չորեքշաբթի, 23 հուլիսի 2008
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Քննարկվել են «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի վերանայման սկզբունքներն ու տարբերակները, վերոնշյալ ՊՈԱԿ-ի և GFA Consulting Group ընկերության միջև 2007թ. դեկտեմբերի 25-ին ստորագրված ֆինանսական գործակալի պայմանագրի հավելված հանդիսացող ֆինանսական հաշվետվողականության պլանը, ինչպես նաև «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի մոնիտորինգի և գնահատման բաղադրիչի շրջանակներում գյուղատնտեսական գործունեության հետազոտության հաջորդ փուլերի համար խորհրդատվական ծառայությունների մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները: Նշվել է, որ 2006թ. մարտի 27-ին ՀՀ կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի, միջև ստորագրված համաձայնագրում «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսության ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի համար նախատեսված 108, 590,000 ԱՄՆ դոլարի շրջանակներում ծրագրվում էր իրականացնել 7 ջրամբարի, 6 մայր ջրանցքի, 18 ինքնահոս համակարգի, 68 պոմպակայանի, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի և երրորդ կարգի ջրանցքերի վերականգնման շինարարական աշխատանքներ, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում, այդ աշխատանքների նախնական և վերջնական նախագծում: Սակայն հաշվի առնելով վերջին երկու տարիներին ԱՄՆ դոլարի արժեզրկումը և շինարարական ապրանքների/աշխատանքների գնաճը, ակնհայտ է, որ նախատեսված գումարով այժմ հնարավոր չէ իրականացնել ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները: Հաշվի առնելով վերոնշյալը, ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը և ՀՄԿ-ն, ՀՄԿ-ի մասնագիտացված փորձագետ «Ջեյկոբս» ընկերության հետ համատեղ, եկել են համոզման, որ անհրաժեշտ է վերանայել ծրագիրը` նվազեցնելով և այն համապատասխանեցնելով առկա գումարի շրջանակներում իրականացման հնարավոր ծավալներին:
Խորհուրդը քննարկել և հաստատել է ֆինանսական հաշվետվողականության պլանը: Նշվել է, որ այն ծառայելու է որպես կանոնակարգ` Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայից «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ստացած դրամաշնորհի ֆինանսական կառավարման և գնումային գործընթացների իրականացման համար: Չի կարող իրականացվել որևէ ֆինանսական կամ գնումային գործարք, որը հակասում է Համաձայնագրին, Հատկացումների համաձայնագրին, Գնումային համաձայնագրին, Կառավարման համաձայնագրին կամ որևէ այլ հարակից փաստաթղթին: Ֆինանսական հաշվետվողականության մեջ ներգրավված են երկու հիմնական կողմեր. ՀՄՀ-Հայաստանը և ֆինանսական գործակալը: ՀՄՀ-Հայաստանի հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող իրականացնող կազմակերպությունները նույնպես պետք է առաջնորդվեն տվյալ ֆինանսական հաշվետվողականության պլանով սահմանված կանոններով: