ուրբաթ, 25 հուլիսի 2008
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքը «Բարեկամություն» պետական համույթի 20-ամյա հոբելյանի առթիվ
Շնորհավորում եմ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի 20-ամյա հոբելյանը:
Արդեն երկու տասնամյակ «Բարեկամություն» համույթը` ազգային մշակույթի ինքնատիպ ու հարուստ ավանդույթների պահպանմամբ, Հայաստանում և նրա սահմաններից դուրս ներկայացնում է հայ պարարվեստը` իր երկրպագուներին մշտապես գրավելով բարձրաճաշակ ու անկրկնելի կատարումներով: Համույթն ամենից առաջ ճանաչելի է իր բազմաժանր պարացանկով, ազգային, դասական և խորեոգրաֆիկ ոճերի համատեղման յուրահատկությամբ, մշակումներով ու ինքնատիպ մեկնաբանություններով: Պարախմբի կատարողական արվեստը մշտապես մասնագիտական բարձր գնահատականի է արժանացել ճանաչում ունեցող մշակութաբանների կողմից, ջերմ ընդունելության արժանանալով նաև արվեստասեր հասարակայնության շրջանում:
Անկասկած, համազգային մեծ սեր և հարգանք վայելող պարախմբի ստեղծագործական վերելքն ուղղակիորեն պայմանավորված է նրա հիմնադիր և ներկայիս գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի շնորհաշատ աշխատանքով: Նրա բեմադրությունները ստեղծեցին նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում: Մաեստրոն՝ իր պատասխանատու և պահանջկոտ կեցվածքով, միանգամայն արդարացիորեն վայելում է հարգանքի ու մեծարումի դափնիները:
Կրկին շնորհավորելով «Բարեկամություն» համույթին` 20-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ նոր նախաձեռնումներ ու վերելքներ, ստեղծագործական նվաճումներով առլեցուն օրեր: