ուրբաթ, 18 հուլիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքը Պերճ Զեյթունցյանի 70-ամյակի առթիվ
Մեծարգո Պերճ Արմենակի
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:
Դուք, հիրավի, կերտել եք փայլուն ստեղծագործական կենսագրություն: 1960-ական թվականներին մուտք գործելով գրական աշխարհ` նոր շունչ բերեցիք և նորովի վերհանեցիք ժամանակակից մարդու ներաշխարհն ու հոգեկերտվածքը, որը մեծապես կապված էր հասարակական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխությունների հետ և որի անմիջական կրողը Ձեր կերտած գեղարվեստական կերպարն էր՝ մարդն ու քաղաքացին:
Ժանրային և թեմատիկ առումներով բազմազան են Ձեր հետաքրքրությունները՝ գեղարվեստական արձակ, պատմավիպասանություն, դրամատուրգիա, հրապարակախոսություն և այլն: Տարիներ շարունակ թատերաբեմերում խաղում են Ձեր պիեսները, որոնք չեն կորցնում իրենց այժմեականությունն ու շարունակում են հոգեկան բավականության զգացում պարգևել ամենախստապահանջ հանդիսատեսին:
Անուրանալի է Ձեր ներդրումը նաև իբրև հասարակական գործիչ: Երկար տարիներ պաշտոնավարելով որպես Հայաստանի գրողների միության քարտուղար և ՀՀ մշակույթի նախարար, Ձեր մեծ ներդրումն եք ունեցել նաև մշակութային և հասարակական կյանքում: Այսօր էլ շարունակում եք մտավորականի Ձեր ճշմարիտ կեցվածքով անմասն և անտարբեր չմնալ մեր պետության զարգացումներին:
Դուք միանգամայն արժանիորեն կրում եք նաև ՀՀ պետական բարձրագույն պարգևները:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում` երկար տարիների քաջառողջ և ստեղծագործական նորանոր նվաճումներով լեցուն բեղմնավոր կյանք: