հինգշաբթի, 17 հոկտեմբերի 2002
Այսօր տեղ ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։
Կառավարության որոշմամբ, ստեղծվեց ՀՀ ջրօգտագործողների ընկերությունների և դրանց միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ, հաստատվեցին դրա ֆինանսավորման աղբյուրները, կանոնադրությունը և գործադիր մարմնի կառուցվածքը։
ՀՀ ջրային օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշում ընդունեց նշված օրենսգրքով նախատեսված ջրային համակարգերի կառավարման լիազոր մարմին ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն։
Գործադիրը քննարկեց ՀՀ կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի աընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկը։ Որոշվեց այն վերանայել և որոշակի կրճատումներ կատարել։
Այսօրվա նիստում հաստատվեցին նաև ստոմատոլոգիական պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և որակավորման պահանջներն ու պայմանները։ Որոշման ընդունումը պայմանավորված է բնակչությանը որակյալ բժշկական ծառայության մատուցումն ապահովելու պահանջով։
Երևանի և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կարիքավոր ընտանիքների բնակարանային խնդիրները կարգավորելու նպատակով, 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց համար կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ կառավարման ակադեմիայի, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինության տակ գտնվող, ինչպես նաև «Առոջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գույքի կազմից, սահմանված կարգով առանձնացված մի շարք հանրակացարանային բնակելի տարածքներ նշված բնակիչներին սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին։
Վերջին տարիներին հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմամբ պայմանավորված մի շարք նոր մասնագիտությունների պահանջարկի մեծացումից ելնելով, կառավարությունը որոշեց լրացումներ կատարել 1997 թ. մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N154 որոշման մեջ։ Ըստ այդմ, հաստատված ցանկին ավելացվում են հեռահաղորդականության ֆիզիկա և տեխնիկա, ակտուար մաթեմատիկա, ագրոբիզնես և շուկայաբանություն, ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում, ագրոպարենային համակարգի խորհրդատվություն և տեղեկատվություն մասնագիտությունները։ Նշված մասնագիտությունների ներդրումը կատարվել է ՀՀ կառավարության կողմից բուհերին հատկացված պետպատվերի տեղերի շրջանակներում։
Նիստում որոշվեց նաև ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքի ավագանու համաձայնությամբ, նրա սեփականությունը հանդիսացող «Հույս» մանկատուն» ՓԲԸ-ի բաժնետոմսերը նվիրատվության ձևով ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելով ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանը։ Նույն որոշմամբ, «Հույս» մանկատուն» ՓԲԸ-ն վերակազմավորման ձևով վերակազմակերպվեց պետական ոչ առևտրային կազմակերպության։ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ենթակայությանը հանձնվեցին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի «Զատիկ» մանկատունը և «Հատուկ տիպի մանկատունը»։ Որոշումների ընդունման նպատակը մանկատների կառավարման համակարգի միավորումն է լիարժեք ֆինանսավորման ապահովման և աշխատանքների կանոնակարգման համար, ինչը նաև ս.թ. օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով ամրագրված նախապայմաններից է։
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի Աբովյան 58 հասցեում գտնվող «Բուժտեխնիկա» շենքի նկուղային և առաջին հարկերը նվիրաբերվեց Համահայկական երիտասարդական հիմնադրամին կենտրոն հիմնելու նպատակով, որտեղ նախատեսվում է երիտասարդների և ուսանողների համար համապատասխան պայմաններ ստեղծել կրթական ծրագրերի իրականացման, իրավաբանական խորհրդատվության, ազատ ժամերի կազմակերպման նպատակով։
Պետական բաժնեմասով առևտրային կազմակերպությունների գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացանելու նպատակով, գործադիրը որոշեց մի շարք տնտեսական ընկերությունների Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) կառավարման լիազորությունները վերապահել առևտրի և տնտեսական զարգացման, պետական գույքի կառավարման նախարարություններին։ Պետական գույքի կառավարման նախարությանը վերապահվեցին նաև մի շարք ձեռնարկությունների հիմնադրի լիազորությունները։ Մեկ այլ որոշմամբ, «Հակագնագոյացման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործառնություններն իրականացնող լիազոր մարմին ճանաչվեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը։
Նիստում հաստատվեց ՀՀ պետական լիազոր մարմնից մեկ այլ պետական լիազոր մարմին զինծառայողներին տեղափոխելու կարգը։
Կառավարության անդամները համաձայնություն տվեցին նաև «Մրցակցության զարգացման ոլորտում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների համագործակցության մասին» համաձայնագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2003 թվականի արտադրական կոոպերացիայով ապրանքների մատակարարումների մասին» արձանագրության կնքման առաջարկություններին։
Գործադիրը քննարկեց և հաստատեց մաքսային ծառայության անցելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը։
Առանձին որոշումներով հաստատվեցին Տավուշի մարզի Կողբի, Բերդավանի, Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները։
Որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերալ։