ լինեն քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին, դրանք դառնան ըստ էության քննարկման առարկա և լուծվեն օրենքով սահմանված կարգով, ինչը կամրապնդի հասարակության վստահությունը և կբարձրացնի իշխանության ներկայացուցիչների հեղինակությունը: Սա հանրապետության նախագահի հանձնարարականն է: Այդ կապակցությամբ, հանձնարարում եմ բոլոր նախարարներին, գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին և առաջարկում եմ օրենքով ստեղծված մշտապես գործող պետական մարմինների ղեկավարներին առաջինը` տասնօրյա ժամկետում ընդունել համապատասխան իրավական ակտեր քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգի վերաբերյալ: Երկրորդ` անձամբ ընդունելություն իրականացնել առնվազն ամիսը մեկ անգամ: Երրորդ` ընդունելության կազմակերպման կարգի մասին իրազեկել հանրությանը, իսկ ընդունելության կազմակերպման կարգը սահմանող իրավական ակտի պատճեն և ընդունելության օրերի ու ժամկետների մասին տեղեկատվությունը տեղադրել քաղաքացիների համար հասու վայրում: Կարծում եմ, որ այս հանձնարարականի իրականացումն էապես կնպաստի մեր ծառայությունների որակի բարձրացմանը»:
Այնուհետ, անցնելով օրակարգի հարցերին, ՀՀ կառավարությունը հաստատել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության, բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները բարելավելու նպատակով, նախազորակոչային (16-18 տարեկան) ու զորակոչային (18-27 տարեկան) ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիքում գտնվող ասպիրանտուրան ավարտած` զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը: Նույն որոշմամբ հաստատվել է նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան, ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների ծավալները, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկն ու հիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը: Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից տրվող Առողջության անձնագիրը, հիվանդանոցային հետազոտման կամ բուժման ուղեգիրի ձևը և տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրից բխող առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից իրականացվող հետազոտությունների ծավալները ևս հաստատվել են հիշյալ որոշմամբ: Նշվել է, որ կառավարության որոշման այս նախագծի նախապատրաստումը պայմանավորված է արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի հստակեցնել նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական հետազոտության անցկացման, բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման գործընթացում անհապաղ լուծում պահանջող խնդիրները:
Գործադիրը որոշում է ընդունել նաև Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացման, իրավաբանական տերմինաբանության զարգացման և «Պաշտոնական հայտարարություններ» կայքէջի ստեղծման ու վարման գծով 2008թ. պետական պատվերի մասին: Ըստ այդմ, ՀՀ 2008թ. պետբյուջեի հիշյալ ծրագրեր ՀՀ արդարադատության նախարարության համար նախատեսված ծախսերը բաշխվել են հետևյալ կերպ` իրավաբանական տերմինաբանության զարգացում` 13000.0 հազ. դրամ, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացում` 23000.0 հազ. դրամ, «Պաշտոնական հայտարարություններ» կայքէջի ստեղծում և վարում` 35000.0 հազ. դրամ: Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացման, իրավաբանական տերմինաբանության զարգացման և «Պաշտոնական հայտարարություններ» կայքէջի ստեղծման և վարման գծով 2008թ. պետական պատվերի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման պահանջով, որով ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարված է առաջարկություն ներկայացնել Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացման, իրավաբանական տերմինաբանության զարգացման, «Պաշտոնական հայտարարություններ» կայքէջի ստեղծման և վարման գծով 2008թ. պետական պատվերի վերաբերյալ: «Պաշտոնական հայտարարություններ» կայքէջի ստեղծման նպատակն է ունենալ պաշտոնական հայտարարությունների մշտապես հասանելի և պետության մեջ միակ ու կենտրոնացված տեղեկատվական պաշար, որի վարումն իրականացվում է պետության անունից` դրանով վկայելով տեղեկատվության ծագումը որոշակի աղբյուրից և անխոչընդոտ ու անվճար հասանելիությունը ինտերնետային ցանցում: «Իրավաբանական տերմինաբանության զարգացում» ծրագրի նպատակն է իրավաբանական միասնական տերմինաբանության մշակումը: Նշվել է, որ իրավաբանական տերմինների միասնականությունը կնպաստի օրենսդրական հակասությունների, անհստակությունների, անճշտությունների և երկիմաստ շարադրանքի վերացմանը: «Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացման» ծրագրի շրջանակներում ստեղծված համակարգը իրենից ներկայացնում է ինտերնետային ցանցում տեղակայված տեղեկատվական պաշար, որը հասարակությանը հնարավորություն է ընձեռում որոնման զանազան միջոցներ կիրառելով` ունենալ ցանկացած իրավական ակտի էլեկտրոնային տարբերակը, ինչն, անկասկած, կնպաստի հանրապետությունում գործող օրենսդրական դաշտի և դրանում կատարվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության լայն տարածմանը:
Կառավարությունը լրացում է կատարել 2008թ. մարտի 20-ի «ՀՀ դատարանների կողմից թարգմանիչներ նշանակելու, նրանց վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» թիվ 265-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ դատական օրենսգրքի պահանջների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Մարտի 20-ին ընդունված հիշյալ որոշմամբ թարգմանիչների վարձատրության չափը և կարգը սահմանվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով` մրցույթի արդյունքում ընտրված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ կնքված գնման պայմանագրով: Նշվել է, որ ՀՀ 2008թ. պետբյուջեով նշված ծառայության ձեռքբերման նպատակով համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն եղել, և այդպիսի ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցների չափը հնարավոր չէ կանխատեսել` կախված մատուցվող ծառայության բնույթից: Այսինքն, նման իրավիճակում ֆինանսական միջոցների բացակայության պարագայում, անհրաժեշտ ծառայության ձեռքբերման նպատակով պայմանագիր չի կարող կնքվել, և ծառայություն ըստ էության չի կարող մատուցվել: Դատարանների կողմից մատուցվող թարգմանչական ծառայությունների ծախսերը մատուցող կազմակերպություններին վճարելու կամ ֆիզիկական անձանց փոխանցելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում նշված ծառայության գնման պահանջի ծագման դեպքում անմիջապես այդ կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց հետ կնքել պայմանագրեր՝ և վճարումներն իրականացնել ծառայության մատուցման ավարտից հետո: Այս կապակցությամբ նշվել է, որ դատավարության ընթացքում կարող են առաջանալ անկանխատեսելի իրավիճակներ, երբ անհրաժեշտություն առաջանա կատարելու որոշակի անհետաձգելի ծախսեր, որոնց չկատարումը հնարավոր է նաև վտանգի արդարադատության պատշաճ իրականացումը: Դատարանների կողմից դատավարական որոշակի գործընթացների իրականացումը, և հետևաբար, անձանց արդար դատաքննության իրավունքի իրականացումն ապահովելու համար, անհրաժեշտ է սահմանել անկանխատեսելի ծախսերը ՀՀ պետական բյուջեից հատուցելու հստակ մեխանիզմներ, որը և սահմանված է կառավարության այսօրվա որոշման նախագծով:
«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին» 2007 թվականի մայիսի 25-ին Յալթայում ստորագրված համաձայնագրի պահանջներն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձևավորման մասին» համաձայնագրի պահանջների ապահովման համար իրավասու մարմին ճանաչել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Հանձնարարվել է նախարար Արմեն Մովսիսյանին` մինչև 2008 թվականի նոյեմբերի 14-ը Անկախ Պետությունների Համագործակցության էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտե ներկայացնել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա մուտք գործելուն և նախապատրաստմանն ուղղված հիմնական միջոցառումների սեփական նախագիծ-ժամկետացանկը: Համաձայնագրի հիմնական նպատակը` ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրաէներգետիկայի ոլորտում հավասարության, բարեխիղճ մրցակցության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա միասնական շուկայի դաշտի ձևավորումն է:
Նիստում հավանություն է տրվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նախագծով առաջարկվում է հիշյալ օրենքում լրացում կատարելու միջոցով վերականգնել տրանսպորտային միջոց վարելու ուսուցման գործունեությունը` որպես կրթության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2008թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 2,000.0 հազար դրամ` Երևան քաղաքի Լեոյի 54 հասցեում նախարարության վարչական շենքի կառույցի վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման նպատակով:
Նիստում որոշվել է Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով` ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2008թ. երրորդ եռամսյակում հատկացնել 92,568.8 հազար դրամ: ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացված գումարը, ըստ որոշման, կտրամադրվի «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Գործադիրը, մեկ այլ որոշմամբ, սահմանել է ՀՀ տարածքում հատուկ կացարանի գործունեության և ձերբակալված օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը: ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել ՀՀ տարածքում հատուկ կացարանի կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների հաստիքացուցակները, օտարերկրացու ձերբակալման արձանագրությունների ձևը, ձերբակալվածների հաշվառման գրանցամատյանի, ձերբակալվածների առաջարկությունների, դիմումների և բողոքների գրանցամատյանի, ձերբակալված օտարերկրացիներին տեսակցող անձանց գրանցամատյանի ձևերը: Նշվել է, որ ներկայացվող իրավական ակտի ընդունմամբ կհստակեցվեն ՀՀ տարածքում օտարերկրացիներին հատուկ կացարանում պահելու հետ կապված հարաբերությունները, որոնց թափանցիկության և օրինականության հրապարակայնության ապահովումը թույլ կտա զերծ մնալ անհարկի շահարկումներից:
Նիստում հավանություն է տրվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նշվել է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից 2008թ. ապրիլի 30-ին ընդունված ՀՀ օրենքի տարբերակում սահմանվել է միայն ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարման ենթակա գումարի չափը, չսահմանելով ՀՀ-ում արտադրվող ապրանքների դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարման ենթակա գումարի չափը : Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով, մշակվել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ-ում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարման ենթակա գումարի չափը սահմանել` էթիլային սպիրտի արտադրանքի համար` 100 դրամ, ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ: Ակցիզային դրոշմանիշի ձեռքբերման համար վճարման ենթակա գումարի չափը սահմանվել է գործող չափերով և որևէ փոփոխություն չի նախատեսվել:
Կառավարությունը որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Արարատի Ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը և «Օձուն» պետական ձեռնարկությունը:
Որոշում է կայացվել նաև 2008թ. օգոստոսի 24-ին N 17 ընտրատարածքում կայանալիք ՀՀ ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու ու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ՀՀ 2008թ. պետական բյուջեի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները հաստատելու մասին: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին` ԿԸՀ-ին 2008թ. երրորդ եռամսյակում հատկացնել 15 մլն 134 հազար 610 դրամ` ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նույն ժամանակահատվածում ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանն էլ հատկացվել է 5 մլն 946 հազար 925 դրամ:
Կառավարությունը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության «Ճանապարհաշինություն» և «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկները հանձնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայությանը:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկու գյուղական համայնքին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով` Կոտայքի մարզպետարանին ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին 2008 թվականի ինն ամսում հատկացնել 15,800.0 հազար դրամ:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ Լոռու մարզի Ձյունաշող համայնքի բնականոն գործունեությանն աջակցելու համար այդ համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով, Լոռու մարզպետարանին 2008թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից երրորդ եռամսյակում հատկացվել է 9324.0 հազար դրամ սուբվենցիաներ:
Նիստում որոշվել է նաև Արմավիրի մարզպետարանին 2008թ. երրորդ եռամսյակում հատկացնել 16,858.0 հազար դրամ:
Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև անօրինական գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նշվել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների կողմից արդեն իսկ իրականացվում է իրենց տարածքներում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձ` այդ կապակցությամբ համագործակցելով ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ: Համաձայնագրի կնքմամբ գոյություն ունեցող համագործակցությունը կստանա իրավաբանական ձևակերպում` կսահմանվեն կողմերի լիազորված մարմինները, վերադարձի ժամկետները, փաստաթղթերի տեսակները և կհստակեցվեն այլ հարցեր: Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա առավելագույնս պաշտպանել ՀՀ քաղաքացիների շահերը, համաձայնագրում ներառելով դրույթներ՝ զանգվածային արտաքսման բացառման, վերադարձի ենթակա անձանց կողմից դատական և իրավասու մարմիններին դիմելու իրավունքի, և այդ անձանց գործերը անհատական կարգով քննելու վերաբերյալ: Նշվել է, որ համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա ՀՀ-ի միջազգային հեղինակության վրա, ցույց տալով, որ պետությունը պատրաստակամ է քաղաքակիրթ լուծումներ գտնել այնպիսի կարևոր և նուրբ հիմնախնդրի առնչությամբ, ինչպիսին է անօրինական միգրացիան: Նման Համաձայնագրի ստորագրումը բխում է նաև ԱՊՀ շրջանակներում ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորություններից:
Կառավարությունը որոշում է կայացրել ՀՀ 2008թ. պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և պետական բյուջեից գումար հատկացնելու մասին: Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվել է նրանով, որ ՀՀ 2008թ. պետական բյուջեի` հարկային եկամուտների գծով առաջին կիսամյակի համար նախատեսված ցուցանիշը ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ գերակատարվել է 13.5 մլրդ դրամով: Նկատի ունենալով, որ նշված միտումը տարվա ընթացքում շարունակական բնույթ է կրելու, հիմք ընդունելով «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով ՀՀ կառավարությանը տրված իրավասությունը, նախագծով առաջարկվում է 13.5 մլրդ դրամով ավելացնել ՀՀ 2008 թվականի պետական բյուջեով ծրագրավորված եկամուտների ընդհանուր ծավալը (հարկային եկամուտների գումարի ավելացման հաշվին, այդ թվում` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գծով` 0.8 մլրդ դրամով և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գծով` 12.7 մլրդ դրամով): Դրա հետ մեկտեղ նախագծով առաջարկվում է նույն գումարի չափով (13.5 մլրդ դրամով) ավելացնել նաև ՀՀ 2008 թվականի պետական բյուջեով ծրագրավորված ծախսերի ընդհանուր տարեկան ծավալը և պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի տարեկան գումարը: Միաժամանակ Ճանապարհային շինարարության ոլորտում «Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ - Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել մինչև 16,800.0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նախագծի կապակցությամբ վարչապետն ասել է, որ այս որոշումով, ըստ էության, սկսում ենք միջգյուղական ճանապարհների լայնածավալ շինարարական աշխատանքներ. «Պետք է հնարավորին չափ արագ կազմակերպենք աշխատանքները, որպեսզի այս տարվա սեզոնը չկորցնենք և պետք է հանձնարարենք Ներսես Երիցյանին` համապատասխան նամակ ուղարկել «Հազարամյակի մարտահրավերներ»-ի գրասնյակ, որը համարվելու է պայմանագիր` Կառավարության և Գրասենյակի միջև»:
Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի ղեկավար Շավարշ Սեդրակյանի լիազորությունները: Որոշման ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ համայնքի ղեկավար Շավարշ Սեդրակյանի հրաժարական տալու հանգամանքով: Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակվել է և Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի ընտրատարածքում անցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
Գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարին` 2008թ. օգոստոսի 10-ին կայանալիք Արմավիրի մարզի Գայ գյուղական համայնքի ղեկավարի հերթական ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: ՀՀ ԿԸՀ-ին 2008թ. երրորդ եռամսյակում հատկացնել 738.760 դրամ` ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Նույն որոշմամբ ՀՀ ԿԱ ոստիկանությանը 2008թ. երրորդ եռամսյակում հատկացվել է 244.410 դրամ:
Նիստում որոշվել է կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1081-Ն որոշմամբ հաստատված Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.4 հա վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արդյունաբերական օբյեկտների կառուցման համար: Առաջարկվել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի համայնքի ղեկավարին` ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարությունը որոշել է Մեսրոպ Հակոբյանին ազատել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: