չորեքշաբթի, 23 հուլիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պուիչին: Հանդիպմանն անդրադարձ է եղել «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» ԵԽԽՎ 1609 բանաձևի և դրա կատարման մասին ԵԽԽՎ 1620 բանաձևի առաջարկությունների կատարման ընթացքին:
ԵԽԽՎ նախագահը զրույցի սկզբում ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդում ոչ ոք չի ցանկանում Հայաստանը դժվարին վիճակում լինի, ուստի, ինչպես մինչ այս Հայաստան ժամանած ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը, այնպես էլ ինքը, եկել է խրախուսելու, քաջալերելու, որպեսզի երկիրն առաջ ընթանա և հաջողություններ արձանագրի վերոնշյալ բանաձևերի իրականացման գործում ու բնականոն հուն մտնի:
ԵԽԽՎ նախագահը ՀՀ վարչապետի հետ խոսել է մասնավորապես մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ ճշմարտության վերհանման անհրաժեշտության, այդ համատեքստում` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության և վերջինիս հետ կապված, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացրած` անկախ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկության, ինչպես նաև` մարտյան դեպքերի կապակցությամբ կալանավորված անձանց, Ազգային հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ԶԼՄ-ների գործունեության համար լիակատար ազատության ապահովման հնարավորությունների, ընդդիմության լիազորությունների ընդլայնման հարցերի շուրջ:
Վկայակոչելով Վեհաժողովի 1620 բանաձևը, պարոն Լուիս Մարի դե Պուիչը գոհունակություն է հայտնել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումը ԵԽ չափանիշներին համապատասխանեցնելու կապակցությամբ:
Անդրադառնալով կալանավորվածների խնդրին, ԵԽԽՎ նախագահը նշել է, թե Եվրախորհուրդը չի կարող հանդուրժել, որ անդամ երկրներից որևէ մեկում քաղբանտարկյալներ լինեն. «Դա ընդունելի չէ ԵԽ-ի համար: Խոսքը, սակայն, չի վերաբերվում հանցանք կատարած մարդկանց: Եթե բռնությամբ ուղեկցված հանցագործություններ են կատարվել, պետք է տարբերակել. դրանք քաղաքականության հետ կապ չունեն: Ինչ դուրս է քրեական ոլորտից` անհրաժեշտ է հաշվի առնել և ազատ արձակել այդ ամենի հետ կապ չունեցող բանտարկյալներին»,- ասել է Լուիս Մարի դե Պուիչը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին օգնելու` ԵԽԽՎ նախագահի անկեղծ ցանկության համար, համոզվածություն հայտնելով, որ Վեհաժողովի առաքելությունը կօգնի լուծելու առկա բազամթիվ խնդիրները: Նա նշել է, որ այդ խնդիրների լուծման գործում իշխանություններն ավելի մեծ պատասխանատվություն են կրում, և դա քաջ գիտակցում են` հանդես գալով առկա խնդիրների լուծմանը միտված շատ որոշակի նախաձեռնություններով: Վարչապետը, մասնավորապես, խոսել է հասարակական կազմակերպությունների, ընդդիմության ներկայացուցիչների հետ կառավարության լայն համագործակցության մասին, նշելով, որ տարբեր առիթներով հրապարակավ հրավիրել է ընդդիմությանը մասնակցելու հակակոռուպցիոն նոր ծրագրի մշակման աշխատանքին, այնուհետ նաև` ներգրավվելու ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքի մոնիտորինգի իրականացման գործում: Հասարակությանը մտահոգող տարբեր խնդիրների շուրջ կառավարությունում հրավիրվող քննարկումներին, խորհրդակցություններին, ըստ վարչապետի, հրավիրվում են ընդդիմության ներկայացուցիչներ, նրանք ներկա են լինում նաև կառավարության նիստերին և այլն. «Մենք շարունակելու ենք ընդդիմության հետ կամուրջներ կառուցելու մեր նախաձեռնությունը, և եթե այդպիսի հնարավորությունից ընդդիմությունը օգտվի, իրավիճակը մեր երկրում կփոխվի», -ասել է վարչապետը:
Ինչ վերաբերվում է այն անձանց, ում նկատմամբ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացնում, Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, իշխանությունները լիակատար հասկանում են խնդրի լրջությունը, և բոլորի համար ակնհայտ է, որ այդ դատավարությունների քաղաքականացումը խիստ վտանգավոր է երկրի համար: Ուստի ամեն ինչ արվում է, որպեսզի օրենքի որևէ նորմ Հայաստանում չխախտվի:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Օգտվելով ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման առիթից, ՀՀ վարչապետն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ հունիսյան նստաշրջանում ընդունված այն ձևակերպման հետ, ըստ որի` Ադրբեջանի ժողովրդավարության զարգացումը կապվում է տարածքային ամբողջականության վերականգնաման հետ: Վարչապետը նման ձևակերպումը համարել է խիստ վտանգավոր, ներկա բանակցային գործընթացը վտանգող ու եվրոպական արժեհամակարգին, հիմնարար դրույթներին ոչ հարիր մոտեցում: Տարածքային ամբողջականության սկզբունքը, ըստ վարչապետի, միջազգային իրավունքի համահավասար նորմ է, ինչպես ինքնորոշման իրավունքը, և պնդել, թե Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների զարգացումը դժվար է առանց տարածքային ամբողջականության վերականգնման, հետ քայլ է ԵԽԽՎ որդեգրած արժեքներից: