ուրբաթ, 18 հոկտեմբերի 2002
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի պետական նախարար, հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի եգիպտական կողմի նախագահ տկն Ֆայզա Աբու Ալ Նագային։ Վարչապետը ողջունել է նախարարի այցը մեր երկիր և կարևորել բավականաչափ հետաձգված միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի կայացումը։ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ երկուստեք հետամուտ կլինեն ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Արաբական երկրների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը համարելով ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, վարչապետն ընդգծել է, որ Եգիպտոսը և Հայաստանը կարող են միմյանց փոխադարձ օգտակար լինել աֆրիկյան պետությունների և ԱՊՀ երկրների հետ համագործակցության ճանապարհին։
Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը շնորհակալությամբ է ընդունում Եգիպտոսի աջակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցում։ Նա ավելացրել է, որ ինչպես այդ հարցում պատրաստակամությունը, այնպես էլ միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը և տարածաշրջանային, տնտեսական ու քաղաքական մի շարք խնդիրների նկատմամբ երկու երկրների մոտեցումների ընդհանրությունը, հույս են ներշնչում, որ միջպետական հարաբերությունները կշարունակեն փոխշահավետ ու արդյունավետ զարգացում ապրել։ Վարչապետը հույս է հայտնել, որ տկն Ֆայզա Աբու Ալ Նագայի այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա այդ ամենի համար։
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ջերմ խոսքերի համար, Եգիպտոսի արտաքին գործերի պետնախարարը նրան է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքը և նշել, որ անչափ կարևորում է Երևանում տեղի ունեցած համատեղ նիստը։
Նախարարը Անդրանիկ Մարգարյանին ներկայացրել է նիստի աշխատանքի, ՀՀ առողջապահության և արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հանդիպումների մանրամասները, որոնք, ըստ նրա, բավականին արդյունավետ են եղել։
Հանդիպման ժամանակ կարևորվել է մի շարք ոլորտներում առևտուր և զբոսաշրջություն, առողջապահություն, մշակույթ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, մասնավոր հատվածի հետ աշխատանք և այլն, փորձի փոխանակումն ու համագործակցության առկա ներուժի օգտագործումը։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային ծրագրում այդ ամենը շատ որոշակի կարտահայտվի և հաջորդ հանդիպմանն արդեն հնարավոր կլինի խոսել հստակ արդյունքների մասին։