չորեքշաբթի, 16 հուլիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի (ԵՀՀ) խորհրդի նախագահ Ջորջ Զարուբինին: Կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը նա ներկայացրել է հիմնադրամի` մինչ այժմ կատարած աշխատանքներն ու ծանոթացրել նախատեսվող ծրագրային ուղղություններին` ակնկալելով ստանալ վարչապետի կարծիքն ու առաջարկությունները` այդ ուղղություններում ՀՀ կառավարության առաջնահերթությունները ևս որոշակիորեն նկատի առնելու, արդյունավետ համագործակցություն ծավալելու նպատակով:
Վարչապետը կարևորել է հիմնադրամի հետ փոխգործակցությունը, նշելով, որ նրա գործունեությունը նպատակաուղղված է մեր երկրում ժողովրդավարական ավանդույթների ներդրմանն ու ամրապնդմանը, ինչը միանգամայն ողջունելի է: Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ պատրաստ է քննարկելու հիմնադրամի նոր նախաձեռնությունները և ՀՀ կառավարության անունից վստահեցրել, որ կցուցաբերվի ամենայն աջակցություն, որպեսզի այդ նախաձեռնությունները ծառայեն իրենց բուն նպատակին: Զրուցակիցներն առաջիկայի համար կարևորել են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագրի մշակման ներկայիս գործընթացում համագործակցությունը, նկատի առնելով, որ հիմնադրամը ևս իր հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում աշխատում է հզորացնել ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կարողությունները: