հինգշաբթի, 17 հուլիսի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունը որոշել է 2008թ. 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2008 թվականի երրորդ եռամսյակում լրացուցիչ հատկացնել 21746.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան ՀՀ ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգ»-ի համաձայն, ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2004-2006թթ.)»: ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է` ապահովել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի (հաշվետու ժամանակաշրջան 2004-2006թթ.) անգլերեն լեզվով պատրաստումը: Նշվել է, որ ՀՀ-ն Խարտիան ստորագրել է 2001թ. հոկտեմբերի 18-ին և վավերացրել` 2004թ. հունվարի 21-ին: Խարտիային միանալու արդյունքում, պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման և դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ, որը հիմնված է պետությունների կողմից տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացվող ազգային զեկույցների, ինչպես նաև կոլեկտիվ բողոքարկումների համակարգի վրա:
Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը որոշել է ստեղծել «ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ և հաuտատել կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը, ինչպես նաև կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը: Որոշման կիրառման արդյունքում կապահովվի ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի՝ ՀՀ օրենսդրությամբ նրան վերապահված իրավասությունների արդյունավետ իրականացումը, բնագավառին առնչվող պետական կառավարման մարմինների հետ նրա փոխհարաբերությունները:
Գործադիրը որոշում է ընդունել նաև ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 27-ի N 912-Ն և դեկտեմբերի 26-ի N 2183-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին: Նշվել է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Նախագահի 2008 թվականի մայիսի 20-ի ՆՀ-121-Ն հրամանագրից, որով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչությունը (ՀՀ պետատոմհսկողություն) վերակազմակերպվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի: Վերոհիշյալ որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ պետատոմհսկողության նախկին կարգավիճակի, կանոնադրության վերաբերյալ իրավական ակտերը` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
Գործադիրը մեկ այլ որոշմամբ, «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: Նշվել է, որ օրենքով փոստային կապի ազգային օպերատորի կողմից փաստաթղթերի հատուկ առաքման ծանուցագրի և անդորրագրի ձևերը, ծանուցագրի լրացման կարգը, ինչպես նաև համարակալված դրոշմանիշերի հաշվառման կարգը հաստատում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը վերապահել վերը նշված գործառույթները:
Կառավարությունը որոշել է նաև 2005-2007թթ. ֆինանսական տարիների արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշռում առաջացած վնասը` պահուստների հանրագումարը գերազանցող գումարի չափով, ՀՀ կենտրոնական բանկի կապիտալում ներդրում կատարելու նպատակով, ՀՀ ԿԲ-ին տրամադրել անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակ 85,663,193,908 դրամի չափով` պայմանով, որ ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի տրամադրման նույն օրը նախարարությանը հետ վերադարձնի ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի N 686-Ա որոշման հիման վրա ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված 42,009,598,313 դրամ անվանական արժեքով, EG-5/1 սերիայի և 00011 համարակալմամբ գանձապետական, անտոկոս և ցպահանջ հասարակ մուրհակը: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է` ապահովել որոշմամբ սահմանված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակի թողարկումը և տրամադրումը ՀՀ կենտրոնական բանկին:
Նիստում հավանություն է տրվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Նշվել է, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նպատակահարմար չէ ՀՀ ԱԱԾ համակարգում համապատասխան ստորաբաժանումը (օպերատիվ-տեխնիկական վարչություն) անվանել ծառայություն, և առաջարկվող փոփոխությունները, ըստ էության, խմբագրական բնույթ են կրում:
Նիստում որոշում է ընդունվել «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով և գույքով ապահովելու և ՀՀ կառավարության 2008թ. մայիսի 22-ի թիվ 576-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»: Որոշման ընդունումը բխում է ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածից, որտեղ սահմանված է, որ ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտոնաթող նախագահին` վերջինիս ցանկությամբ, ապահովում է կահավորված գրասենյակով: Ընդունված որոշմամբ, հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ՀՀ ֆինանսների նախարարի և Երևանի քաղաքապետի հետ համատեղ, միջոցներ ձեռնարկել պաշտոնաթող նախագահ Ռ. Քոչարյանին քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով ապահովելու ուղղությամբ: Հաշվի առնելով պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկությունները՝ նախագծով առաջարկվել է Երևան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով ապահովելու նպատակով, «Էրեբունի-Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 10 տարի ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի վեցերորդ հարկից 374.1 քառ. մ. վերանորոգված տարածքը և 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Համաձայն «Էրեբունի-Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ ձեռք բերված համաձայնության՝ վարձակալության տարեկան վճարը կկազմի 2 միլիոն դրամ (1 ք.մ. ամսական վարձավճարը՝ 445 դրամ), որի մեջ ներառված է նաև այվտոկայանատեղերի ու կոմունալ հարմարությունների և կոմունիկացիաների (հոսանք, ջուր, գազ, հեռախոս, ինտերնետ և այլն) վճարները: Համաձայն պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկության` գրասենյակայաին տարածքը կահավորելու նպատակով անհրաժեշտ է 17661.4 հազ դրամ, որը կտրամադրվի 2008թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից` ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը:
Նկատի ունենալով, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան են ժամանելու հայազգի անվանի կինոգործիչներ, և համահայկական կինոնախագծի քննարկումները նրանց հետ իրականացվելու են կինոփառատոնի օրերին, առավել նպատակահարմար է համարվել կինոյի շաբաթի կազմակերպումն իրականացնել «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպության միջոցով: Այդ պատճառով, փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2008թ.մայիսի 22-ի N 498-Ն որոշման մեջ և «Մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 498-Ն որոշման մեջ «Հայաստանի կինոգործիչների միություն» բառերը փոխարինվել են «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» բառերով:
Գործադիրը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին», «Արժեթղթերի շուկայի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նշվել է, որ ««Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել են ֆինանսական կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներով հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն նախատեսող դրույթներ, իսկ այլ կազմակերպությունների համար հաշվապատական հաշվառման միջազգային ստանդարտները պարտադիր կլինեն միայն դրանք պաշտոնական թարգմանություն և այդ թարգմանությունները պաշտոնապես հրապարակվելու տարվան հաջորդող տարվա հունվարի մեկից: Նախագծերի ներկայացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է օտարերկրյա ներդրումների գրավչությունն ապահովելու քաղաքականություն: Նշվել է, որ ՀՀ օրենսդրության փոփոխությունների իրականացումը կհեշտացնի օտարերկրյա ներդրումների իրականացումը Հայաստանի Հանրապետությունում: Այդ մոտեցումները համապատասխանում են ՀՀ կառավարության վարած քաղաքականությանը: Նշվել է նաև, որ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններում էապես մեծացել են օտարերկրյա ներդրումների ծավալները: Օտարերկրյա ներդրումների համար կարևոր նախապայման է ներդրումներ կատարվող կազմակերպություններում ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը ևս` հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին համապատասխան: Օտարերկրյա ներդրողների համար ֆինանսական կազմակերպությունները ստիպված են լինում ֆինանսական հաշվետվություններ կազմել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների համաձայն, իսկ ՀՀ օրենսդրության պահանջներն ապահովելու համար նաև հաշվապահական հաշվառման հայաստանյան ստանդարտներով: Այսինքն՝ այդպիսի կազմակերպությունների համար ստացվում է երկակի աշխատանք: Նշված խնդրի լուծմանն է ուղղված օրենքների ընդունումը: Օրենքների նախագծերի ներկայացումը պայմանավորված է նաև բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների առաջարկություններով: Նշված օրենքների ընդունմամբ կկրճատվի նրանց կողմից կատարվող երկակի աշխատանքը:
Գործադրի որոշմամբ, վաղաժամկետ դադարեցվել են Լոռու մարզի Խնկոյանի գյուղական համայնքի ղեկավար Աշոտ Մանուկյանի լիազորությունները` պայմանավորված համայնքի ղեկավարի հրաժարական տալու հանգամանքով: Հիշյալ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակվել է և Խնկոյանի գյուղական համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հրաժարական տալու հանգամանքով պայմանավորված, դադարեցվել է նաև Լոռու մարզի Սարչապետի գյուղական համայնքի ղեկավար Արգամ Պողոսյանի լիազորությունները: Նշված համայնքում ևս համայնքի ղեկավարի և նաև ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը: Ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ որոշումը պայմանավորված է համայնքի ավագանու 2 անդամների հրաժարականով, ինչի հետևանքով ավագանու անդամների թվաքանակը նվազել է մինչև 3 հոգի, և հետագա նիստերի անցկացումը դարձել է անհնարին:
Այսօրվա նիստում հաստատվել է Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Համայնքի վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 40.9 հեկտարը, այդ թվում` 36.8 հեկտար վարելահող, 4.1 հեկտար այլ հողեր փոխադրվել են բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար, իսկ 9.7 հեկտար այլ հողերը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` գերեզմանոցի համար:
Գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 22-ի` «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին N 1379-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարել: Ներկայացվող նախագծով նախատեսվում է հավատարմագրային կառավարչի կողմից կառավարիչի գործունեության ծրագրի հաշվետվությունները ներկայացնել ոչ թե եռամսյակային, այլ՝ տարեկան կտրվածքով, հավատարմագրային կառավարչի վարձատրությունը սահմանել ոչ թե եվրոյով, այլ՝ ՀՀ դրամով, իսկ վճարումն իրականացնել ընկերության միջոցների հաշվին (վերջինս աղբյուրը ընդհանրապես նախատեսված չէ պայմանագրում), ինչպես նաև ընդյալնել հավատարմագրային կառավարիչի լիազորությունները՝ տալով ընկերության աուդիտն իրականացնող անձի ընտրության, ընկերության ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ստեղծման, դրանց կանոնադրությունների հաստատման, դրանց գործունեության նպատակահարմարության վերանայման և լուծարման մասին որոշում ընդունելու իրավունք, կանոնակարգել հավատարմագրային կառավարչի առաջարկությունները կառավարման հիմնադրի կամ նրա լիազորված մարմնի կողմից համաձայնություն (առարկություն) ստանալու գործընթացը: Հաշվի առնելով հավատարմագրային կառավարիչի գործունեության ծրագրի 10 տարվա համար նախատեսված լինելը՝ ձեռք բերել նախնական պայմանավորվածություն հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը ևս 5 տարով երկարացնելու համար:
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից ոռոգման մեխանիկական համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով, ՀՀ կառավարությունը որոշել է լճից ջրառի ծավալն ավելացնել 20 մլն խոր. մետրով կամ տարեկան ջրաքանակը սահմանել 170.0 մլն խոր. մետր: Նշվել է, որ դա հիմնականում պայմանավորված է Հրազդան գետով նախատեսված բնական ելքերի նվազմամբ, Ապարանի ջրամբարից տրվելիք դոտացիայի անհնարինությամբ և ջրօգտագործողների կողմից ջրապահանջարկի ավելացմամբ: Ընդ որում, հաշվի առնելով 2008թ. ոռոգման շրջանի ընթացքում արձանագրված աննախադեպ բնակլիմայական պայմանները, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելում մասին» ՀՀ օրենքը (որը գտնվում է վավերացման փուլում)` համաձայն որի 2008թ. ոռոգման շրջանի ընթացքում Սևանա լճից ջրառը նախատեսվում է իրականացնել մինչև 240.0 մլն. խոր. մետր ջրաքանակի սահմաններում:
Կառավարությունը որոշել է նաև ՀՀ ԱԺ-ի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների շարունակությունն ապահովելու համար, ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԱԺ-ին 2008թ. ինն ամսում հատկացնել 226,300.0 հազար դրամ:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1540-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է գումար` 2008թ. հուլիսի 25-27-ը Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովը գումարելու նպատակով: Նույն որոշմամբ հանձնարարվել է կրթության և գիտության նախարարին` երրորդ եռամսյակում (աճողական 9 ամիս) հատկացված 10000.0 հազար դրամ գումարը տրամադրել «Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին 2008թ. ինն ամսում կհատկացվի 270.000.0 հազար դրամ, որից 70.000.0 հազար դրամ` Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ճոպանուղու տարածքի բարեկարգման համար, 200.000.0 հազար դրամ` Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի նոր դահուկային սահուղու կառուցման համար:
Կառավարությունը որոշել է Վենետիկում «Հայ-համաեվրոպական մշակույթի երկխոսության միջազգային կենտրոն» կազմակերպության տարածքի վարձակալման ծախսերը հոգալու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, հատկացնել 50.0 հազար եվրոյին համարժեք դրամ: Նշվել է, որ հիշյալ կենտրոնն իր գործունեության մեջ ընդգրկել է հայ արվեստի տարբեր ոլորտներում (երաժշտություն, կերպարվեստ, ճարտարապետություն, հրատարակչական արվեստ և այլն) առկա ձեռքբերումները մեկնաբանել համաեվրոպական լույսի ներքո:
Պետական գույքը մասնավորեցնելու մասին որոշմամբ կառավարությունը թույլատրել է «Ռադիո» ՓԲԸ (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորատուս) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 398 718 հազար դրամ հաշվեկշռային արժեքով (գնահատված արժեքը` 226 358 հազար դրամ) 15924,6 քմ մակերեսով անշարժ գույք (բացառությամբ ընկերության այն անշարժ գույքի, որոնք տեղակայված են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում չընդգրկված հողատարքծենրի վրա) և ընկերության հաշվեկշռում գտնվող բազմամյա տնկիներով (գնահատված արժեքը` 605 հազար դրամ)` վճարել այդ ընկերության կողմի տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշման հավելվածով առանձնացված գույքը կհանձնվի ՀՀ-ին` ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ վերջինս էլ` ընկերության հաշվեկշռում գտնվող բազմամյա տնկիներն անհատույց պետք է հանձնի Գեղարքունիքի մարզի Նորատուսի համայնքին: Գույքի առանձնացման գործընթացն օրենքով սահմանված կարգով ավարտելուց հետո, ընկերության բաժնետոմսերը կմասնավորեցվեն մրցույթով: